Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարող համաձայնել, թե բյուջեում փող չկա․ ունենք եկամուտների գերհավաքագրում եւ ծախսերի թերակատարում»․ Գեւորգ Պապոյան

Հունիս 21,2023 12:47

«Չեմ կարող համաձայնել պարոն Խաչատրյանի հետ, թե բյուջեում փող չկա, այս պահին մենք ունենք եկամուտների գերհավաքագրում, դրա փոխարեն՝ ծախսերի թերակատարում»,- այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը։

Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, ըստ որի՝ կառավարությունը 92․3 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ է վերցնելու։

«Փող կա, բայց վերջնարդյունքում այն ծրագրերի համար, որոնք մենք նախանշում ենք, ինչ-որ բան գուցե տարվա վերջին պակասի, եթե, իհարկե, հավաքագրման տեմպերը պլանով գնան եւ չգերակատարվեն։ Մեր պակասուրդն ավելի քիչ է, քան մեր կապիտալ ծախսերը, սա թերեւս ամենալավ հիմնավորումն է այս ամենի, որովհետեւ մեր եկամուտները մեր ընթացիկ ծախսերն ամբողջովին սպասարկում են, հետեւաբար, ընթացիկ ծախս սպասարկելու համար կարիք չունենք նման վարկեր վերցնելու։ Եթե այս վարկային միջոցները մենք չվերցվենք, հենց կապիտալ ծախսերն են տուժելու։ Մենք ունենք միջոցներ, դրանք ուղղում ենք մեր թոշակներին, աշխատավարձերին, ընթացիկ պարտավորությունների կատարմանը»,- ասաց Պապոյանը։

Էդուարդ Հակոբյանը, պատասխանելով հարցին, բյուջեում փող կա՞, թե՞ ոչ, ասաց․ «Ծախսերի հիմնական բեռը գալիս է տարվա երկրորդ կեսին, այսինքն՝ երրորդ, չորրորդ եռամսյակին: Դա է նպատակը, որ մենք հիմա քայլ ենք կատարում, որ այդ համարժեք ռեսուրսները լինեն, եւ մենք հիմա կարողանանք պատշաճ ձեւով իրականացնել այն բոլոր ծախսային ծրագրերը, որոնք կան»։

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց վարկային համաձայնագիրը վավերացնելու նախագծին։ Գեւորգ Պապոյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի, որի օրակարգում կընդգրկվի նաեւ այս նախագիծը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930