Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխատանքի չհաճախած աշխատակիցների համար հաշվարկել և վճարել են ընդհանուր շուրջ 41.438.000 հազար դրամ աշխատավարձ.քրեական գործեր են հարուցվել

Հունիս 20,2023 19:00
dram

Aravot.am-ի տեղեկություններով՝ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում մի շարք աշխատակիցների անօրինական աշխատավարձերի հետ կապված:

Մասնավորապես՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում իրականացվող ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաեւ ՊԵԿ-ի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության եւ ՔՈԳ վարչությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019-2022 թթ ընթացքում որպես գլխամասի հսկիչ ընդունված Ա.Մ-ն տարբեր տարիներին պարբերաբար 3-4 ամիս բացակայել է հանրապետությունից,  սակայն ընկերության իրավասու աշխատակիցները իրենց ծառայողական լիազորությունները և ծառայողական դիրքից բխող հեղինակությունն օգտագործելով, իրենց վստահված գույքը հափշտակելու դիտավորությամբ ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարման տեղեկագրերում և ցուցակներում ներառել են Ա.Մ.-ի կողմից աշխատանքի հաճախելու մասին կեղծ տեղեկություններ, այնուհետև բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերն օգտագործելով դրել են շրջանառության մեջ, ինչի արդյունքում Ա.Մ.-ին ավել է հաշվարկվել և վճարվել շուրջ 850.000 դրամ աշխատավարձ:

Իրավապահ համակարգում ստացված տեղեկություններով՝ նույն ընկերության տարբեր հաստիքներում ձևակերպված 55 աշխատակիցներ, 2020-2022 թթ. զուգահեռ աշխատել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստեղծված կազմակերպություններում՝ դպրոցներում, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, բժշկական կենտրոնում, միաժամանակ 3 այլ վայրերում, վարձու աշխատակիցներ հանդիսանալու պայմաններում, ընկերության իրավասու աշխատակիցները իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, հիշյալ անձանց անվամբ հաշվարկել և վճարել են ընդհանուր շուրջ 41.438.000 հազար դրամ աշխատավարձ այդ կերպ հափշտակելով իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Aravot.am-ին հայտնեց, որ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:Վարույթը նախաձեռնվել է 3 ամիս առաջ: Ըստ քննչական կոմիտեի խոսնակի՝ ներկա դրությամբ քննությունը շարունակվում է, որեւէ անձի մեղադրանք դեռեւս չի առաջադրվել:

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930