Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհարմար անցյալին»՝ բաց աչքերով

Հունիս 21,2023 10:00

Նիկոլայ Էպլեի «Անհարմար անցյալը» գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես են 20-րդ դարում տարբեր պետություններում կարողացել հաղթահարել պատմական տրավման: Ավելի ճիշտ՝ ինչպես են դա արել Արգենտինայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում: Իսկ ահա Խորհրդային Միությունում, հետո Ռուսաստանում չեն էլ փորձել հաղթահարել ստալինիզմը: Ավելին՝ Պուտինը 2002 թվականից սկսած՝ Խորհրդային Միության փլուզումը մեկնաբանում է որպես աղետ, ոչ թե՝ որպես ժամանակակից պետություն դառնալու հնարավորություն:

Հիշյալ երկրներից յուրաքանչյուրն ուներ ի՛ր յուրահատուկ խնդիրը: Մեզ համար ամենածանոթը նացիստական ժառանգությունը հաղթահարող Գերմանիան է: Այդ թեմայով հեղինակը ներկայացնում է մի բնորոշ դրվագ: 1946 թվականի հոկտեմբերին Գերմանիայի ավետարանչական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ, որում ընդունում էր իր պատասխանատվությունը նացիզմի հանցագործությունների համար: «Մենք պայքարել ենք, – ասված էր հայտարարության մեջ, – բայց մեր վկայությանը պակասում էր արիություն, մեր աղոթքին՝ նվիրվածություն, մեր հավատին՝ խանդավառություն, մեր սիրուն՝ կրակ»:

Այդ հայտարարությունը խիստ քննադատության արժանացավ: Գերմանացի «Պողոսները» կամ գուցե «Պաուլները» առաջ քաշեցին իրենց «ռեսենտիմենտը»՝ բողոքելով, որ Վերսալում (նկատի ունեին խաղաղ պայմանագիրը) նրանց ստորացրել են, Դրեզդենում ռմբակոծել են եւ հիմա էլ ռուսական ու ամերիկյան օկուպացիոն վարչակարգերն իրենց լավ չեն պահում: «Այնպես որ, – եզրակացրեցին «Պաուլները», – մենք զոհ ենք, մենք ոչ մի բանի համար պատասխանատու չենք, եւ, առավել եւս, ոչ մի բանում մեղավոր չենք»:

Բայց բանավեճին միացան ազգի հեղինակավոր մարդիկ՝ Թոմաս Մանը, Կարլ Յասպերսը, Բերտոլդ Բրեխտը, Մարտին Հայդեգերը, Թեոդոր Ադորնոն, եւ հարցը, ի վերջո, լուծվեց, այսպես ասած, «հօգուտ մեղքի եւ պատասխանատվության»:

Հիմա ես մտածում եմ. 2020 թվականի պարտությունը աղետ էր, որը դեռեւս չի էլ գիտակցվել որպես ազգային տրավմա: Այդ աղետի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն գրեթե ամեն օր մեղքը գցում է երկրորդական մեղավորների եւ պատասխանատուների վրա: Երեկ նա ելույթ է ունեցել իրեն փաստացի ենթակա «քննիչ հանձնաժողովում», որը, պարզ է, վերջնական եզրակացության մեջ կհաստատի նրա բոլոր պնդումները: Իսկ որտե՞ղ են հեղինակավոր մարդիկ, որոնք ոչ մի «թայֆայի» մեջ չկան եւ կփորձեն հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել:

Սկզբից, սակայն, հասարակությունը պետք է հասկանա, որ դա տրավմա էր, այնուհետեւ՝ որ այն պետք է հաղթահարել: Որից հետո՝ գիտակցի, որ հաղթահարելու համար նա պետք է լսի ճշմարտությունը, ոչ թե այս կամ այն կողմի քարոզչությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Իսկ որտե՞ղ են հեղինակավոր մարդիկ, որոնք ոչ մի «թայֆայի» մեջ չկան եւ կփորձեն հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել:»
    Շատ տեղին ու կարևոր դիտարկում է: Սակայն, ցավոք, բևեռացումն այնքան մեծ է ու դրան նպաստող գործիքներն այնքան շատ, որ ցանկացած կարծիք ավտոմատ կերպով դրա հեղինակին կգցի Ձեր ասած «թայֆաներից» մեկը: Ինտերնետը հասարակությունը զրկեց հեղինակություններից:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930