ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն ասաց․ «Համաձայնագրով մենք նախատեսում ենք բյուջետային աջակցության վարկ վերցնել՝ 92․3 մլն եվրո գումարի չափով։ Ի՞նչ նպատակով է այդ վարկը վերցվում։ Առաջինը՝ 2023 թվականի պետական բյուջեով մենք պետք է բավարարենք մեր ֆինանսավորման կարիքները, այսինքն՝ մեր պակասուրդը ֆինանսավորենք։ Խոսքը 350 մլն դոլար արժեքով բյուջետային վարկ ներգրավելու մասին է։ Իհարկե, կան պակասուրդը ֆինանսավորելու տարբեր աղբյուրներ, բայց քանի որ խոսում եմ բյուջետային աջակցության վարկերի մասին, այս թիվն եմ հնչեցնում։ Այսինքն՝ այս 350 մլն պորտֆելի մի մասն է սա՝ գրեթե 100 մլն դոլարին համարժեք արժեքով»։
Փոխնախարարի խոսքով՝ մյուս հիմնական նպատակը բարեփոխումների օրակարգին աջակցությունն է։ Այս համաձայնագրի համար նախապայմաններ են հանդիսացել բազմաթիվ բարեփոխումներ ու միջոցառումներ, որոնք իրականացվել են։ Խոսքը երեք հիմնական ուղղություններով բարեփոխումների մասին է, առաջինը՝ կլիմայի փոփոխության մեղմումը եւ հարմարվողականության խթանումը, մյուսը՝ հավասարության ամրապնդումն ու մարդկային կապիտալի զարգացման խթանումը, եւ երրորդը՝ հակակոռուպցիոն եւ արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացումը։
Ըստ Էդուարդ Հակոբյանի՝ վարկի տոկոսադրույքն այսօրվա դրությամբ մոտ 3․8 տոկոս է, ժամկետը՝ 19 տարի, որից 15 տարին արտոնյալ։ Վճարումները լինելու են կիսամյակային։
Կարդացեք նաև
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Շնորհակալություն, որ ասացիք՝ սա բյուջետային աջակցության վարկ է։ Այսինքն՝ բյուջեում փող չկա, պա՞րտք եք վերցնում։ Այլապես կլիներ ծրագրային վարկ։ Այս 92․3 մլն եվրոն ինչի՞ վրա է գնալու»։
Էդուարդ Հակոբյանն ասաց, որ տողերով բացվածք չի կարող լինել նման դեպքում։ «Երբ բյուջեն հաստատվել է, հաստատվել են դրա ֆինանսավորման աղբյուրները, դրանք են՝ պարտատոմսերը, բյուջետային աջակցության վարկերը, ծրագրային վարկերը։ Հիմա, որ ասում ես՝ բյուջեում փող չկա, սա փողի աղբյուրներից մեկն է, որը ֆինանսավորում է բյուջեն։ Այսինքն՝ դա միջոց է, ֆինանսական ռեսուրս է, որը գալիս է ընդհանուր հաշվին եւ օգտագործվում այն ուղղություններով, որը հաստատվել է Ազգային ժողովում»,- նշեց փոխնախարարը։
Արթուր Խաչատրյանը պնդեց, որպեսզի ֆինանսների փոխնախարարը մանրամասն ներկայացնի, թե ինչի վրա է ծախսվելու այդ վարկը։ «Չկա այդպիսի տեղեկատվություն»,- արձագանքեց Էդուարդ Հակոբյանը։
«Այսինքն՝ ո՞նց եք պատկերացնում դուք, գալիս եք 92․3 մլն եվրոյով պարտքային բեռն ավելացնում եք, առանց ասելու, թե սա ինչի վրա է ծախսվելու։ Կարո՞ղ է հանկարծ 50 հազար եվրոյով նախարարները գնան ինչ-որ մի տեղ՝ փորձի փոխանակման»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
«Այդ հարցը նման է նրան, որ դուք հիմա ինձ ասեիք՝ կարո՞ղ եք ասել, թե հարկային եկամուտները տող առ տող ինչի վրա են ծախսվելու։ Այո, կարող ենք ասել՝ Պետական բյուջեի մասին օրենք գոյություն ունի, հարկային եկամուտները ծախսերի ֆինանսավորման աղբյուրներից մեկն են, բայց եթե դուք հարցնեք, թե հարկային եկամուտը ինչի՞ վրա է ծախսվում, պետական բյուջեի համապատասխան ծախսային հոդվածների»,- հավելեց փոխնախարարը։
Արթուր Խաչատրյանն ասաց, որ սա բավական թանկ վարկ է․ «Այսինքն՝ կրկնակի անորոշություններով, կրկնակի փոփոխականներով վարկ եք առաջարկում վերցնենք։ Եվ միեւնույն ժամանակ չենք էլ հասկանում՝ ինչի՞ համար ենք վերցնում։ Ինչո՞ւ ենք մտնում կրկնակի ռիսկի տակ»։
Էդուարդ Հակոբյանն ասաց, որ այսօրվա պայմաններում սա թանկ վարկ չէ, սա համարժեք վարկ է։ Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում փողը թանկացել է, սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել։ «Եվ այս տեսանկյունից՝ 3․8 տոկոսանոց վարկը պարտքի սպասարկման բեռի վրա ճնշում չի գործադրելու»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ