Դիպվածը պատահել է Հայրենական պատերազմի տարիներին
Վերստին զբաղված եմ մեր տոհմով եւ տոհմածառով։ Մերոնց խնդրել եմ անցքեր հիշեցնել գերդաստանների մասին։ Անձրեւահատի աղոթքի մասին հուշեց Թիֆլիսից՝ Ռաֆայելի կամ Ռափամու (ամին միշտ կպած եմ լսել) ճյուղից՝ Վազգենի թոռ Գեւորգի կինը՝ Իզաբելան։ Նա ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, եւ քառորդ դարից ավելի, մաթեմատիկա է դասավանդում Թբիլիսիի հայկական դպրոցում։
Եղելություն
…Հայրենական պատերազմի բոթը հասավ սարերի գլխին ծվարած Գեղարոտ: Տղամարդիկ մեկնեցին, գյուղը դատարկվեց: Տան, դաշտերի, կալերի, անասնագոմերի հոգսը մնաց կանանց ու տարեցների ուսերին: Պատերազմ մեկնողների թվում էին՝ գյուղում մեծ հարգանք ու պատիվ վայելող, Աբրոյենց տոհմի տասներկու քաջեր, որոնց թվում՝ Ռաֆայելի որդի Վազգենը։
Կարդացեք նաև
Ռաֆայելը՝ հինգ եղբայրների նման, ծանրաբարո, հարգարժան, ավանդապահ մարդ էր։ Անցած դարի սկզբին դպրոցի հինգ հոգաբարձուների թվում էին ինքը եւ եղբայրը՝ Ավագը։
Ռափամին վեց աղջիկ, չորս տղա ուներ։ Երկու տղան մահացել էին մանուկ հասակում, Հաբեթը հիվանդոտ էր։ Միայն Վազգենն էր ծնողների եւ վեց քույրերի հույսն ու ապավենը։ Վազգենը նրա երկրորդ կնոջ որդին էր, որին դեռ գրկանոց հասակից որդեգրել էր Ռափամին։ Ե՛վ ամին, ե՛ւ ազգականները շատ էին սիրում Վազգենին, իսկ Վազգենը պաշտում էր հորն ու ազգականներին…
…Ամեն բացվող օրվա հետ հույսեր կապելով, որ պատերազմը շուտով կավարտվի, որդիները տուն կվերադառնան, մամիկները՝ թոռների ձեռքները բռնած, այցելում էին գյուղի սրբավայրեր՝ Ժամ (Ս. Աստվածածին), Թուխ Մանուկ, Սուրբ Կիպրիանոս, Փոքրիկ Ավետարան, մոմեր վառում, խաչակնքում, համբուրում՝ մոմից ու համբույրից սեւացած քարերը, աղոթում.
-Հայր երկնավոր, ողորմյա քո արարածներին, տվածդ օրը բարի արա բոլորի համար, մեղքը, հիվանդությունը, պատերազմը չքանա աշխարհից, թող մեր որդիները ողջ եւ առողջ վերադառնան տուն։
Եվ մի կիրակի սրբավայր այցելողներին միացավ շարմաղ Անձրեւահատը, անունը՝ եզակի, ինքն էլ՝ սիրառատ, մաքրամաքուր՝ լցված Աստվածային սիրով։ Սերն է կենարար ուժը։ «…Եւ եթէ մարգարեութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները, եւ ամեն գիտութիւնը, եւ եթէ ամեն հաւատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չունենամ, ոչինչ եմ…» (Պողոս Առաքյալ, Թուղթ առ Կորնթացիս ԺԳ 2)։
Ի՞նչ հույսեր ու սպասումներ ուներ սրտում պահած ծոցվոր կինը, ի՞նչ էր աղերսելու գաղտնատես Աստծուց՝ բարով ծննդաբերեր, պատերազմ գնացածները ողջ եւ առողջ վերադառնան, խաղաղ երկնքի տակ մեծացնի առաջնեկին։ Պահել էր ավանդույթը՝ սրբավայր ուխտի էր գնում անոթի (թեեւ սովի տարի էր, ուտելու բան էլ չկար), որպեսզի ուխտը ընդունելի լիներ։ Հետը մատաղացու ոչինչ չուներ, պարզապես սրտում ուրիշ հրդեհ էր բռնկել։
Յոթ անգամ պտտվեց Մատուռի շուրջը, կանգնեց դռան մոտ, համբուրեց պատը, ծնկածալ մտավ ներս։ Մոմերը վառեց, խաչակնքեց, փակեց աչքերը եւ հուզմունքից դողահար մրմնջաց.
– Բարեգութ Աստված, մեռնեմ զորությանդ, երեսս՝ ոտքիդ տակ, աղերսանքս ընդունելի արա, փորինս թող քեզ մատաղ լինի, միայն թե ախպերս ողջ եւ առողջ վերադառնա պատերազմից…
Կարծեմ, այդ պահին բաց էր Աստծո լսելիքը, եւ աղոթքը հասավ երկինք։
Ոչ ոք չնկատեց, թե ինչ կատարվեց հուզախռով աղջկա ներսում։ Իր խոսքերից փլվեց, քանդուքարափ եղան սիրտն ու հոգին, հազիվ էր զսպում հեկեկոցը, իսկ արցունքները՝ վարար անձրեւի նման, հոսում էին այտերն ի վար։
Օրեր հետո, ի՞նչ ապրումներ ունեցավ նա, երբ պտուղն սկսեց խլրտալ կրծքի տակ:
Անցան ամիսներ, 1942թ. սկզբին, տատմոր ձեռքերով, ծնվում է Անձրեւահատի եւ Համբարձումի առաջնեկ որդին։ Պատերազմ էր ու սով, համեստ աչքալուսանք արեցին, երեխային կնքեցին Հենրիկ անունով։
– Այն աղոթքից հետո, կարծեմ, Անձրեւահատը կորցրել էր քուն ու հանգիստ։ Ի՞նչ զգացում էր ունենում, երբ գիրկն էր վերցնում նորածին մանկանը եւ կրծքով կերակրում։
Օրեր ու շաբաթներ անցան, երեխան հասակ առավ, դարձավ մի քանի ամսական։
Եվ մի չարագուշակ օր, փոքրիկը սկսում է լացել, մայրը վազում է, գրկում բարուրը, ավա՛ղ, արդեն ուշ էր՝ փոքրիկը՝ երեք անգամ «մա՛», «մա՛», «մա՝» ճչյունով, ավանդում է հոգին…
Գնացին-եկան գյուղում մնացած տարեցները՝ ցավակցելու, մխիթարելու որդեկորույս ծնողներին:
-Ճակատագիրն է,-ասաց մեկը։
-Աստված էր տվել՝ Աստված էլ տարավ,- ասում է մյուսը։
-Ջահել են, դեռ կունենան,- ավելացրեց երրորդը։
Անչափելի, անկշռելի էր Անձրեւահատի վիշտը։ Ոչ ոք չգիտեր նրա սրտի գաղտնիքը։ Մի օր չհամբերեց՝ արցունքախեղդ լինելով, հեկեկոցով խոստովանեց ամուսնուն աղոթքի մասին։ Ամուսինը՝ կայծակնահար եղածի նման, կարկամած, զայրացած նայում է կնոջը.
– Ինչո՞ւ, ինչո՞ւ մատաղացու գառ չխոստացար եւ երեխային մատաղ արեցիր…
Ահա մանանեխի հատիկի չափ հավատը։
Կորուստն ու ցավը քիչ էր, տանից դուրս գալիս, պատից քար սալիկն է ընկնում Անձրեւահատի գլխին։ Բայց՝ հրաշքով մնում է ողջ…
Պատերազմն ավարտվեց, եկան ու չեկան տղերքը։ Պատերազմի մասնակից 155 գեղարոտցիներից 53-ը զոհվեցին հանուն հայրենիքի, նրանց թվում՝ վեցը Աբրոյենցից։ Գյուղի հարավարեւելյան մասում, գյոլերի ափին, այսօր կանգնած է պատերազմում զոհված գեղարոտցիների հիշատակը հավերժացնող հուշակոթող:
Ճակատագիրը բարեհաճ գտնվեց Անձրեւահատի եղբոր՝ Վազգենի հանդեպ, գուցե քրոջ աղոթքը՝ առ Աստված, նրան փրկեց գնդակից, ով հետագայում դեռ պիտի յոթ որդով սեղան նստեր: Պատերազմից հետո Վազգենի եւ նրա երեք քույրերի ընտանիքները փոխադրվեցին Թիֆլիս։
Անձրեւահատը մխիթարվեց հետագայում ծնված չորս զավակներով, բայց մի՞թե մայրը կմոռանա առաջնեկի կորստի ցավը։ Կարծեմ, ողջ կյանքում աղոթքի հետ ուղեղում արձագանքեց որդու «մա՛» կանչը…
Անձրեւահատը վաղո’ւց թռել-գնացել է երկինք, հասել առաջնեկին, իսկ նրա աղերսանքի եւ անձնուրացության մասին եղելությունը մնաց, նաեւ Հենրիկի անունը ուշացած բազմեց տոհմածառի ճյուղին…
Ես նայում եմ մեր տոհմածառին, մի կողմից հպարտություն եմ զգում, որ ամուր արմատներով, եւ փարթամորեն աճող դալար շիվերով տոհմ ու տոհմածառ ունեմ, բայց նաեւ անասելի թախիծով է պարուրում հոգիս.
-Աստվա՛ծ իմ, ի՛նչ ճակատագրեր, ի՛նչ սիրո, կարոտի հազարավոր զրույցներ, պատմություններ, վիպերգեր են վերընձյուղվում մեր տոհմածառին։
Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Գերմանիա, Վիսբադեն
2023թ.
«Առավոտ» օրաթերթ
20.06.2023
Լուսանկարը՝ համացանցից