Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ միայն Ադրբեջանին չեն դատապարտում, մի հատ էլ զենք մատակարարում, նրա պահանջների հիման վրա փաթեթ բերում ՀՀ-ին, սա է կազանյան ողջ գործընթացը». Փաշինյան

Հունիս 20,2023 15:40

«Ասում էին՝ վատագույն բանակցությունն ավելի լավ է, քան պատերազմը: Այս կարգախոսով նախ Ադրբեջանին պատերազմի պատրաստվելու ժամանակ էին տալիս, եւ հետո կապում էին Հայաստանի ձեռքերն ու ոտքերը, որ մի իքս պահի ՀՀ-ն ու Ղարաբաղը հայտնվեն անելանելի վիճակում»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Տեր-Պետրոսյանի քաղաքականության, Քոչարյանի՝ Ղարաբաղը բանակցությունների սեղանից դուրս թողնելու մոտիվացիայի մասին:

Նա մեջբերեց Սերժ Սարգսյանի հարցազրույցից հատված, որտեղ ասվում է, որ մենք մի քանի անգամ մոտ ենք եղել խնդրի լուծմանը, խոսքը 7 շրջաններից դուրս գալու մասին էր. «Սերժ Սարգսյանը պատերազմից հետո ասում էր՝ մենք ստացանք ԼՂ-ում համաժողովրդական հանրաքվե անցկացնելու խոստում, փաստացի սա նշանակում էր, որ հանրաքվեի ժամկետը պետք է որոշեր Ադրբեջանը: Հայաստանը շահագրգիռ է, որ հանրաքվեն շուտ լինի, Ադրբեջանը ուզում է, որ ուշ լինի, ժամկետը որոշելու համար հարկավոր է կոնսենսուս, փաստացի ստացվում է, որ վճռական ձայնը պատկանում է նրան, ով շահագրգռված է, որ հանրաքվեն կարող է կամուրջ լինի կամ ընդհանրապես չլինի: Այսինքն, գործնականում ստացվում է, որ հանրաքվեն կարող է չլինել: Որեւէ փաստաթղթում չի նշվում հանրաքվեի անցկացման վայրը»:

Փաշինյանի խոսքով՝ 2016-ի քառօրյա պատերազմը չի ավարտվել, բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել: Հայաստանի եւ Ադրբեջանի տարաձայնությունները փորձում են հարթել եւս մեկ անգամ Կրակովում՝ նշելով, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ, բայց չի ստացվում համաձայնության հասնել, ադրբեջանական կողմի համար անընդունելի է նաեւ այս տարբերակը, ընդ որում, ասվում էր, որ հենց առաջին փուլում պետք է վերադարձվեն Քելբաջարն ու Լաչինը:

Փաշինյանը խոսեց նաեւ «լավրովյան պլանի», կազանյան փաստաթղթի, Մադրիդյան փաստաթղթի մասին. «Կարեւոր է ընդգծել, որ Մադրիդյան սկզբունքներում ընդգծվում է Ադրբեջանի ուղիղ եւ անարգել ցամաքային կապը Ադրբեջանի հետ: Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը մտավ կազանյան բանակցությունների մեջ, իմ համոզմունքը հետեւյալն է՝ արեց, որպեսզի ցեմենտի, ամրագրի մադրիդյան սկզբունքներում արձանագրված բովանդակությունը առ այն, որ ԼՂ կարգավիճակի հետ կապված նախկին գործողությունները՝ ՀՀ ԳԽ-ի եւ ԼՂԻՄ ԱԺ-ի որոշումները վերամիավորման մասին, ԼՂ-ում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները դիվանագիտական եւ քաղաքական առումով զրոյանան: Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանը վետոյի իրավունք է ստացել ԼՂ կարգավիճակի հարցում: Իսկ Կազանում 2011-ին այդ վետոյի իրավունքը կիրառում է: Հայաստանին ներքաշելով այդ գործընթացի մեջ՝ այդ վետոյի իրավունքը կիրառում է, իսկ միջազգային հանրությունը ոչ միայն չի դատապարտում Ադրբեջանին, մի հատ էլ զենք են մատակարարում, մի հատ էլ նրա պահանջների հիման վրա բանակցային փաթեթ են ձեւավորում եւ բերում Հայաստանին տալիս: Սա է ամբողջ պատմությունը կազանյան գործընթացի»:

Այս ամենը ներկայացնելով՝ Փաշինյանն ասաց, որ բանակցությունները 2018-ի մայիսի դրությամբ սեփական կետից չսկսելու 2 տարբերակ կար. «Ադրբեջանը փաստացի պիտի ճանաչեր ԼՂ միջանկյալ կարգավիճակը կազանյան տրամաբանությամբ, նման բան տեղի ունենալ չէր կարող, ինչո՞ւ պիտի Ադրբեջանը ընդուներ մի բան, որը դեռ 7 տարի առաջ չէր ընդունել ու դրա համար քառօրյա պատերազմ սկսել ու չէր ավարտել: Երկրորդը՝ ես պետք է ոչ միայն ԼՂ-ն ճանաչեի Ադրբեջանի մաս, այլեւ պիտի համաձայնեի ոչ միայն ԼՂ-ի եւ ՀՀ-ի շուրջ հաստատված ստատուս քվոյի, այլեւ հենց բուն ԼՂ ներսում առկա ստատուս քվոյի ապամոնտաժմանը: Նման բան անհնար էր պատկերացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930