«Պետք է կիրառվեն դատարանի կողմից որոշված հրատապ միջոցները՝ ապահովվի մարդկանց ազատ տեղաշարժը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում բարելավենք հումանիտար իրավիճակը Լաչինի միջանցքի շրջափակման պայմաններում»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ԵԽԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության անդամ, ALDE խմբի խոսնակ Միրել Կլապոն։
Նա նաև նշեց, որ իր մտահոգության առաջին առարկան Ուկրաինան է և Ուկրաինայի ժողովուրդը, քանի որ Ռուսաստանի ագրեսիան դեռ շարունակվում է, և արդեն մեկուկես տարի է։
Նրա համար երկրորդ կարևոր խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է․ «Վեհաժողովի հրատապ ընթացակարգով քննարկումը, հույս ունեմ այս հարցով կապահովի առաջընթաց»։
Նա նաև անդրադարձավ Թուրքիայում կազմակերպված ընտրություններին՝ նշելով, որ Ֆրանկ Շվաբեի գլխավորությամբ դիտորդական առաքելություն են իրականացրել։
Կարդացեք նաև
Նա Թուրքիայում կայացած ընտրությունները բնութագրեց արդար և լավ կազմակերպված․ «Այնուամենայնիվ, ընտրություններից շատ առաջ էր, որ խախտումներն ու հիմնարար իրավունքների սահմանափակումներն ազդեցին քվեարկության վրա։ Նախ` մամուլը, որը գործում էր Էրդողանի հովանու ներքո, երկրորդը՝ քարոզարշավը բևեռացված էր և աչքի էր ընկնում բորբոքող և սադրիչ հայտարարություններով։ Բացի այդ, կարծես թե իշխանությունը ոչ լեգիտիմ է օգտագործել հանրային ռեսուրսները՝ բնակչությանը ընտրական «նվերներ» առաջարկելով։ Ի վերջո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի անկախություն կառավարությունից և հրաժարվեց հանդիպել մեր պատվիրակության հետ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ