Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հրավառության նյութերը տանում ենք լիցենզավորման դաշտ, որ փոքրիկ Հովիկ Աղազարյանները պայթուցիկ նյութեր չսարքեն»․ հարսանիքներում այլեւս հրավառություններ չեն լինի

Հունիս 21,2023 11:26

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից նախագծերի փաթեթում կատարված փոփոխություններին։ Այս փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կողմից, դրանից հետո մինչեւ երկու ամսով հետաձգվել էր՝ փոփոխություններ կատարելու համար։ Փաթեթի հեղինակ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մանրամասնեց փոփոխությունները։

«Փաստացի նախագծի ընդունման դեպքում մենք ունենում ենք հետեւյալ պատկերը, որ օրենքի ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո՝ հրավառությունները հնարավոր կլինի ՀՀ ներմուծել եւ կիրառել բացառապես Հայաստանի տոնական օրերին կամ համայնքային ու պետական մասնակցությամբ միջոցառումների ընթացքում։ Փոքր հրավառությունների մասով մենք չենք սահմանափակում, այդ հրավառությունները կշարունակեն ներմուծվել ՀՀ եւ օգտագործվել մեր քաղաքացիների կողմից, սակայն քանի որ դրանց մեծ քանակությունը վտանգավորության աստիճան ունի, մենք սահմանում ենք սրա նկատմամբ որոշակի պահանջներ։ Մասնավորապես, լիցենզավորման ենթակա կլինի դրանց ներմուծումը, պահեստավորումը, առեւտուրը, արտադրությունը»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։ Ըստ նրա՝ վերահսկողության ուժեղացման արդյունքում էականորեն կկանխվի անչափահասներին հրագործական արտադրատեսակների վաճառքը, ինչն իր հերթին դրական ազդեցություն կունենա այդ ոլորտում արձանագրվող ցավալի վիճակագրության վրա։

Սիսակ Գաբրիելյանն ի պատասխան պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցի՝ ասաց․ «Հարսանիքներում այլեւս հրավառություն չի լինելու, մենք փաստացի այնպես ենք անում, որ մարդիկ չկարողանան գնել հրավառություն»։

Հովիկ Աղազարյանն ասաց․ «Երբ ես փոքր էի, մենք էն ժամանակ սարքում էինք ըտենց բաներ, բա հիմա անհանգստություն չկա՞, որ կսարքեն, եւ շատ ավելի վատ հետեւանքներ կլինեն»։ Սիսակ Գաբրիելյան արձագանքեց․ «Դե քանի որ դուք մեծացել եք, հուսով եմ՝ այլեւս այս տարիքում չես սարքի, այդ ռիսկը մի քիչ նվազել է։ Ապօրինի գործունեություն է, մի արեք այդպես։ Հիմա, երբ մենք այդ ամբողջ նյութերը տանում ենք լիցենզավորման ու վերահսկողության դաշտ, ինքը որոշակի առումով կանխում է, որ փոքրիկ Հովիկ Աղազարյանները պայթուցիկ նյութեր չսարքեն»։

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն անդրադարձավ գիշերային ժամերին հրավառությունների արգելքի հարցին եւ ասաց, որ այսօր կա առանց վերահսկողության ներմուծում, եւ կարող է լինել վաճառք՝ առանց վերահսկողության։ «Եթե հիմա, մինչեւ օրենքի ընդունումը, չի արգելվում, ենթադրվում է, որ ավելի շատ պետք է լինեն դեպքերը, որոնց պետք է արձագանքի ոստիկանությունը։ Հիմա է ավելի դժվար դա կազմակերպել, բայց նաեւ պետք է արձանագրենք, որ նման դեպքեր գրեթե չկան, շատ քիչ են համենայնդեպս»,- նշեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930