Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուռ խոսել եմ պատերազմի մասին»

Հունիս 21,2023 12:30

Նելլի Բարսեղյանի «Ես տեսնում եմ, ես չեմ կարող տեսնել» խորագրով ինստալյացիան Պրահայից մրցանակ է բերել Հայաստանին

Հայաստանն այս տարի առաջին անգամ արժանացել է Պրահայի 15-րդ միջազգային Քվադրինալեի մրցանակին: Մեր երկիրը ներկայացված էր Նելլի Բարսեղյանի «Ես տեսնում եմ, ես չեմ կարող տեսնել» խորագրով աշխատանքով։ Սա Նելլիի երրորդ մասնակցությունն էր Պրահայի Քվադրինալեին: Հայաստանի տաղավարի համադրող Նելլի Բարսեղյանին մրցանակը տրվեց  «Հրատապ իրավիճակներին արձագանքում՝ Երկրների եւ տարածաշրջանների ցուցահանդես» անվանակարգում, մրցանակն էլ հանձնեց ժյուրիի անդամ, Նորվեգիայի գեղարվեստի ակադեմիայի բեմական ձեւավորման ֆակուլտետի տնօրեն, պրոֆեսոր Սերժ վոն Արխը։

«Առավոտի» հետ զրույցում Նելլին որոշ մանրամասներ ներկայացրեց: Նա առաջին անգամ 2011-ին  է ներկայացել Քվադրինալեին՝ «Մաքրելով հիշողության փոշին» ցուցադրությամբ, երկրորդ անգամ 2015թ., երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, «Կարմիր կարկուտ» ինստալյացիայով: Վերջինիս գաղափարային հիմքը՝ հայ ազգին Ցեղասպանության ժամանակ օգնություն ցուցաբերած նորվեգուհի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի կողմից արված «Մի քանի փոքրիկ հայ աղջիկներ իրենց տիկնիկների հետ» վավերագրական լուսանկարի պատմությունն էր:


2023-ին Նելլիի աշխատանքն այլ բովանդակություն եւ իմաստ ուներ: «Ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ շատերիս Արցախյան թեմայից բացի, ուրիշ բան չի հետաքրքրում: Քվադրինալեի կողմից առաջարկվում էր ներկայացնել համավարակի եւ դրանից հետո եղած շրջանում թատրոնների գործողությունները եւ դա կապել սեփական տարածաշրջանի եզակի դեպքերի հետ: Ինձ համար, ինչպես արդեն նշեցի, ամենակարեւորը Արցախյան պատերազմի թեման էր, որը համընկավ համավարակի շրջանի հետ: Դա լրիվ նոր իրողություն էր մարդկանց համար, մարդիկ փորձում էին ելքեր գտնել այդ իրավիճակից դուրս գալու համար, երբ սկսվեց պատերազմը:

Ես փորձել եմ իրականությունը հնարավոր բոլոր անկյուններից ցույց տալ ու ստացել եմ պատերազմի ժամանակագրությունը: Ինստալյացիան հենց այդպես էլ կառուցված է, սկսվում է պատերազմը, ու այդ օրը  Գյումրու թատրոնի ռեժիսոր Արտուշ Միքայելյանի ծննդյան օրն էր: Այդպես ազդարարվում է ինստալյացիայի սկիզբը, շարունակվում է, ներկայացվում է Օպերային թատրոնը, Կամերային թատրոնը, Գյումրու թատրոնը՝  իրենց գործողություններով: Սկզբում պոետիկ տեքստ կա, որի հեղինակը Նարեկ Կոսմոսն է, մնացած ամեն բան վերցված է թերթերից: Ինձ մոտ լրիվ փաստագրություն է ստացվել, ես ոչ մի հորինած բան չունեմ:

Երկրորդը Արտուշի մտքերն ու զգացողություններն են, որովհետեւ ինքը պատերազմի կիզակետում է եղել, ժամկետային զինծառայող էր»,-ասում է Նելլին:

Հարցրինք՝ իր կարծիքով ինստալյացիան  ընկալելի՞ էր ոչ հային: Մեր զրուցակցի համոզմամբ՝ այո, ու այդ մասին են վկայում ստացված արձագանքներն ու գրավոր կարծիքները:

«Այցելուները գալիս, երկար նայում էին: Լուսանկարները եւ տեքստը համակցված էին կոնկրետ օբյեկտներով… Գյումրու թատրոնում, որտեղ գլխարկներ էին կարում, մի կտոր էր դրված, պատերազմի մասին խոսելիս,  դա ներկայացրել էի վառված փայտի կտորի միջոցով, 4  պլյուս վավերագրական լուսանկարչական կենտրոնից հրաշալի  լուսանկարներ էին տրամադրել Վաղինակ Ղազարյանը եւ Գայանե Հարությունյանը, լուսանկարներ էին տրամադրվել ֆոտոլուրից:  Եթե լուսանկարները չլինեին, ինստալյացիան այդքան ազդեցիկ չէր լինի: Ինչու եմ կարեւորում լուսանկարները, որովհետեւ ուզում էի ցույց տալ եւ առաջնագիծը, եւ թիկունքը»,-նշում է մեր զրուցակիցը:

Նելլին ասում է, թե փորձել է ներկայացնել՝ ինչպես արհավիրքներից կարող է ճկունությամբ փոխվել թատրոնը, փոխել իր տարածությունն  ու գործողությունները. «Մենք տեսնում  ենք օպերայի բեմը, որ պատերազմի օրերին  դարձել էր ցանցեր գործելու արտադրամաս, Գյումրու թատրոնի փորձասենյակը, որ դարձել էր կարի արտադրամաս եւ կամերային թատրոնը, որ սննդի, դեղորայքի եւ այլ իրերի հավաքագրման կետ էր դարձել»:

Հավելենք, որ Նելլի Բարսեղյանը Պրահա է մեկնել եւ նախագիծը ներկայացրել է առանց պետական աջակցության եւ հովանավորության՝ ներկայացնելով Հայաստանը ու մրցանակով պատիվ բերելով մեր երկրին: Ստեղծագործական խմբի կազմում էին Նարեկ Կոսմոսը, Գոռ Մարգարյանը, Արտուշ Միքայելյանը, իսկ ներկայացնող ընկերությունը Նելլի Բարսեղյանի հիմնադրած Սինոլաբ արվեստների լաբորատորիան էր:

«Ես չէի ուզում ճչալ պատերազմի մասին, այդ արհավիրքի մասին լուռ էր խոսվում, շատ զուսպ էր ամեն ինչ ներկայացված, ոչ միայն այն պատճառով, որ ֆինանսներ չունեինք, այլեւ կոնցեպտի առումով… Դա սեղանատիպ մի բան էր, որի վրա ափսեներ հիշեցնող օբյեկտներ էին շարված, ուզում  էի ասոցիացիա լիներ սեղանի, քանի որ շատ են ասում, որ մեր ճակատագիրը բանակցությունների սեղանին է որոշվում: Սփռոցը մաքուր չէր, կարկատած, վառված էր, իրականում մենք էլ մաքուր խաղերի մեջ չենք, մեր ճակատագիրն էլ սեղանին է… »,- ինստալյացիան ներկայացնում է Նելլի Բարսեղյանը: Հավելում է, թե չէր մտածում, որ մրցանակ ստանա, բայց վստահ էր, որ կհետաքրքրի ինստալյացիան, որովհետեւ բոլորովին այլ տեսանկյունից էր ամեն բան ներկայացված: Նախագիծը սկսվել էր հողով ու հողով ավարտվել: Սրա մեջ եւս մեծ խորհուրդ կա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ orer.eu-ից

«Առավոտ» օրաթերթ
20.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930