Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավիթ Տոնոյանը ընդամենը ասում էր՝ ուղիղ եթերով ես գամ ու Փաշինյանի հետ բանավիճեմ, չէ՛, շոուի հարթակ չի այստեղ». Անդրանիկ Քոչարյան

Հունիս 20,2023 16:43

Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իր համար վարչապետ Փաշինյանի ելույթը համոզիչ էր:

Aravot.am-ի հարցին՝ դուք քննիչ հանձնաժողովի նիստում Օնիկ Գասպարյանին ընդունելուց հետո գովեստի խոսքեր էիք ասում, թե՝ եթե ավելի շուտ լիներ ԳՇ պետ, բանակի բարեփոխումները առաջ կընկնեին, մինչդեռ վարչապետ Փաշինյանը նախընտրական քարոզարշավին ասում էր՝ ինքը պիտի Շուշիի անկման համար պատասխան տա դատարանում, այսօր էլ Շուշիի անկման մասին պատմելիս ասում էր, որ երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում հաստատել, որ ԼՂ նախագահի տված լուրն էր ճիշտ, սխալ է իրեն զեկուցել, դուք ձեր տեսակետը այս ամենից հետո փոխեցի՞ք, թե՞ չէ՝ նա պատասխանեց. «Ոչ, Օնիկ Գասպարյանի հետ կապված Քննչական կոմիտեում բազմաթիվ գործեր են քննվում, նաեւ Շուշիի անկման»: Հարցին՝ իսկ Իսկանդերի խայտառակ պատմությա՞ն՝ նա պատասխանեց. «Մենք այդ հարցը, երբ պարոն Գասպարյանը եղել է հանձնաժողովում, տվել ենք»:

Ճշտեցինք՝ իսկ որ սխալ է զեկուցել վարչապետին, այդ մասին հարցեր նույնպե՞ս տրվել են՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Սխալ զեկույց չի եղել: Այն աղյուսակը, որոնք հաստատված է եղել, հարցերի պատասխանները ստացել ենք»:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը այս ամենը թատրոն է համարում՝ նա արձագանքեց. «Իրենք ամեն ինչն են թատրոն համարում: Իրենք կարող են ամսի 27-ին գան, իրենց պատկերացրած թատրոնը դարձնեն կյանքին համահունչ գործընթաց: Իմ գնահատմամբ՝ ընդդիմության հրաժարումը մասնակցությունից պարզապես փաստերի հետ առնչվելու ցանկություն չունենալն էր»:

Թե ինչու Դավիթ Տոնոյանի առաջարկած սցենարը կյանքի չկոչեցին՝ նա պատասխանեց. «Որովհետեւ Տոնոյանն առաջարկում էր քննիչ հանձնաժողովը դարձնել տեսակետների բախման հարթակ: Չէ, քննիչ հանձնաժողովն ուներ իր ընթացակարգը: Առաջարկել ենք ամեն ինչ օրենքի սահմաններում ինքը գա այստեղ: Պարոն Տոնոյանը ընդամենը ասում էր՝ ուղիղ եթերով ես գամ ու Փաշինյանի հետ բանավիճեմ: Չէ, շոուի հարթակ չի այստեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930