Ալիեւի ծավալապաշտական, ագրեսիվ պահանջները բավարարվում են
Կիրակի օրը տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Երեւան- Փարիզ շփումները խիստ անհանգստացնում են Բաքվին: Հայաստանի կողմից ինքնիշխանության անգամ թույլ դրսեւորումը Թուրքիան եւ Ադրբեջանը լրջագույն խնդիր են համարում: Ցավոք, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը գտնվելով արեւմտյան պատժամիջոցների ներքո, Հայաստանի կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ ի ցույց է դնում որոշակի անհանդուրժողականություն, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությանը հակազդելու առումով:
Ֆրանսիան օրերս զսպվածության եւ քաղաքացիական բնակչության պաշտպանության կոչով հանդես եկավ: Պաշտոնական Փարիզն ափսոսանք հայտնեց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի մի քանի կետերում վերջին օրերին տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ Հայաստանի տարածքում գտնվող Երասխում քաղաքացիական աշխատակազմի վրա կրակոցների կապակցությամբ, նշվում էր Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունում:
Հիշեցնենք, օրերս Երասխ էին այցելել Եվրամիության դիտորդական առաքելությունը, Հայաստանում չորս տասնյակ երկրների դեսպաններ եւ ռազմական կցորդներ: Ամերիկյան կապիտալի մասնակցությամբ կառուցվող գործարանի գնդակոծության կապակցությամբ մտահոգություն էր հայտնել նաեւ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:
Կարդացեք նաև
Ֆրանսիան զսպվածության, դեէսկալացիայի եւ խաղաղ բնակչության պաշտպանության կոչ է անում, «նաեւ վերահաստատում է իր աջակցությունը միջանցքում երթեւեկության վերականգնման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի կարգադրության լիարժեք իրականացմանը», – ասվում էր հայտարարությունում:
Փարիզը նաեւ իր հանձնառությունը հայտնեց նպաստելու խաղաղության վերականգնմանը՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները շարունակվել են ամենաբարձր մակարդակով հունիսի 1-ին Քիշնեւում` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ անցկացրեցին Ֆրանսիայի Հանրապետության նախագահի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Այս հանդիպումը նշանավորեց քննարկվող տարբեր թեմաներով առաջ շարժվելու կամքը, որոնք պետք է կարգավորվեն բացառապես բանակցությունների միջոցով», – ընդգծում է պաշտոնական Փարիզը: «Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար տիկին Կատրին Կոլոննան ապրիլին նաեւ այցելեց Հայաստան եւ Ադրբեջան՝ օգնելու երկու երկրներին առաջընթաց արձանագրել դեպի խաղաղության համաձայնագիրը։ Այդ ջանքերն իրականացվում են Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ սերտ համակարգմամբ», – ասված էր հայտարարությունում:
Պաշտոնական Բաքուն ջղաձիգ ընդունեց Փարիզի հայտարարությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, թե Ֆրանսիայի ԱԳՆ-ի հրապարակած «հայտարարությունն ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին տեղի ունեցած սադրանքի մասին կանխակալ է եւ չի արտացոլում իրավիճակը տարածաշրջանում»: Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե Ադրբեջանը միջազգային բոլոր նորմերին եւ կանոններին համաձայն, իբր, ապահովել է Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ հարյուրավոր հայ բնակիչների տեղաշարժը: Բաքուն հերթական անգամ նշում է, թե Ֆրանսիան կողմնակալ մոտեցում է դրսեւորում, «ինչը միայն ափսոսանք է առաջացնում»:
Այնուհետեւ ադրբեջանական ԱԳՆ-ն նշեց, թե «ֆրանսիական կողմն առայսօր չի արձագանքել այն հանգամանքին, որ Հայաստանը խաղաղ բնակչությանն ականների սպառնալիքին է ենթարկել, մոտ 30 տարի տեւած օկուպացիայի ընթացքում մշտապես թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը եւ սադրանքներով խոչընդոտում է ադրբեջանցիների արժանի եւ ապահով վերադարձը հայրենի հողեր»: Ապա Բաքուն պնդում է, թե «հայկական կողմը պարտավոր է վերջ տալ սադրանքներին, դուրս բերել ապօրինի զորամիավորումներն Ադրբեջանի տարածքից եւ կատարել հաղորդակցության ուղիները վերականգնելու պարտավորությունը»: Ադրբեջանական կողմը հավաստիացնում է, որ պատրաստ է բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները՝ միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հիմքի վրա: «Կոչ ենք անում Ֆրանսիային՝ նորից կողմնակալ դիրքորոշում ցուցաբերելով պարարտ հող չստեղծել գործընթացը խոչընդոտելու փորձերի համար», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
Անցյալ շաբաթ Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի վրա ադրբեջանական կողմի կրակոցներից երկու Հնդկաստանի քաղաքացի վիրավորվեց, Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով էլ ադրբեջանական եւ հայկական կողմերից մեկական զինծառայողներ վիրավորվեցին:
Հանգստյան օրերին Ադրբեջանի զինված ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արեւելյան (Վերին Շորժա, Սոթք) եւ հարավարեւելյան (Ներքին Հանդ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում հայկական կողմից իբր գնդակոծությունների մասին: Երեւանն ու Ստեփանակերտը պարբերաբար հերքում են Բաքվի հերթական կեղծիք ու ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրությունները: Այս վիճակն է արդեն մի քանի շաբաթ:
Ալիեւը ցույց է տալիս, որ Բաքվին հարկավոր չեն պայմանավորվածություններ, բանակցություններ` «խաղաղության» հաստատման վերաբերյալ, նրանք Հայաստանից ակնկալում են լիակատար հրաժարում Արցախից եւ միջանցքի տրամադրում: Այս նպատակների իրագործման ճանապարհին Բաքուն ընդդեմ ինքնիշխան Հայաստանի գործում է բաց, հրապարակավ այդ մասին հայտարարություններ է ունենում` պարբերաբար սպառնալով Հայաստանին: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ կրակոցները դրա վկայությունն էին:
Օրերս Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման փորձը կանխելու մասին հաղորդեց ԱԱԾ-ն, պնդելով՝ ադրբեջանցիները փորձել են դրոշ տեղադրել Հայաստանի տարածքում։ Կամրջին ադրբեջանական դրոշի տեղադրման տեսանյութերում նկատելի էր, որ գործընթացը հսկել, ինչու չէ` իրագործել են ռուս խաղաղապահները, բառացիորեն կենդանի պատ կազմելով։
Այս, իրավամբ` աղմկահարույց դեպքից հետո տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանին է ներկայացվել Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: ՀՀ արտգործնախարարությունից պատասխանելով «Ազատության» հարցերին՝ արդյոք դեսպանի այցը կապված էր Լաչինի միջանցքում երեկվա դեպքերի հետ եւ Մոսկվային բողոքի նոտա հղվե՞լ է, Հայաստանի ԱԳՆ-ից նշել էին. «Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու եւ իրավիճակը շտկելու ուղղությամբ»:
Ռադիոկայանը նաեւ հայտնեց, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մոտ մեկ ժամ հանդիպում է ունեցել արտգործնախարարությունում. «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպես է դեսպանը մտնում արտգործնախարարության շենք։ Թե ինչ հանդիպում է ունեցել ԱԳՆ-ում, Ռուսաստանի դեսպանը չէր մանրամասնել: «Ազատության» հարցին՝ արդյո՞ք դեսպանը կանչվել է ԱԳՆ Լաչինի միջանցքում տեղի ունեցող վերջին իրադարձություններով պայմանավորված, թե նախօրոք պլանավորված այց է, Կոպիրկինը չի պատասխանել։ Նա նաեւ որեւէ մեկնաբանություն չէր տվել, թե ինչպես է գնահատում Լաչինի միջանցքում խաղաղապահների գործողությունները։
Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունն, իրականում, հերթականն է, որը դարձյալ մեծ հարցեր է առաջացնում այդ առաքելության անաչառության, եւ առհասարակ նրանց գործունեության իրական նպատակների մասին: Հակարիի կամրջին ադրբեջանական դրոշի տեղադրման տեսանյութերում հստակ երեւում է, որ ռուս խաղաղապահները, այսպես ասած` մասնակից են եղել ադրբեջանական կողմի քայլերին։ Կարծես ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանն ու Ադրբեջանը գործում են համակարգված` ընդդեմ Հայաստանի:
Մոսկվան մի կողմից «գովազդում» է Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման ճանապարհին իր` միակ ու անփոխարինելի միջնորդի դերը, Երեւանին «լսեցնում» է, որ պայմանավորվածությունները պետք է մնան Մոսկվա-Երեւան-Բաքու պայմանավորվածությունների դաշտում, սակայն մյուս կողմից ռուսական կողմի գործողություններում նկատելի է ոչ միայն պաշտոնական Բաքվի ապօրինությունների վրա աչք փակելու գիծը, այլեւ` Ալիեւի ծավալապաշտական, ագրեսիվ պահանջները բավարարելու պատրաստակամությունը:
Անկախ նրանից, թե Մոսկվայի շահն ինչ է պահանջում, այս մասին չխոսելը, այս փաստերը չարձանագրելն օգուտ չեն բերում Հայաստան պետությանը, ավելին` էլ ավելի է բարդացնում մեր պետության վիճակը: Եթե մեր երկրում մեր պետության հանդեպ դրսեւորվող այս քաղաքականությունն ընդունելի կամ ինչ-ինչ պատճառներով նույնիսկ օրինաչափ է հարմարվում, ուրեմն, քաղաքական ուժերի կողմից անտեսումը դիտավորություն է:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 20.06.2023