Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում. 71 գյուղում ջուրը մեխանիկական եղանակով է հավաքվում

Հունիս 20,2023 17:34

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման շրջափակման 191-րդ օր
Համաձայն
Արցախի կառավարության թիվ 74 տեղեկագրի՝
20.06.2023
թ. դրությամբ

Արցախի շրջաններում հովհարային անջատումների պատճառով ջրի խնդիր է հասունանում

Մարտունու շրջանի որոշ գյուղերում մոտ մեկ ամիս է, ինչ ջրի սղության խնդիր կա․ հիմնականում օրական երկու ժամ է ջուր մատակարարվում բնակիչներին։

Շրջանների վարչակազմերի պատասխանատուներն ահազանգում են, որ Արցախի 71 գյուղում ջուրը մեխանիկական եղանակով է հավաքվում։ Խնդրի լուծման տարբերակ է պոմպակայաններում դիզելային գեներատորների տեղադրումը, ինչը դիզվառելիքի սղության պայմաններում հնարավոր չէ։ 

  • Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,460 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 25 դեպքով։
  • Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 492 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս դադարեցված լինելուց հետո վերջերս վերականգնված տեղափոխումները արդեն 6 օր է՝ լրիվությամբ ընդհատվել են։
  • Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
  • Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 206 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (191 օրվա ընթացքում մարդկանց 467,950-ի փոխարեն՝ 2,276 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 4 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 0 ելքի և մուտքի դեպք):
  • Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 61 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (191 օրվա ընթացքում 175,720-ի փոխարեն՝ 2,889  մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 4 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 0 մուտք և ելք:
  • Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (191 օրվա ընթացքում մոտ 76,400  տոննայի փոխարեն՝ 5,677  տոննա, որից վերջին 4 օրվա ընթացքում՝ միայն 0 տոննա):
  • Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 125 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 162 օր շարունակ: Դա հանգեցրել է  ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
  • 860  տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
  • Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11,000  մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
  • Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
  • Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 363 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 40 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը

Արցախի տեղեկատվական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930