Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Սիմոնյանն ու Ենգիբարյանն ընդդեմ Հայաստանի հայցը՝ պարտավորեցնելով Հայաստանի կառավարությանը դիմումատուներին վճարել 39 հազար դոլար՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Գործը վերաբերում էր 2011թ. Արման Ենգիբարյանի սպանությանը ոստիկանների կողմից: 2011-ի հունիսի 14-ին Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանները սպանել էին Արման Ենգիբարյանին` ըստ պաշտոնական վարկածի` «նախազգուշացնող կրակոցից հետո վնասազերծելով» նրան` որովայնին ու գլխին կրակելով:
Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տվյալներով` Ենգիբարյանը կասկածվել էր որպես նույն տարվա ապրիլ-մայիս ամիսներին Երևանում բնակարաններ ավազակային հարձակումներ կատարած անձ ու հետապնդվել: Չենթարկվելով ոստիկանների պահանջներին`Արմանը մարդաշատ վայրում զենք էր կիրառել` ոստիկանների դեմ օգտագործելով օրինական կերպով իրեն պատկանող գազային ատրճանակը:
Ոստիկանների գործողությունների իրավաչափությունը պարզելուն միտված նախաքննության ժամանակ որոշ տուժողներ հաստատել էին, որ ջրմուղի աշխատակից ներկայացած ու իրենց բնակարան ներխուժած մարդը Արման Ենգիբարյանն էր եղել:
Կարդացեք նաև
ՄԻԵԴ-ը վճռել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված կյանքի իրավունքը, ինչպես նաև գործի քննության ընթացքում տեղի են ունեցել ընթացակարգային և առարկայական կողմերի խախտումներ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ