«ԵԽԽՎ-ի կողմից հինգշաբթի օրը հրատապ ընթացակարգով քննարկման կազմակերպումը լավ հնարավորություն է այս խնդիրը քննարկելու համար»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Լատվիայի ԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդգարս Ռինկեվիկսը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ի կողմից Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից շրջափակման հարցով հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու որոշմանը։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը փաստեց՝ հակառակ տեղի ունեցող բանակցությունների, Ադրբեջանը բացեիբաց օգտագործում է ռազմական ուժ Հայաստանի դեմ՝ 2021-ից հարձակվելով և օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքներ, ինչպես նաև վերջերս Ադրբեջանը առաջ մղեց իր ագրեսիվ վարքագիծը՝ կրակի տակ պահելով Երասխում մետալուրգիական գործարանը։
Այնուհետև հարցրեց՝ ԵԽ նախարարների կոմիտեն ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու Լատվիայի նախագահության ներքո, որպեսզի հստակ գնահատական տրվի Ադրբեջանի կողմից ստանձնած հանձնառությունների բացահայտ արհամարհմանը։
Կարդացեք նաև
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը պատասխանեց․ «Մենք հույս ունենք, որ երկու երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը հակառակ բոլոր դժվարությունների ի վիճակի կլինեն համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի շուրջ։ Ես ողջունում եմ նաև երկխոսության, քաղաքական գործընթացների ինտենսիվացումը և հույս ունեմ, որ սա կհանգեցնի կոնկրետ և դրական արդյունքների։ ԵԽ-ն ունի դերակատարություն այս գործընթացում՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ երկխոսության համար։ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ անդամ դարձան 2001-ին և երկուսն էլ հանձնառություններ ստանձնեցին գտնել հակամարտության խաղաղ լուծում։ Այնպես որ, երկու երկրները պետք է քայլեր գործադրեն իրենց հանձնառություններին համապատասխան։ Մենք պետք է վստահ լինենք, որ բոլոր կողմերը հարգում են այս կազմակերպության արժեքները, ինչպես նաև իրենց քայլերն իրականացնում են՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։ Ապագայում մենք պետք է ավելի կենտրոնանանք քաղաքական գործընթացների վրա, քան փորձենք նայել անցյալին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ