Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԵԴ վճիռները պետք է կատարվեն, անդամ երկրները պետք է հարգեն իրենց պարտավորությունները»․ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը՝ Ադրբեջանի նկատմամբ վճռականություն ցուցաբերելու հարցի առիթով

Հունիս 21,2023 12:39

«Չեմ կարծում, թե գունավոր գծերով տարանջատումն այս մեծ կազմակերպության ոգուն համահունչ լավագույն մոտեցումն է»,-ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում այսպես արձագանքեց Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկևիչը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանի հարցին։

Արմեն Գեւորգյան

Արմեն Գևորգյանը ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի հետ հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց՝ ԱՄՆ նախագահ Բայդենը երկու անգամ հյուրընկալել է Ժողովրդավարության գագաթնաժողովը, որտեղ որոշ անդամ երկրներ չեն հրավիրվել ժողովրդավարական սկզբունքներից նահանջելու պատճառով: Դրանցից մեկը Ադրբեջանի Հանրապետությունն է, որը ոչ միայն խարխլել է ժողովրդավարության չափորոշիչներն ու օրենքի գերակայությունը, այլև տարածաշրջանում բնիկ հայ ժողովրդի էթնիկական զտման գործունեություն է ծավալում։ Այնուհետև հայ պատգամավորը հարցրեց՝ «Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը։ Ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը և կկանխի նոր պատերազմական հանցագործությունները»։

Էդգար Ռինկևիչը վստահեցրեց․ «ԵԽ նախարարների կոմիտեի նախագահության մեր դերում ընդհանուր մի սկզբունք ունենք՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերը, նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պետք է կատարվեն։ Յուրաքանչյուր անդամ պետություն պետք է պահպանի այդ նորմերը: Ինչպես արդեն ասացի՝ ի պատասխան հայ և ադրբեջանցի մեր գործընկերների հարցերին՝ մտադիր ենք խնդրել բոլոր անդամ երկրներին, որպեսզի իրականացնեն բոլոր կոնվենցիաները, նաև հարգեն բոլոր այն պարտավորությունները, որ երկրները ստանձնել են այս կազմակերպությանն անդամակցելիս։ Միշտ այս սկզբունքն ամեն ինչից վեր ենք դասելու»:

Նա հավաստիացրեց՝ լի են վճռականությամբ՝ ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անդամ-պետություն հավատարիմ մնա միջազգային իրավունքի հիմնական կանոնադրություններին և կոնվենցիաներին, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիաներին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930