Լրահոս
Օրվա լրահոսը

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը որոշակի առաջընթաց է գրանցել Հայաստանում

Հունիս 20,2023 15:11

2016 թ. հունիսի 28-ին Հայաստանի վերաբերյալ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) հինգերորդ զեկույցից հետո առաջընթաց է գրանցվել և մի շարք ոլորտներում լավ գործելակերպ է մշակվել։

Այս մասին ասվում է ՌԱԵՀ 6-րդ զեկույցում:

Ներառական կրթության ոլորտում իշխանությունները հրատապ միջոցներ են ձեռնարկել՝ ապահովելու ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից դպրոցականների 80 տոկոսի համար շարունակական կրթություն գյուղական վայրերում, որտեղ Քովիդ-19 համավարակի պատճառով կրթօջախների փակման հետևանքով տուժել էր տարրական և միջնակարգ կրթությունը։ Կրթության ոլորտում իրականացվում են բարեփոխումներ։ Այդ բարեփոխումները նախատեսում են, ի թիվս այլնի, դպրոցների բացում կամ վերանորոգում, ուսուցիչների համար լրացուցիչ վերապատրաստում և հանրակրթության նոր չափորոշիչների ընդունում։

Իշխանությունների և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կողմից ձեռնարկվել են միջոցներ ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ համապատասխան մասնագետների վերապատրաստման ուղղությամբ, մասնավորապես՝ Մարդու իրավունքների ոլորտում 2020-2022 թթ.-ի գործողությունների ազգային ծրագրի իրազեկության բարձրացման բաղադրիչի շրջանակներում։ 2021/2022 թթ.-ին ոստիկանության աշխատակիցների, քննիչների, դատախազների և դատավորների համար կազմակերպվել են խտրականության և ռասիզմի դեմ պայքարի վերաբերյալ դասընթացներ։

ՌԱԵՀ-ը նաև գոհունակությամբ նշել է, որ 2022 թ. հուլիսին ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում հաշվի են առնվել Եվրոպայի խորհրդի տրամադրած փորձագիտական կարծիքները, և որ ծանր վիրավորանքի վերաբերյալ վիճահարույց դրույթը հանվել է։

Նաև նոր քրեական օրենսդրության մեջ ներառված են խտրականության և ատելության հիմքով հանցագործությունների դեմ պայքարին ուղղված դրույթներ՝ պաշտպանվող հիմքերի բաց ցանկով, այդ թվում՝ «ռասան», մաշկի գույնը, էթնիկ փոքրամասնության պատկանելությունը, կրոնը և «անձնական ու սոցիալական բնույթի այլ հանգամանքները»։

Ինչ վերաբերում է միգրանտներին, մշակվել է անվճար բջջային հավելված (MigApp)՝ տվյալ երկրի միգրացիոն ծառայությունների և համապատասխան այլ տեղեկություններ ստանալու հարցում նրանց օգնելու նպատակով։ Հատուկ միջոցներ են ձեռնարկվել՝ միգրանտ երեխաների ինտեգրումը դպրոցական համակարգում ապահովելու համար։ Բացի այդ, 2022 թ. հունվարին աշխատանքի թույլտվության համար դիմումների գրանցման նոր էլեկտրոնային հարթակի մեկնարկը էապես պարզեցրել է միգրանտների համար աշխատանքի հասանելիությունը։

Բացի այդ, ՌԱԵՀ-ը գոհունակությամբ նշում է, որ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում չեն բախվել խոչընդոտների՝ հանրային կյանքում իրենց մասնակցության և այլ խմբերի հետ իրենց փոխհարաբերությունների առնչությամբ։ ՌԱԵՀ-ը ողջունում է այս դրական զարգացումները։

Այդուհանդերձ, չնայած ձեռք բերված առաջընթացին, որոշ հարցեր շարունակում են մտահոգության տեղիք տալ։ Թեև Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը շարունակում է լայնորեն վստահություն և հարգանք վայելել, այն չունի լիարժեք հավասարության մանդատ և գրեթե չի ստանում ՌԱԵՀ-ին առնչվող ոլորտներում խտրականության վերաբերյալ որևէ բողոք՝ հիմնականում խտրականության դեմ համապարփակ իրավական դրույթների բացակայության պատճառով։

Կրթության ոլորտում բացակայում է սովորողների և դպրոցների անձնակազմի շրջանում հավասարության հարցերի շուրջ իրազեկվածությունը, ինչը կարող է խոչընդոտել բուլինգի դեմ ուղղված ցանկացած գործունեություն։ Չկա նաև խտրականության և բուլինգի դեմ պայքարի հատուկ համակարգ, մասնավորապես՝ ԼԳԲՏԻ ուսանողների նկատմամբ։

Ինչ վերաբերում է ատելության խոսքի դեմ ուղղված գործողություններին, իշխանությունները որևէ նախաձեռնությամբ հանդես չեն եկել կամ աջակցություն չեն ցուցաբերել հակընդդեմ կամ այլընտրանքային խոսքի միջոցով ատելության խոսքը թույլ չտալու ուղղությամբ։

Բացի այդ, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդական մարմինը կամ ներքին ինքնակարգավորման մեխանիզմները հնարավորություն չունեն կայացնելու պարտադիր որոշումներ կամ արդյունավետորեն կիրառել պատժամիջոցներ, եթե հեռարձակողը խախտում է էթիկական չափանիշները։ Հատկապես մտահոգիչ է նաև այն, որ գոյություն ունեցող ինքնակարգավորման կանոնները, էթիկայի կանոնագրքերն ու մշտադիտարկման մեխանիզմները չեն ներառում առցանց ատելության խոսքը։

Դեռևս թերացումներ կան ապաստան ստանալու դիմումների բավարարման հետ կապված, այդ թվում՝ այն անձանց համար, որոնք իրենց ծագման երկիր կամ ոչ ապահով երրորդ երկիր վերադառնալու դեպքում կարող են ենթարկվել վատ վերաբերմունքի իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով։

Սույն զեկույցում ՌԱԵՀ-ը իշխանություններին առաջարկում է հետագա քայլեր ձեռնարկել մի շարք ոլորտներում, և տրվում են մի շարք հանձնարարականներ, որոնք ներառում են հետևյալը։

ՌԱԵՀ-ն առաջարկում է օրենքով լիարժեք հավասարության մանդատ տրամադրել Մարդու իրավունքների պաշտպանին և «Իրավահավասարության մասին» օրենքի նախագծում ներառել ՌԱԵՀ-ին առնչվող խտրականության բոլոր հիմքերը և նախատեսել արդյունավետ, համարժեք ու տարհամոզիչ պատժամիջոցներ խտրականության դեպքերի համար։ Իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ երաշխավորելու այդ օրենքի ընդունումը ողջամիտ ժամկետներում։

ՌԱԵՀ-ն առաջարկում է ստեղծել արդյունավետ դպրոցական քաղաքականություն և մեխանիզմներ՝ բուլինգի կանխարգելման, մշտադիտարկման և դրան արձագանքման նպատակով, մասնավորապես՝ ԼԳԲՏԻ-ֆոբիկ միջադեպերի հետ կապված, աշակերտների, ուսանողների, ուսուցիչների և ծնողների համար ուղեցույցների մշակման միջոցով։

ՌԱԵՀ-ն առաջարկում է իշխանություններին ներգրավվել հասարակության շրջանում բազմազանության և հանդուրժողականության կարևորության մասին իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներում՝ աջակցելով կոնկրետ գործողությունների՝ Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակության տարբեր շերտերից, այդ թվում՝ էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնություններ ներկայացնող քաղաքացիական հասարակության համապատասխան ներկայացուցիչների հետ համագործակցությամբ՝ ռասիստական և ԼԳԲՏԻ-ֆոբիկ ատելության խոսքի, ատելության շարժառիթով բռնության և խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի նպատակով։

ՌԱԵՀ-ն առաջարկում է իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել համացանցում ատելության խոսքի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ, մասնավորապես՝

i) սահմանել և սահմանազատել համացանցում ատելության խոսքի դեմ պայքարում պետական և ոչ պետական դերակատարների պարտականություններն ու պատասխանատվությունները,

ii) ստեղծել հստակ կանոններ և ընթացակարգեր համացանցում ատելության խոսքի գնահատման և հետաքննման ոլորտում այդ դերակատարների հետ և նրանց միջև արդյունավետ համագործակցության համար,

iii) ապահովել, որ առցանց հարթակներից ատելության խոսքի հեռացման ընթացակարգերն ու պայմանները, ինչպես նաև ինտերնետային միջնորդների վրա դրված համապատասխան պարտականություններն ու պատասխանատվության կանոնները լինեն թափանցիկ, հստակ և կանխատեսելի, և որ այդ ընթացակարգերն իրականացվեն պատշաճ իրավական ընթացակարգով,

iv) վճռականորեն խրախուսել և սատարել վերապատրաստման դասընթացների կազմակերպումը լրատվության ոլորտի մասնագետների և լրագրողների համար՝ չխոչընդոտելով լրատվամիջոցների անկախությանը, թե ինչպես բացահայտել, լուսաբանել ատելության խոսքը և արձագանքել դրան, ինչպես նաև ինչպես խուսափել դրա օգտագործումից և տարածումից։

ՌԱԵՀ-ն առաջարկում է իշխանություններին ընդունել Ինտեգրման ռազմավարություն, որը կուղեկցվի համապատասխան ֆինանսական միջոցներով և կարողությունների զարգացման միջոցառումներով, որոնք կապահովեն փախստականների, ապաստան հայցողների և միգրանտների, ինչպես նաև նման իրավիճակներում հայտնված ցանկացած այլ անձանց կամ անձանց խմբերի համար աջակցության կոնկրետ գործողությունների արդյունավետ իրականացում՝ ներառյալ, ի թիվս այլնի, լեզվի և քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930