Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անգամ դանակը դնեիր թուրքի կոկորդին, ինքնակամ չէր գա Շուշի՝ 6000 հայի հետ ապրելու»․ Շուշիի քաղաքապետ

Հունիս 20,2023 17:38

 «Առավոտի» զրուցակիցն է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

-Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե եղե՞լ է Շուշին հայկական պահելու հնարավորություն, ասել է, որ 2020 թվականի պատերազմի օրերին ադրբեջանական կողմը առաջ է քաշել նախապայման, ըստ որի՝ ադրբեջանցի փախստականները, որոնք հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90%-ը, պետք է վերադառնային Շուշի: Նաեւ բոլոր ադրբեջանցիները պետք է անարգել հասանելիություն ունենային Շուշիին, եւ նրանց համար առանձին ճանապարհ պետք է կառուցվեր։ Փաշինյանը պարբերաբար առաջ է քաշում այդ թեզը, որ Շուշիի բնակչության մեծ մասը նախկինում ադրբեջանցիներ են եղել, եւ վերադարձի դեպքում, խնդիրներ կլինեին։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

-Եթե թշնամին Հադրութը չվերցներ, չմոտենար Շուշիի մատույցներին, ո՞նց կարող էր թուրքը գալ ու ինձ ասել՝ էդ տունն իմն է եղել, այդտեղից դուրս արի, ես գամ այդտեղ ապրեմ։ Դա հնարավոր չէր, ես իմ տանից դուրս չէի գա, եթե, իհարկե, Քաշաթաղի շրջանի օրինակով չստիպեին մարդկանց ու չասեին՝ դուրս եկեք տներից։ Եթե ստիպողաբար չհանեին, ոչ մի հայ դուրս չէր գա, իսկ թուրքը ինքնակամ չէր գա Շուշի։ Եթե անգամ դանակը դնեիր կոկորդին, թուրքը չէր գա Շուշի՝ հայի հետ ապրելու։ Ճիշտ է, իրենք հայտարարություններ արել են, որ փախստականները պետք է գան Շուշի, բայց դա անհնար էր, որ թուրքը գար մոտ 6000 հայ բնակչության հետ ապրեր։

Հետո՞ ինչ, որ հակամարտությունից առաջ Շուշիի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել, Շուշին բուն հայկական քաղաք է՝ իր ճարտարապետությամբ, ամեն քարով։ Հայերին կոտորելուց հետո՝ եկել լցվել են Շուշի, սկսել են շատանալ։ Ես կարծում եմ, որ Շուշիի հանձնումը սկսվել է հենց Հադրութից, եթե Հադրութում դեմները կանգնեին, Հադրութը չհանձնվեր, Շուշին չէր հանձնվի։ Մարտունու գյուղերում, եթե կանգնեին ու դիմադրեին, նրանք չէին հասնի Շուշի։

Եթե ասեմ Շուշիի համար մարտեր չեն ընթացել, սուտ կլինի, մարտնչել են, այնպես չէ, որ հեշտությամբ են վերցրել, ես այնտեղ եմ եղել։ Ուղղակի չգիտեինք, որ ծրագիրն այսպես էր՝ պետք է գային հասնեին Շուշի, որ կռիվը կանգներ։ Դե իրենք հայտարարել են, որ Շուշիի համար էին կռվում։

Հիմա Ալիեւն ասում է, որ ադրբեջանցի փախստականները պիտի գան ու ապրեն Հայաստանում։ Արդյոք դա ընդունելի՞ է։ Իհարկե, այս իշխանությունը դա կարող է ընդունել, բայց հնարավո՞ր է այդպես։ Իմ կարծիքով՝ հնարավոր չէ դա, նույնն էլ Շուշիի դեպքում է եղել։ Դրա փոխարեն՝ հայկական իշխանությունները պետք է հարց բարձրացնեին, որ Շահումյանը, Գյուլիստանը, Գանձակը, Սումգայիթը հայկական են եղել։ Թող ասեին՝ այդքանը տվեք, որպեսզի մենք էլ ասենք՝ թող փախստականները գան ապրեն։ Բայց իրենք համաձա՞յն են։

-Արցախը լիակատար շրջափակման մեջ է, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։

-Ես միշտ ասում եմ՝ փառք 1990-ական թվականներին, ոչ փառք այս օրերին։ 1990-ական թվականներին գոնե Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնականություն կար, պայքարում էինք մեկ նպատակի համար, որ Արցախը միանար Հայաստանին։ Այսօր Արցախը մենակ է մնացել։ Սփյուռքից էլ պաշտպանության կոչեր չենք լսում, իսկ Հայաստանի այսօրվա վարչապետից, Ազգային ժողովից ակնկալիք չկա։ Նրանք ավելի շատ են Ադրբեջանի օգտին խոսում, քան հենց Ադրբեջանը։ Այն, ինչ Ալիեւը պետք է ասի, մի երկու օր առաջ արդեն Հայաստանի իշխանությունն ասում է։ Իրենք Արցախին մենակ են թողնել, որ Ստեփանակերտն ուղիղ կապի մեջ մտնի Ադրբեջանի հետ ու սկսի բանակցել։ Բայց այդպես հնարավոր չէ, ո՞նց կարելի է երեխային ասել՝ գնա գայլի դեմ կռվիր։ Այսօր ահավոր վիճակ է ստեղծված արցախցիների համար, որովհետեւ մենակ են։ Այն ժամանակ կար Վազգեն Սարգսյանի նման անձնավորություն, շատ-շատ այլ մարդիկ, եթե Բերձորի միջանցքը փակ էր, գոնե ինքնաթիռով ու ուղղաթիռով կապ կար։ Այսօր դա էլ չկա, 100 տոկոսանոց շրջափակում է։

-Եթե Արցախը հանձնում են Ադրբեջանին, ի՞նչ է սպասվում Հայաստանին։

-Ժամանակին հիմար խավ կար, ասում էին՝ Արցախը տանք, գլուխներս հանգիստ կլինի, մեր տղաներն ինչո՞ւ են գնում Արցախում ծառայում։ Չգիտեին, որ եթե Արցախի դարպասը բացվեր, թուրքը գալու էր հասներ Երասխ։ Այսօր Երասխն Արարատյան դաշտավայրում է, տեսեք, թե ինչքան են խփում, ինչեր են կատարվում։ Ալիեւն արդեն ասում է, որ Երեւանն էլ է իրենցը, Սեւանա լճի մասին է խոսում։ Թիզ առ թիզ ուզում են, ես արձագանք չեմ տեսնում, չգիտեմ, թե մեր ժողովուրդն ինչո՞ւ է այսպես ընկճվել ու քնել։ Ոտքի չեն կանգնում ու չեն ասում՝ եթե Արցախը տվեցինք, հաջորդը Հայաստանն է։ Ավոն ասել է՝ եթե Արցախը տվեցինք, մեր պատմության վերջին էջն ենք փակելու։ Այսօր եթե Արցախը դիմադրում է, արցախցիների կյանքի գնով է, հատկապես այս օրերին, երբ սննդամթերքի պակասություն կա։ Չնայած կառավարությունն ամեն ինչ անում է, որ գոնե մինիմալ կարիքները հոգա, բայց այսպես երկար չի կարող շարունակվել։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930