«Ինքը էնտեղ ներկայացուցիչ է ունեցել՝ ի դեմս իր տեղակալների, փոխվարչապետների, ԱԺ նախագահի, մշտական ներկայացուցիչ է ունեցել Արցախում, ունեցել է այնտեղ ազգային անվտանգության ներկայացուցիչ, մշտական. բոլորը ստե՞լ են իրեն: Ընդունենք՝ հնարավոր է, որ բոլորը ստել են իրեն, այդ ժամանակ՝ ինքը ո՞վ է. հարց: Այդ հարցը կուղղեք իրեն»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի՝ քննիչ հանձնաժողովում Շուշիի անկմանը ու պատերազմական օրերին ԳՇ-ի աշխատանքին վերաբերող հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր, թե «Ի վերջո հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտն արված է։ Բայց այդ նախապատրաստական գործողություններից շատ չանցած՝ լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զարիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն, ըստ էության, փակել ճանապարհը։ Լուրն ինձ հաղորդեց Լեռնային Ղարաբաղի նախագահը, սակայն ԶՈՒ գլխավոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկատվությունը։ Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկությունն է ճիշտ։
Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա։ Ըստ էության, այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը… Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո երկրորդ, եւ այդպես շարունակ։ Ի վերջո նոյեմբերի 7-ի կեսօրին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին։ Սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր հրահանգներում, հրամաններում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի եւ ստացել էի հավաստիացում, որ կպահվի։ Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք՝ Շուշին պահել, հետ վերցնել։
Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին՝ օպերացիան հաջող է ընթանում, հետո՝ Շուշիի ներսում ենք։ Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը պաշպանության բանակի վերահսկողության տակ է։ Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հարձակումը կառավարության շենքի վրա և երբ 1-2 օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»։
Կարդացեք նաև
Մովսես Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ ԳՇ-ն, ինչպես Փաշինյանն է հայտնում, այդքան ոչ ճիշտ տեղեկատվություն զեկուցեր գլխավոր հրամանատարին կամ իրավիճակին չտիրապետեր, ի պատասխան պարոն Հակոբյանն ասաց․ «Ամեն ինչ հնարավոր է՝ եթե երկիրը անտեր է լինում, եթե ղեկավարը չի լինում, ամեն ինչ հնարավոր է, եթե չես կառավարում, ամեն ինչ հնարավոր է»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ պատերազմն ավելի շուտ դադարեցնելու փորձերին սկսած հոկտեմբերի 7-ից, երբ զանգել է ՌԴ նախագահ Պուտինի ծնունդը շնորհավորելու, Մովսես Հակոբյանը նկատեց. «Հարց առաջին՝ տարակուսանք չի առաջացնում այն, որ պատերազմը սկսել է սեպտեմբերի 27-ին, ինքը զանգում է ռազմավարական գործընկերոջը հոկտեմբերի 7-ին: Այստեղից պետք է սկսել՝ ինչու է հոկտեմբերի 7-ին զանգում, ինքը պետք է 27-ից զանգեր ռազմավարական գործընկերոջը, ներկայացներ իրավիճակը, խնդրեր, պահանջեր օգնություն: Զանգում է ամսի 7-ին, ինչո՞ւ: Երկրորդը՝ ամսի 7-ից հետո, էլ իրեն ոչ ոք չէր հարցնում, իր խոսքն այլեւս որեւէ դերակատարություն չուներ, արդեն թելադրում էր Ադրբեջանը»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե նոյեմբերի եռակողմ հայտարարությունը, որը ստորագրել է, ավելի լավն էր, քան առաջարկող մյուս տարբերակները, որտեղ կային Տավուշի մարզի անկլավների հարց, Սյունիքի միջանցքի հարց, Մովսես Հակոբյանն ասաց՝ չի կարող գնահատել ստորագրված փաստաթղթի լավն ու վատը. «Ես չեմ կարող գնահատական տալ՝ որն էր լավը, որն էր վատը: Ես գիտեմ, որ մենք այդ օրին չպետք է հասնեինք, որ հետո էլ քննարկեինք լավ ու վատը. լավ ու վատ չկա, կա վատ ու շատ վատ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ