20 հունիսի, Ստեփանակերտ: «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամները հունիսի 19-ին այցելել են շրջկենտրոն Մարտունի, ինչպես նաև բնակչության հետ հանդիպումներ ունեցել շրջանի Խնուշինակ և Գիշի համայնքներում՝ ներկայացնելով Շարժման նպատակը, անդամագրվելու կարգը, խոսելով Արցախի առջև ծառացած մարտահրավերների և միասնական ուժերով դրանց դիմագրավելու կարևորության մասին:
Խոսելով Շարժման գործունեության մասին՝ Շարժման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այն ուղղված է ոչ միայն արցախահայությանը, այլև Արցախի խնդրի շուրջ հայության համախմբմանը, և ներկայումս աշխատանքներ են տարվում նաև այդ ուղղությամբ. «Շատ կարևոր է ներգրավել Հայկական աշխարհը, մենք հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում, որովհետև Արցախը միայնակ չի կարող, Արցախն ու Հայաստանն առանց իրար չեն կարող ապրել։ Դրա համար կարևոր ենք համարում ստեղծել մարմին, որը կաջակցի Շարժմանը Հայաստանում ու Սփյուռքում, և կկարողանանք աշխարհին ցույց տալ, որ սա միայն արցախցիների խնդիրը չէ, այլ ողջ հայության»։
Խոսելով կարմիր գծերը պահպանելու կարևորության մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ դրանց խախտումը նշանակում է աստիճանական կորուստ ինքնուրույնությունից. «Երբ մենք խոսում էինք կարմիր գծերի մասին, մարդիկ ասում էին՝ ի՞նչ է կարմիր գիծը։ Կարմիր գիծն այն սահմանն է, որը եթե խախտվեց, նշանակում է՝ դու պետք է ենթարկվես: Անցակետի տեղադրումն այդ կարմիր գծերից մեկի խախտում է: Եթե այս կարմիր գիծը հատում են, հաջորդ քայլը կլինի անձնագիր բաժանելը, և այսպիսի աստիճանական քայլերով մեզ տանելու են Ադրբեջանի կազմ»։
Կարդացեք նաև
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Շարժումը դեմ չի արտահայտվում Ադրբեջանի հետ բանակցություններին. «Մենք ասում ենք, որ պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ այն դեպքում, եթե Ադրբեջանն Արցախն ընդունի իբրև կողմ, ոչ թե ինչպես հիմա՝ պահանջելով, որ Արցախի նախագահը հանձնվի, բոլոր պետական կառույցները լուծարվեն։ Այդպիսի պայմաններում դու ոչ մի բանակցություն չես կարող ունենալ, որովհետև դա նշանակում է՝ ենթարկվում ես։ Մեզ և Ադրբեջանի համար նոյեմբերի 9-ը և մայիսի 9-ը երկու տարբեր, հակադիր նշանակության օրեր են։ Մեզ մոտ մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրն է հաղթանակի օրը, իրենց մոտ՝ նոյեմբերի 9-ը։ Պատկերացրեք՝ ինչպե՞ս ենք մենք Ադրբեջանի կազմում նոյեմբերի 9-ը նշելու։ Դրա համար այն մարդիկ, ովքեր ասում են, թե հնարավոր է ապրել Ադրբեջանի կազմում, չեն պատկերացնում այդ իրականությունը»։
Շարժման համակարգողի խոսքով՝ կարմիր գիծ պահելը պետք է լինի ամեն օր, պետք է հստակ ասվի, որ ապօրինի անցակետի տեղադրումն անընդունելի է, և դա պետք է հնչի թե՛ պետական պաշտոնյաների, թե՛ քաղաքական գործիչների, թե՛ հասարակության կողմից:
Նա խոսել է նաև Շարժման գործունեության մասին՝ նշելով, որ այն մեկ անձով չէ պայմանավորված, չունի քաղաքական ձգտումներ, միակ նպատակը հայրենիքն է, որից բարձր արժեք չկա: «Շարժմանը միանալու ոչ մի սահմանափակում չկա, բոլոր նրանք, ովքեր դեմ են, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, կարող են դառնալ այս շարժման անդամ»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը: