«Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ զրուցել ենք զայրույթի հաղթահարման ուղիների մասին։
Ինչո՞ւ ենք մենք զայրանում։
Զայրույթը բացասական հույզ է, որի առաջացման պատճառները կարող են լինել ֆրուստրացիաները, նպատակներին հասնելու դժվարությունները, վիրավորվածությունը, նյարդային գրգռվածությունը, անտեսվածության զգացումը և այլն։ Մարդիկ, օրինակ, զայրանում են, քանի որ հավատում են այն իռացիոնալ մտքին, որ մյուսները պետք է արդար վերաբերվեն իրենց կամ պարտավոր են վերաբերվել այնպես, ինչպես իրենք են սպասում կամ վարվում այլոց հետ։ Զայրանում են, քանի որ մտածում են, որ շրջապատող աշխարհը պետք է լինի այնպիսին, ինչպիսին իրենք են ցանկանում և պատկերացնում։ Մտածում են, որ պետք է ստանան այն, ինչն իրենց պետք է և համապատասխանաբար չպետք է ստանան այն, ինչը պետք չէ իրենց։ Զայրույթ առաջացնող մտածողության սխալները ներառում են ՝
–Մեղադրանքը, երբ մարդն իր անհաջողությունների մեջ մեղադրում է այլոց՝ մոռանալով, որ ինքն ունի ընտրության և իրավիճակն ինքնուրույն փոխելու հնարավորություն:
–Չափազանցումը, երբ թվում է, թե ամեն ինչ սարսափելի է, անտանելի, և մարդը մի կերպ է դիմանում։
Կարդացեք նաև
–Չափազանցված ընդհանրացումը, երբ առաջանում են մտքեր հետևյալ ձևակերպումներով՝ երբեք, միշտ, անընդհատ, ի վերուստ և այլն։
–Ընդհանրացումը, երբ խնդիրը վերագրվում է բոլորին, օրինակ՝ բոլոր երեխաները սովորել չեն սիրում, կանայք պահանջկոտ են, տղամարդիկ դավաճանող են և այլն:
–Ոչ ճիշտ գնահատականը, երբ մարդը «կարդում է» ուրիշի մտքերը, վերագրումներ կատարում, թե, ասենք, դուռը աղմուկով փակեց, ուրեմն ինձ բան էր հասկացնում, չհրավիրեց իր ծնունդին, որովհետև ես աղքատ եմ:
-Հրահանգը, երբ մարդուն թվում է, թե իր ցանկությունն օրենք է, և եթե չեն կատարում իր ուզածը, ուրեմն իր օրենքն են խախտում:
Այսպիսի պահանջմունքներն ու սպասելիքները քայքայիչ ազդեցություն են գործում՝ հեշտությամբ հասցնելով մարդուն ֆրուստրացիայի և զայրույթի։ Ընդ որում, նշենք, որ զայրույթը կարող է ունենալ հուզական վարակելիության դրսևորումներ, երբ այն, առաջանալով մի մարդու մոտ, կարող է տարածվել այլոց վրա՝ առաջացնելով հուզական ընդհանուր անբարենպաստ միջավայր հասարակության մեջ։
Ինչպե՞ս հաղթահարել զայրույթը։
Զայրույթը հաղթահարելուն կարող է նպաստել հետևյալ մտային վերլուծությունը՝
-Ընդունել, որ կյանքն ի սկզբանե անարդար է, և դա այդպես է եղել միշտ։
– Խուսափել «պետք է» և «պարտադիր է» արտահայտություններից՝ դրանք փոխարինելով «լավ կլիներ», «հաճելի կլիներ» արտահայտություններով։
– Մարդիկ միշտ չէ, որ տեղյակ են ձեր սպասումներից, և իրենք էլ ունեն իրենց սպասումները։
– Մարդն ունի իր ընտրության և պահանջմունքի իրավունքը և իրեն հատուկ վարքագիծը, սակայն չի նշանակում, որ եթե այն ձերից տարբեր է, ուրեմն վատ է։
– Եթե այդպես վարվեց, չի նշանակում, որ ինքը վատն է և բանի պետք չէ, գուցե և տհաճ էր կատարվածը և անհանգստացնող, բայց ոչ սարսափելի, չէ՞ որ այդ մարդը երբևէ լավ բաներ էլ է արել։
– Այն, ինչը քո ուզածով չէ, տարբեր է, չի նշանակում, որ վատ է։
– Եվ արդյո՞ք այն, ինչը ձեր ուզածով չեղավ, այդքան վատ է կամ իսկապես սարսափելի և անտանելի։
-Արդյո՞ք իրականում չես կարող տանել այն, ինչը պատահեց։
Իռացիոնալ մտածողության սխալների այլընտրանք են հետևյալ մտքերը՝
- Մեղադրանքի դեպքում կարելի է գիտակցել՝ «ուրիշներին մեղադրելով ես ինձ անօգնական եմ զգում, ի՞նչ կարող եմ ես անել, որ փոխեմ իրավիճակը․ նրանք անում են այն, ինչ իրենց է պետք, ես կանեմ այն, ինչ ինձ է պետք»:
- Երբ կա ամեն ինչ չափազանցելու միտում, ապա իրական աչքերով նայեք իրավիճակին, դա ուղղակի տհաճ է, բայց սարսափելի չէ, անկեղծ պատասխանեք ինքներդ ձեզ, թե ամեն դեպքում որքան վատ է դա և մաքսիմալ ճիշտ պատասխան գրեք թղթի վրա: Նույն իրավիճակի մեջ գտեք և՛ բացասական, և՛ դրական կողմեր:
- Երբ զայրույթի պատճառն ընդհանրացումն է, ապա խոսեք կոնկրետ արարքից, այլ ոչ թե ամբողջությամբ:
- Ոչ ճիշտ գնահատական․ հիշեք, որ դուք ընդամենը ենթադրում եք, այլ մարդու վարքի ճիշտ մոտիվները դեռ չգիտեք, գտեք այլընտրանքային բացատրություն, օրինակ՝ հնարավոր է և ուրիշ պատճառով է տեղի ունեցել այն, ինչը ձեզ զայրացրել է:
- Երբ ընդհանրացումը չափազանցնում եք, հիշեք իրավիճակ, երբ այդ մարդն իրեն այլ կերպ է պահել:
- Եվ, ի վերջո, կենտրոնանալով ձեր ցանկությունների վրա, «պետք է» բառը փոխարինեք ինձ «անհրաժեշտ է» բառով: Ես չեմ ստացել այն, ինչ ուզել եմ, բայց դա աշխարհի վերջը չէ: Մարդը արել է այն, ինչ իրեն է պետք եղել և ոչ թե ինձ:
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ