Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում շեշտել է ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը

Հունիս 20,2023 21:25

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի աշխատանքների շրջանակում անդամ պետությունների ԱԳ նախարարներին հունիսի 20-ին Մինսկում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկաներին տեղեկացրել է տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների վերաբերյալ։

Նախարար Միրզոյանը, ևս մեկ անգամ հիշեցնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի մասին, անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի և միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողություններին, վերջին օրերին ՀՀ հետ սահմանին հայկական դիրքերի ու քաղաքացիական օբյեկտների թիրախավորմանը՝ ընդգծելով ընդհանուր տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցում դրանց ապակայունացնող ազդեցությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը։

ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված լարված իրավիճակին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում Ադրբեջանի սադրանքներին, հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպին, ինչպես նաև Լաչինի միջանցքի՝ վեց ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական խնդիրներին և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրականացման խորացող վտանգին։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նշյալ գործողությունները միտված են խոչընդոտելու Հարավային Կովկասում կայունության հասնելու՝ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանում կայունության և կանխատեսելիության ապահովմամբ շահագրգռված բոլոր կողմերի ջանքերը։

Ներկայացնելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի տեսլականը՝ Արարատ Միրզոյանը կարևորել է ուժի կամ ուժի սպառնալիքի քաղաքականությունից հրաժարվելու, կառուցողական երկխոսության միջոցով առկա խնդիրներին լուծումներ տալու, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրման առանցքային նշանակությունը։

Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին՝ նեղ և ընդլայնված կազմով:

Քննարկվել են նիստի օրակարգային հարցեր՝ ներառյալ ՀԱՊԿ գործունեության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։

ՀԱՊԿ նեղ կազմով նիստում ևս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում վերջին իրադարձություններին՝ ընդգծելով, որ ուժի կիրառմամբ հակամարտությունների սրացման և Հարավային Կովկասում անկայուն իրավիճակի ֆոնին առավել ակնհայտ է դառնում պայմանագրային պարտավորությունների անքննելի կատարման, ՀԱՊԿ կողմից պատշաճ եզրակացությունների, Հայաստանի սահմանների կոպիտ խախտումների վերաբերյալ հստակ գնահատականների կարևորությունը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930