Վանաձորում մեկնարկել են մարզում միակ տիկնիկային թատրոնի հիմնանորոգման աշխատանքները, ինչի ավարտից հետո մանուկներն ու նրանց ծնողները ներկայացումները կվայելեն այլեւս բարեկարգված ու գեղեցիկ շենքային պայմաններում:
Aravot.am-ի հետ զրույցում տիկնիկային թատրոնի տնօրեն Սեւակ Սարգսյանն ասաց՝ հիմնանորոգումն իրականացվում է պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրով: Աշխատանքների ընթացքին զուգահեռ՝ տիկնիկային թատրոնի գործունեությունը չի տուժի. «Արդյունքում կունենանք ամբողջովին հիմնանորոգված տիկնիկային թատրոն, որը կունենա անհրաժեշտ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք են թատրոնին՝ լիարժեք ու պրոֆեսիոնալ գործունեություն ծավալելու համար»,-ասաց տնօրենը, նշելով, որ տիկնիկային թատրոնի շենքն ի սկզբանե եղել է ծաղկի սրահ. «92-94թթ-ին շենքը հարմարացրել են որպես թատրոնի շենք ու սկսել գործունեություն ծավալել: 94թ-ին արդեն շենքում խաղացել են առաջին ներկայացումը, որտեղ էլ մինչ օրս անխափան գործունեություն է ծավալվել»:
Հիմնանորոգման արդյունքում նորոգվելու են ճեմասրահները, կառուցվելու են սանհանգույցներ ու աշխատասենյակներ, բայց որ ամենակարեւորն է՝ թատրոնը վերջապես կունենա լոկալ ջեռուցում. «Վերջապես ամբողջ շենքը կունենա ջեռուցման համակարգ, դերասանները կունենան առանձնացված հանդերձասրահներ, առանձնացված աշխատասենյակներ ու փորձասենյակներ, ինչպես նաեւ սենյակ՝ սեմինար-քննարկումներ կազմակերպելու համար, եղած սանհանգույցները նորոգելուն զուգահեռ՝ նաեւ նորերը կկառուցվեն»:
Տնօրենն ասում է՝ տարիներ շարունակ թատրոնի շենքը ջեռուցվել է հատված-հատված՝ էլեկտրականությամբ ու գազով, ելնելով անվտանգության նորմերից. «Դահլիճում տեղադրված էին թե հոսանքի, եւ թե գազի վառարաններ, վերջին տարիներին նաեւ օդորակիչներ էինք ձեռք բերել: Ներկայումս արդեն օդորակիչները կծառայեն որպես այլընտրանքային միջոց, ամռանը՝ հովացման ու օդափոխության, ձմռանը՝ գազաֆիկացում չլինելու դեպքում՝ ջեռուցման»:
Կարդացեք նաև
Հիմնանորոգման արդյունքում շենքի արտաքին տեսքն ու հիմնակմախքը պահպանվելու է: 30 եւ ավելի տարիների ընթացքում թեպետ որոշակի կոսմետիկ ու փոքր նորոգումներ արվել էին, սակայն շենքը վաղուց արդեն ենթակա էր հիմնանորոգման: Վերջին տարիներին նորացված նստարանները հիմնանորոգումից հետո կրկին կծառայեն հանդիսատեսին:
Սեւակ Սարգսյանը վստահեցնում է՝ հիմնանորոգումն իրականացվելու է որակի խիստ պահպանմամբ՝ իր եւ համայնքային իշխանությունների կողմից: Տիկնիկային թատրոնը 13 աշխատակից ունի, որից 6-ը՝ դերասաններն են: Տարեկան ունենում են 60-70 ներկայացում:
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ