Լրահոս
Օրվա լրահոսը

Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան․ «Հակված չեմ հավատալու Արմեն Աշոտյանին ներկայացված մեղադրանքին»

Հունիս 21,2023 09:00

 «Ե՛վ իշխանությունը և՛ ընդդիմությունը հավասարապես պատասխանատու են երկրի ներսում տիրող մթնոլորտի համար: Երկու կողմերն էլ պետք է դուրս գան զգացմունքային դաշտից, հրաժարվեն միմյանց վիրավորելու, անվանարկելու, նսեմացնելու, հայհոյախոսության, էլ չեմ ասում՝ մարդկանց վրա թքելու անընդունելի սովորույթից»,–«Առավոտին» ասում է Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

-Սրբազան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումը։

-Ես կարծում եմ, որ պրն. Աշոտյանի ձերբակալության արձագանքը շատերի մոտ անմիջականորեն աղերսվում է իր ընդդիմադիր գործունեության հետ, իսկ ոմանք էլ պարզապես ճանաչելով նրա անձը՝ բացառում են առաջադրված մեղադրանքը, համարում են արհեստական, շինծու:

Ես հանգամանքի բերումով ժամանակին ի պաշտոնե կարճ շփումներ ունեցել եմ պրն. Աշոտյանի հետ, սակայն անձնապես չեմ ճանաչում նրան: Վերջին հինգ տարին հետևում եմ նրա քաղաքական գործունեությանը և այն գիծը, որ պաշտպանում է նա, հենվում է մի շարք կարևոր արժեքների և սկզբունքների վրա, որոնց մասին Հայոց Եկեղեցին հետևողականորեն բարձրաձայնում է՝ Արցախը ոչ մի դեպքում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ՀՀ-ն չի կարող հրաժարվել արցախահայության անվտանգության երաշխավորը լինելու պարտավորությունից և որ Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է: Աշոտյանը քաղաքական այս գծի ջատագովն է. իմ նշած երեք կետերն էլ սկզբունքային նշանակություն ունեն Արցախի և արցախահայության լինելիության համար: Եթե Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում, ապա հայությանը սպասվում է ոչնչացում, կուզեք կոչեք այն ցեղասպանություն, կուզեք կոչեք այն էթնիկ ատելություն կամ զտում: Այսօրվա մեր իշխանություններն են այս մասին քանիցս պաշտոնապես բարձրաձայնել, կարծում եմ, բոլորիս հայտնի փաստեր եմ ասում:

-Չե՞ք կարծում, որ Աշոտյանը քրեական հանցագործների հետ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում է հայտնվել վրիժառության՝ հենց այդ պատճառով, որ նա իշխանությունների դիրքորոշմանը տրամագծորեն հակառակ թեզն է զարգացնում, որ կոշտ քննադատության է ենթարկում նրանց վարած քաղաքականությունը, որակում է այն պարտվողական։

-Գիտեք ինչ, ես չեմ կարող որևէ պնդում անել Աշոտյանի մեղավոր կամ անմեղ լինելու վերաբերյալ: Ես ընդամենը կասեմ, որ հակված չեմ հավատալու ներկայացված մեղադրանքին: Մենք գիտենք, որ մեղավորները նախընտրում են լռել, մինչդեռ Աշոտյանն իր համոզումներն է պաշտպանում քաղաքացու և կուսակցական գործչի իրավունքով: Ավելին: Եթե չապացուցվեց Աշոտյանի հանցանքը, ապա օրվա իշխանությունը դժվարություն կունենա վաղը հանրությանը համոզելու, որ նրա ձերբակալությունը քաղաքական պատվեր չէր: Որևէ իշխանության համար ցանկալի չպիտի լիներ, որ հանրության մոտ տպավորություն ձևավորվեր, թե օգտագործվում են պետական լծակները մարդկանց ազատ խոսքի իրավունքը լռեցնելու համար: Այս իմաստով իշխանությունը պետք է զգայուն մոտեցում որդեգրի հանրային արձագանքի հանդեպ:

Ավելին: Օրվա իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ժողովրդավարությունն իրենց հիմնական ապրանքանիշն է: Ցանկացած իշխանություն ուժեղ է, երբ պատրաստ է լսել քննադատություն, կառուցողական մոտենալ դրան, այլ ոչ թե որդեգրել պաշտպանվողի քաղաքականությունը: Պետության և ազգի շահից բխող յուրաքանչյուր քննադատություն պետք է կառուցողաբար ընդունվի: Դա է թելադրում ճշմարտությունը, դա է պահանջում անաչառ մոտեցումը:

-Իսկ ինչպե՞ս կգնահատեք երկրի ներկա քաղաքական կացությունը։

-Միանշանակ լարված: Այսօր քաղաքական խոսույթում առկա անհանդուրժողականությունն ու ատելության խոսքը ավելի խորացնում են ներազգային պառակտումը, որից առաջին հերթին օգտվում է թշնամին: Մենք որքա՞ն խորն ենք մտածում այս մասին, դժվար է միանշանակ ասել: Ե՛վ իշխանությունը և՛ ընդդիմությունը հավասարապես պատասխանատու են երկրի ներսում տիրող մթնոլորտի համար: Երկու կողմերն էլ պետք է դուրս գան զգացմունքային դաշտից, հրաժարվեն միմյանց վիրավորելու, անվանարկելու, նսեմացնելու, հայհոյախոսության, էլ չեմ ասում՝ մարդկանց վրա թքելու անընդունելի սովորույթից:

Պայքարը պիտի կառուցել զուտ գաղափարական հենքի վրա, պայքարը չպիտի լինի հանուն իշխանության, այլ պայքարը պիտի լինի հանուն հայրենիքի, հանուն նրա լինելիության և հարատևման, հանուն ազգայինի և հայկականի: Մեր քաղաքական դաշտը կառողջանա, եթե այս սկզբունքը որդեգրվի իբրև ելակետ և՛ իշխանության և՛ ընդդիմության կողմից:

Վերջերս Մայր Աթոռ սբ, Էջմիածնի նախաձեռնությամբ մեկնարկված «Գավիթ» հարթակը կոչված է հենց այս առաջադրանքին ծառայելու, այն է՝ համախմբելու բոլոր կողմերին ներազգային կյանքը հուզող հարցերի շուրջ և լսելու տարբեր ձայներ և տեսակետներ, լուծումներ գտնելու ստեղծված մարտահրավերներին դիմակայելու, դրանք հաղթահարելու ուղղությամբ:

-Սակայն դատելով իշխանամերձ ԶԼՄ–ների արձագանքներից՝ կարծես թե իշխանության սրտով չէ Մայր Աթոռի այս ձեռնարկը։

-Կարծեմ իշխանությունից հրաժարվել են մասնակցել: Իմ համոզմամբ, բոլոր կողմերը սիրով պետք է ընդունեին հրավերը: Առաջինը, որովհետև հրավիրողը Մայր Աթոռ սբ. Էջմիածինն է, իսկ երկրորդը, որ «Գավիթը» հնարավորություն է ընձեռում տարբեր կողմերին լսելու միմյանց տեսակետներն ու փաստարկները:

Մայր Աթոռը ավելի քան մտահոգ է երկրի ներազգային և ներքաղաքական վիճակով, Մայր Աթոռը ձգտում է հանդուրժողականության, երկխոսության մթնոլորտ ստեղծել հանրային կյանքից ներս, և վերջապես՝ Մայր Աթոռի առաքելությունն է միաբանել, համախմբել ազգին, մանավանդ այս օրերին, երբ մեր միասնականությունից է կախված զարգացող իրադարձությունների ելքը և ոչ թե ով է մեզ ավելի շատ սիրում, ֆրանսիացի՞ն, թե՞ ամերիկացին: Այսօր, առավել քան երբևէ, մեր ազգին պետք է կրթենք հրաժարվել փրկիչներ փնտրելու պարզունակ պատրանքից և ապավինել սեփական ուժերին, այն իմաստությանն ու փորձառությանը, որի շնորհիվ պատմության ընթացքում, այդ թվում նաև արցախյան ազատամարտում, հաղթանակած ենք դուրս եկել դժվարությունների և փորձությունների միջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930