ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 20-ին «Հանքարդյունաբերության խնդիրների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում էր կազմակերպել: Մասնակցում էին պատգամավորներ, Կառավարության պատասխանատուներ, «Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության» ՀԿ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ աշխատանքային քննարկումը նախաձեռնվել է` հաշվի առնելով ՀԿ-ի ուղարկած նամակը:
«Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ», «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը հայտնել է, որ վերջերս Կառավարությունն ընդունել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը, ինչը ողջունել է իրենց միությունը: Սակայն միայն ֆորմալ ռազմավարություն կամ տեսլական ունենալով` հնարավոր չէ զարգացնել այդ կարեւորագույն ոլորտը, կարծում է միության ղեկավարը: «Գուցե այնքան էլ նկատելի չէ, բայց ոլորտը ճգնաժամի մեջ է: Եթե Կառավարության կամ Ազգային ժողովի կողմից ոչինչ չարվի` ճգնաժամն ավելի կխորանա»,-ասել է Վարդան Ջհանյանը եւ հավելել, որ ճգնաժամի պատճառներից հիմնականը դրամի փոխարժեքի արժեւորումն է, ինչը ծանր հետեւանքներ է թողնում ոլորտի բոլոր արտադրողների եւ արտահանողների վրա: Մյուս պատճառը ներդրումների զգալի նվազումն է: Ըստ նրա` բացի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, մյուս բոլոր ընկերությունները խոր ճգնաժամի մեջ են, ունեն ֆինանսական խնդիրներ: Շատերը կանգնած են փակվելու վտանգի առաջ: Միության ղեկավարի կարծիքով` օրենսդիր եւ գործադիր մարմինները չեն անում այնպիսի զգալի քայլեր, որ ոլորտը գրավիչ դառնա ներդրողների համար: Ըստ նրա, ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է կամ հարկային արտոնություններ տալ, կամ որեւէ կերպ ազդել դրամի փոխարժեքի վրա:
Բարձրացված խնդիրներին անդրադարձել են պատգամավորներն ու Կառավարության ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ Կառավարության եւ Կենտրոնական բանկի նպատակները չեն տարբերվում հանքարդյունաբերողների նպատակներից: «Այստեղ խնդիրը ճիշտ բալանսը գտնելն է, որովհետեւ, եթե մենք հիմա ասում ենք, թե ԿԲ-ի գլխավոր նպատակը գների կայունության ապահովումն է, դա էլ է, ի վերջո, բերում տնտեսական նորմալ իրավիճակի: Որովհետեւ, եթե գների կայունությունը խախտվեց, տնտեսական աճ չենք ունենա: Ու չնայած, որ մենք որեւէ լծակ չունենք եւ չենք էլ ուզում միջամտել Կենտրոնական բանկի քաղաքականությանը, բայց այդ քննարկումները միշտ համաժամանակյա են կատարվում, քանի որ նպատակները նույնն են»,- նշել է Բաբկեն Թունյանը` պատրաստակամություն հայտնելով քննարկել ոլորտին աջակցության մեխանիզմները:
«Իրավական առումով ԱԺ-ն եւ Կառավարությունը նման գործառույթ չունեն, սահմանադրական նման պարտավորություն եւ իրավունք չունեն, ավելին` Կենտրոնական բանկը եւս չունի: Այլ հարց է, որ ԿԲ-ն, լինելով ֆինանսական կայունության եւ գնաճի պատասխանատու` Սահմանադրությամբ, կարող է իր գործիքակազմով` միայն այդ տրամաբանության մեջ, որոշակի գործառնություններ իրականացնել, ոչ ավելին: Բայց դա համարվում է ոչ ճիշտ»,- պարզաբանել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Նա հավելել է, որ շուկայական իրավիճակին պետք է հարմարվի տնտեսությունը: «Չի կարող պետության մեջ լինել այնպես, որ այլ ապրանքների գինը որոշվի մրցակցությամբ, իսկ փողի գինը որոշվի ֆիքսված տարբերակով»,-ասել է նա:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն էլ հայտնել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրի քննարկմանը միության ներկայացուցիչները մասնակցել են: Նրա խոսքով Կառավարությունն այդ փաստաթղթում նախանշել է կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների պլանը, որով պետք է շարժվի առաջիկա 10 տարում, որպեսզի ոլորտը դառնա ավելի կանխատեսելի: Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ Կառավարությունն ունի բարեխիղճ եւ երկարաժամկետ պլաններ ունեցող կազմակերպություններին աջակցության մի շարք ծրագրեր, որոնք գործում են: «Ուղիղ աջակցություն` գումարի տեսքով, Կառավարությունը բազմիցս ասել է, որ չի նախատեսում: Այդ աջակցությունը պետք է միտված լինի արտադրողականության ավելացմանը»,-ընդգծել է Հովհաննես Հարությունյանը: Նա Վարդան Ջհանյանին հորդորել է վերանայել ընկերությունների կառավարման ներքին քաղաքականությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն էլ չի համաձայնել այն տեսակետին, թե ներդրումները նվազում են:
Ամփոփելով աշխատանքային քննարկումը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ օրենսդիր մարմինը մշտապես պատրաստակամ է քննարկել աջակցության մեխանիզմների հարցը, եթե օրենսդրության հետ կապված հարցեր կլինեն:
ԱԺ