Հունիսի 21-ին հետխորհրդային տարածքի տարբեր անկյուններում Վիկտոր Ցոյի երկրպագուներն ավանդաբար նշում են խորհրդային ռոքի լեգենդի ծննդյան օրը: Երեւանի Սիրահարների այգում էլ հունիսի 23-ին կանցկացվի ռոք փառատոն ՝ նվիրված Ցոյի հիշատակին: Երեւանյան ռոք փառատոնի կազմակերպիչը երգիչ Արմեն «Ցոյ» Սարգսյանն է:
«23 տարի առաջ, երբ սկսեցի երաժշտությամբ զբաղվել, սկսեցի հենց Վիկտոր Ցոյի երգերից: Հետաքրքրվում էի Ցոյի երաժշտությամբ, նրա մասին տեղեկություններ էի հավաքում, այդպես գնաց ու սկսեցի նմանակել իրեն թե երգերով, թե կերպարով: Հետագայում ինձ կնքեցին Արմեն «Ցոյ» բեմական անունով »,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նշեց Արմեն «Ցոյ» Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ անցյալ տարի հունիսի 24-ին են Վիկտոր Ցոյին նվիրված Ռուսական ռոքի փառատոն կազմակերպել՝ Ռոսսոտրուդնիչեստվոյի առաջարկով: Այս տարի եւս առաջարկն այս կազմակերպությունից է եղել: «Այս տարի նախատեսվում է հունիսի 23-ին անցկացնել երկրորդ՝ Ռուսական ռոք փառատոնը՝ նվիրված Վիկտոր Ցոյի հիշատակին: Ներգրավված է 6 մասնակից՝ 5 ռոք խումբ, մեկ մենակատարուհի»,-տեղեկացրեց Արմեն «Ցոյը»:Նա երաժշտասերներին հրավիրեց անպայման գալ Սիրահարների այգի, հավաստիացրեց, որ շատ լավ ծրագիր է լինելու. «Հունիսի 23-ին, ժամը 7-ին սպասում ենք, Цой жив!»:
Փառատոնի կազմակերպիչը ներկայացրեց մասնակիցներից HayWay ռոք խմբի վոկալիստ, կիթառահար Արման Սաֆարյանին: Արմանն ասաց, որ կոնկրետ իրենց խումբը կկատարի այլ ռուսական ռոք խմբերի «քավըրներ» ՝ վերակատարումներ: «Փակագծերը չենք բացի, միայն կասեմ, որ դրանք 80-ականների շատ հայտնի խմբերի երգեր են, հաստատ կձայնակցեք ու միասին կերգենք: Կարեւոր է նման փառատոների անցկացումը, ցանկալի կլիներ, որ նման փառատոներ շատ անցկացվեին՝ հնարավորություն ընձեռելով հայկական խմբերին ներկայացնել իրենց հեղինակային երգերը»,-նշեց երաժիշտը:
Արման Սաֆարյանը կոչ արեց մշակութային մենեջմենթով զբաղվող կազմակերպություններին նման ոճի ռոք փառատոներ կազմակերպել. «Այս փառատոնը կարեւոր է մի շարք առումներով, որովհետեւ նախ վկայում է հետխորհրդային ընդհանուր հումանիտար մշակութային տարածքի մասին, ինչը բացառիկ երեւույթ է: Նաեւ չեմ կարող չնշել այս ոճի ռուսական ռոքի ջատագովների, մասնավորապես Արմեն «Ցոյ» Սարգսյանի բացառիկ դերն այս գործում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ