Լրահոս
Օրվա լրահոսը

Երեմ Սարգսյան․ «ԲԴԽ-ում Դավիթ Հարությունյանի գործով նիստում խախտումները բացահայտ եւ ակնհայտ են․ կոնսենսուս կա, թե որ խախտումներով կարելի է իրականացնել հարցի քննարկումը»

Հունիս 20,2023 14:39

«Ցավալին այն է, որ այսօր ԲԴԽ-ն փորձում է ինչ-որ նիստ անցկացնել եւ իր կարգավիճակից ելնելով՝ փորձում է գնահատել դատավորի վարքագիծ, բայց եթե նիստը հրապարակային լիներ, ինչի վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցինք, կտեսնեինք, թե ինչ պրիմիտիվ խախտումներ են տեղի ունենում, եւ ես ավելի շատ հակված եմ նրան, որ սա դիտավորյալ է տեղի ունենում, քան թե չիմանալու պատճառով»,-այս մասին այսօր մի խումբ լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել, որում նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությունը եւ այն անթույլատրելի համարել: Երեկ առաջին նիստն էր։

Փաստաբանի խոսքով՝ ԲԴԽ-ում դատական նիստի խախտումները շատ բացահայտ են եւ ակնհայտ․ «Ցավոք, ԲԴԽ մյուս անդամներն այդքան էլ չեն միջամտում այս խախտումներին. այսինքն՝ եզակի դեպքերում, երբ մենք շատ ենք բարձրաձայնում, փորձում են իրենք ձայն հանել եւ փորձել մի փոքր շտկել իրավիճակը։ Բայց նիստը վարում է ԲԴԽ նախագահը, եւ այս ընթացքում ինչ-որ փոքրիկ շտկումներ անում են։ Բայց եթե սա պետք է լինի ԲԴԽ-ի գործելաոճը, իրավունքների իրացման հնարավորության ապահովումը, իսկ մեր իրավունքները կոպտագույն խախտվում են, սկզբի փուլում ընդհանրապես փորձ էր արվում մեզ զրկել արտահայտվելու որեւէ տեսակի հնարավորությունից: Բայց երբ մենք փորձեցինք ցույց տալ այդ խախտումները, որոշակի առումով փոխվեց այդ իրավիճակը, եւ ԲԴԽ նախագահը սկսեց թույլ տալ, որ արտահայտվեն, միջնորդություններ ներկայացվեն։ Բայց երբ միջնորդությունները ներկայացնում ենք, նույնիսկ չի հետաքրքրում, թե հակառակ կողմ ինչ է ասելու խորությամբ, որովհետեւ միջնորդության ժամանակ ասում են՝ հնարավորինս կարճ ներկայացնել»:

Սարգսյանն ասաց, որ միջնորդություն են ներկայացրել դռնփակ նիստ անցկացնելու որոշումը վերացնելու եւ այն դռնբաց անցկացնելու վերաբերյալ։

Փաստաբանի վստահեցմամբ՝ ցանկություն են հայտնել նիստի ընթացքը ձայնագրել, սակայն այն արգելվել է. «Նիստի ժամանակ երբ ուզում էինք ձայնագրություն անել, պարզաբանվեց որ չնայած դատական օրենսգրքով թույլատրվում է, բայց իրենց աշխատակարգի որոշումով չի թույլատրվում, հետեւաբար դա պիտի կիրառվի: ԲԴԽ-ն ասում է՝ դռնփակ ենք անում իբր արդարադատության շահերից ելնելով, փորձում են մեզ նախազգուշացնել, որ մենք ինչ-որ գաղտնիք չհրապարակենք: Երբ ուզում ենք պարզաբանել, թե ո՞ր գաղտնիքն է օրենքով սահմանված՝ պետական, անձնական կյանքի, բանկի, նոտարական եւ այլն, ասում են՝ մենք ընդամենը ձեզ ասացինք, որ գաղտնիք է, ասում ենք՝ հիմնավորեք, որ հասկանանք ինչից պաշտպանվենք, որ լրատվամիջոցներին հարցազրույց տալուց չպարզվի, որ գաղտնիք ենք հրապարակել, այդպես էլ չպարզաբանեցին, որովհետեւ իրենք էլ չգիտեն, թե ինչ գաղտնիքի մասին է խոսքը»:

Սարգսյանի ներկայացմամբ՝ ԲԴԽ-ն դատավորին եւ նրա փաստաբաններին գործի նյութերին ծանոթանալու համար տրամադրել է ընդամենը 2 ժամ ժամանակ:

Փաստաբանի փոխանցմամբ՝ ԲԴԽ-ն ասում է՝ դուք ժամանակ ունեիք ծանոթանալու, չնայած, որ փաստաբանները նոր են ներգրավվել վարույթին․ «Հետեւաբար, ողջամիտ ժամկետ պետք է ունենանք՝ նյութերին ծանոթանալու, պատրաստվելու, քննարկելու, բայց չտրվեց այդ ժամանակը: Եթե նման խախտումներ կատարեր մեկ այլ դատարան, որի կարգապահական վարույթը պետք է քննվեր ԲԴԽ-ում, վստահ եմ, որ իմ ասածից տասնապատիվ ավելի խախտումներ կներառեն եւ կարգապահական վարույթ կհարուցեին: Այս փուլում նրանց ամեն ինչ թույլատրելի է: Այն վստահությունը, որ իրենց որոշումները բողոքարկման ենթակա չեն, ավելի վերադաս մարմին չկա, որը կարձանագրի այս խախտումները, դա ԲԴԽ-ին ազատություն է տվել, որպեսզի համատարած խախտումներ թույլ տա»։

Փաստաբանի խոսքով․ «Երբ ԲԴԽ բոլոր անդամները թույլ են տալիս, որպեսզի նախագահողը նման խախտումներ անի, եւ իրենց համար սա շատ սովորական է։ Այն դատավորները, ովքեր իրենք իրենց դատական նիստի ժամանակ նման խախտումներ թույլ չեն տա երբեք, այսօր իրենք լուռ ու հանգիստ լսում են, որ տեսնեն, թե նախագահողն ինչ խախտումներ է թույլ տալիս։ Այստեղ, հավանաբար, կոնսենսուս կա, թե որ խախտումներով կարելի է իրականացնել այս հարցի քննարկումը»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930