Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք էստեղից տեղ չենք գնալու»․ Երասխի մետաղաձուլական գործարանում բարձրացվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները

Հունիս 20,2023 16:28

Երասխ գյուղում կառուցվող մետաղաձուլական գործարանի տարածքում այսօր «Ջի Թի Բի սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրների որոշմամբ տեղադրվեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները: Գործարանի տարածքում աշխատում էր տեխնիկան, իսկ մի քանի մետրից երևում էին ադրբեջանական դիրքերը:

Մենք Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշների բարձրացումով արձանագրում ենք, որ այստեղից չենք գնալու, և շարունակելու ենք գործարանի կառուցումը․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործարանի ներկայացուցիչ Տիրան Հակոբյանը:

«Մենք չենք ենթադրում, որ դրոշների բարձրացնելը մեզ ռազմական պաշտպանություն է տալու և այլն, դա ուղղակի արձանագրությունն է մեր տնօրենների խորհրդի որոշման: Մենք դրոշների բարձրացումով արձանագրում ենք մեր որոշումը, որ մենք այստեղից տեղ չենք գնալու և շարունակելու ենք գործարանի կառուցումը: Մեզ՝ այստեղ լինելու, գործունեություն ծավալելու, որևէ բան կառուցելու և չկառուցելու, համաձայնվելու և չհամաձայնվելու միակ օբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է: Հայաստանի Հանրապետությունից մենք ունենք այդ թույլտվությունը, և՛ ցանկությունը, և՛ օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը՝ այստեղ գործարանը կառուցելու»,-հայտարարեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը շինարարական տեխնիկան թիրախավորում է երկու պատճառով՝ վախեցնելու և տեխնիկան շարքից հանելու: «Առաջին կրակոցից հետո ամեն օր եղել են կրակոցներ: Դրոշների բարձրացումը զուտ հոգեբանական գործոն կարող է ունենալ իրենց վրա: Մենք շարունակելու ենք աշխատանքները՝ անկախ կրակել կամ չկրակելուց: Այս տարածքում պետք է կառուցենք գործարանը: Նրանք ինչ-որ պահի հասկանալու են, որ մենք չենք գնալու և խաղի այդ կանոններով չենք խաղալու»,-նշեց Տիրան Հակոբյանն ու հավելեց, որ ադրբեջանցիները երեկ թիրախավորել են գործարանի կռունկը, որի միջոցով իրենք բարձրացնում էին դրոշների ձողերը: Այսօր նույնիսկ դրոշների բարձրացումից հետո, ադրբեջանական կողմի կրակոցները դադարել էին, քանի որ Տիրան Հակոբյանի կարծիքով, լրագրողների ներկայությունը գործարանի տարածքում զսպող գործիք է նրանց համար:

«Բոլոր կրակոցներն արձանագրված են տեսաերիզներով և ֆոտոներով: Մենք դիմելու հնարավոր բոլոր միջազգային մարմիններին և օգտագործելու ենք բոլոր գործիքները թե՛ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում, թե՛ Եվրոպական միության, թե՛ ԱՄՆ-ի, որ իրենք հասկանան՝ ցանկացած կրակոց չի մնալու անպատասխան թե՛ օրենսդրական, թե՛ պաշտպանական դաշտում»:

Հարցին՝ եթե հակառակորդը կրկին այդպիսի քայլերի գնա, արդյոք ընկերությունը կդիմի՞ ԱՄՆ իշխանությունների միջամտությանը, Հակոբյանը պատասխանեց. «Մենք ԱՄՆ ներկայացուցիչների հետ՝ առաջին կրակոցից սկսած, ուղիղ կապի մեջ ենք: Նրանք ամբողջ պրոցեսից տեղյակ են, կարծում եմ՝ համապատասխան գործողություններ և հետևություններ արվում են»:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն պատճառաբանությանը, թե մետաղի մշակումը կարող է աղտոտել Արաքսը, Տիրան Հակոբյանն ասաց. «Ջրի հետ կապված որևէ ձև մենք չենք ազդում Արաքսին: Մենք գտնվում ենք մոտ 6 կմ հեռավորության վրա և ջուրը օգտագործում ենք մակերևութային ջրերը՝ փակ ցիկլով: Այսինքն՝ ջուրը մեր մոտ սպառվում է միայն գոլորշիացման տեսքով: Եվ Բնապահպանության նախարարությունը, և՛ անկախ փորձագետներն այդ մասին շատ մանրամասն հաղորդագրություններ են տարածել»:

Նա հավաստիացրեց, որ այսօրվանից շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները, որոշակի փոփոխություններ են կատարել աշխատակիցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Գործարանի շինաշխատանքների ավարտը նախատեսվում է այս տարվա ավարտին:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացում Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետաղաձուլական գործարանի ուղղությամբ: Հունիսի 14-ին նույն ուղղությամբ բացված կրակահերթերի հետևանքով վիրավորում էին ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Նույն օրը, ԵՄ դիտորդներն այցելել էին ադրբեջանական կրակոցների տակ գտնվող Երասխի մետաղաձուլական գործարանի տարածք:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930