44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Տեր-Պետրոսյանի քաղաքականության, Քոչարյանի՝ Ղարաբաղը բանակցությունների սեղանից դուրս թողնելու մոտիվացիայի մասին:
Ըստ Փաշինյանի, միջազգային հանրությանը ձեռնտու էր Քոչարյանի արածը, որովհետեւ, Ղարաբաղը եթե դուրս մնար բանակցություններից, խնդիրը պարզանում էր ու 2 սուբյեկտի հետ էին բանակցելու,Ղարաբաղի վրա ճնշումներ գործադրելու լծակներ չունեին. «Ստացվում էր այնպես, որ Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելով՝ Հայաստանն էր դառնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի կատարման միակ պատասխանատու սուբյեկտը, որովհետեւ բանաձեւերում տարածքների օկուպացիայի մեջ մեղադրվում էին հայկական ուժերը, իսկ Հայաստանին կոչ էր արվում օգտագործել նրանց վրա ունեցած ազդեցությունը, որ դուրս գան այդ տարածքներից: Ղարաբաղի՝ բանակցություններից եւ հակամարտության կողմից զրկումով, մեղադրանքները եւ մեղադրանքներին արձագանքելու պատասխանատվության սլաքները ուղղվեցին ՀՀ-ի վրա: Ամբողջ միջազգային ճնշումը ավտոմատ վերահասցեավորվեց ՀՀ-ին, հետեւաբար Ռոբերտ Քոչարյանը կամավոր ՀՀ-ի համար մեղմ ասած տհաճ իրավիճակ ստեղծեց»:
Այսպես, ըստ նրա, Ղարաբաղի հարցը դարձավ տարածքային վեճ. «Բանակցություններում հայտնվեց հարցի կարգավորման տարածքների փոխանակում հայեցակարգը, ըստ որի, Հայաստանը իր տարածքից տարածքներ պիտի տա Ադրբեջանին՝ Ղարաբաղը ստանալու համար: Սա ոչ այլ ինչ էր, քան Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու ակտ: Եթե քո տարածքից պիտի տաս Ադրբեջանին, որ ստանաս Ղարաբաղը, նշանակում է՝ Ղարաբաղը ճանաչում ես որպես Ադրբեջան, իսկ սեփական տարածքը հանում սակարկության»:
Փաշինյանն ասաց, որ ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովը հայկական դիվանագիտության գագաթնակետ էին համարում Քոչարյանի գրասենյակում, մինչդեռ խարտիայի՝ ԼՂ հարցի կարգավորման հատվածում ոչինչ չի նշվում ինքնորոշման իրավունքի, Հայաստանի տարածքային ամբողջականության մասին. «Այդ ընթացքում միջազգային դիվանագիտության հանրությունը գիտեր, որ սեղանին է դրվել տարածքների փոխանակման փաստաթուղթ: Շրջանառվում էր մեկ այլ փաստաթուղթ, որը եւ տարածքային ամբողջականության, եւ ինքնորոշման իրավունքից անդին էր: Հոդված 1-ում գրված էր՝ համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը 88-ի սահմաններում փոխանցվում է ՀՀ-ին, Մեղրիի շրջանը փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը: Հոդված 2` Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի եւ Շահումյանի գրավյալ տարածքները 88-ի սահմաններում, ինչպես նշված է «Ա» հավելվածում, անհապաղ փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո»: Դրանից հետո ՀՀ-ն պետք է իր զինված ուժերը անհապաղ դուրս բերեր գրավյալ տարածքներից 60 օրվա ընթացքում՝ միջազգային դիտորդական ուժերի աջակցությամբ»: Նախատեսվել է նաեւ Մեղրիի եւ նշված շրջաններից հայերի անվտանգ տեղափոխումը ՀՀ տարածք:
Կարդացեք նաև
Փաշինյանն ասաց, որ այս փաստաթղթերի իրագործումը կանխել են Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը՝ իրենց կյանքով. «Ինչքան էլ ժխտեն, կա Վազգեն Սարգսյանի ելույթը, հուշեր կան, վկա կա՝ ՀՀ ՊՆ նախարարը այդ ժամանակվա, որը վկայել է այդ մասին: Հույս ունեմ տեսաք ներքին կապերը՝ անկլավ, Շուշի, Մեղրի»:
Նա նշեց, որ չի եղել բանակցություններում դրվագ, որ առնվազն ԼՂ 7 շրջանները չպետք է վերադարձվեն Ադրբեջանին, մինչդեռ այդ ընթացքում հանրության մոտ անվանափոխում էին Ֆիզուլին Վարանդա, Աղդամը՝ Ակնա, Ջաբրայիլը՝ Մեխակավան, Քելբաջարը՝ Քարվաճառ եւ այսպես շարունակ. «Այդ տարածքները դարձան ազատագրված, ազատագրված տարածքները դարձան հայրենիք, բայց այսպես էր միայն հեռուստաընկերություններից, բանակցությունների սեղանի շուրջ Վարանդան շարունակում էր մնալ Ֆիզուլի, Մեխակավանը՝ Ջաբրայիլ, Ակնան՝ Աղդամ, իսկ հողի վրա ազատագրված կամ օկուպացված տարածքներում հիմնականում մոլախոտ էր աճում, իսկ տեղ-տեղ որոշ գեներալներ էին հացահատիկ աճեցնում, ժամկետային զինծառայողների ձրի աշխատուժն ու տեխնիկան օգտագործելով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարում՝ Աղդամի փլատակները 2010 թվականին/https://en.wikipedia.org/