ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Երևանի ավագ և հիմնական դպրոցների տնօրենների հետ՝ քննարկելու 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված դպրոցների կառավարման նոր մոդելի կիրառմանն առնչվող հարցեր:
Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչներ:
Խոսելով դպրոցների կառավարման նոր համակարգի մասին՝ Արաքսիա Սվաջյանը մանրամասնել է, որ, ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մոդելի, վարչական գործառույթներ են համարվում հաշվապահությունը, գնումների գործընթացը, սննդի և մաքրության կազմակերպումը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը:
«Օրենքով ամրագրված է, որ վարչատնտեսական կառավարումն առանձնացվելու է դպրոցների բովանդակային կառավարումից: Դպրոցի կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվում է տնօրենին՝ նրան տրամադրելով ժամանակ` բովանդակային գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու համար»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Կարդացեք նաև
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդները պետք է ներկայացնեն դպրոցի զարգացման իրենց ծրագիրը, որը պետք է հաստատվի` մասնագիտական փորձաքննությամբ: Արաքսիա Սվաջյանը կարևորել է ներկայացվող զարգացման ծրագրերի բովանդակությունը` շեշտելով, որ դրանք պետք է իրագործելի լինեն: Նա նաև հորդորել է` տնօրենների հավակնորդները պետք է խուսափեն զարգացման ծրագրի արտագրություններից. «Դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգավորմամբ՝ տնօրենի պաշտոնի հավակնորդի զարգացման ծրագիրը նախ անցնում է անկախ փորձաքննություն: Փորձաքննության արդյունքների հիման վրա մասնագիտական հանձնաժողովը քննարկում և համապատասխան լիազոր մարմնին է ներկայացնում հավակնորդի զարգացման ծրագրի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Այնուհետև անցկացնում է հարցազրույց դրական եզրակացություն ունեցող բոլոր հավակնորդների հետ, որի արդյունքում կարող է հավակնորդներից մեկի հետ (եթե դրանց թիվը մեկից ավելի է) կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով»:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև, որ կառավարման նոր համակարգը ներդրվում է այն դպրոցներում, որտեղ տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է օրենքի ուժի մեջ մտնելուց, այսինքն՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո:
Արաքսիա Սվաջյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչների ատեստավորմանը. «Այն ուսուցիչները, որոնք չեն մասնակցի կամավոր ատեստավորմանը, նրանց մասնագիտական գործունեությունը 2023 թվականի օգոստոսի 20-ից հետո դադարեցվելու է, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները: Նշված կարգավորումը չի տարածվի միջին մասնագիտական կրթությամբ այն ուսուցիչների վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և կապահովեն նվազագույնը 60 տոկոս արդյունք: 60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչները կհամարվեն ատեստավորված՝ առանց հավելավճարի հատկացման և դրույքաչափի փոփոխության: 70-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի դրույքաչափը կբարձրացվի և կտրվի համապատասխան տոկոսի չափով հավելավճար»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դպրոցների ֆինանսավորման նոր մոդելին վերաբերող հարցեր: Նոր կարգը կիրառվելու է 2023 թվականի սեպտեմբերից: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը տնօրեններին հորդորել է հետևել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքին՝ e-draft.am հարթակին, որտեղ ԿԳՄՍՆ-ի կողմից հանրային քննարկման է ներկայացվում բազմաթիվ նախագծեր և տալ դրանց վերաբերյալ առաջարկներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հաջորդ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին և օրենսդրական փոփոխությունների կիրառմանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ