Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը բիզնեսի ու զբոսաշրջության համար դիրքավորվում է որպես տարածաշրջանի գրավիչ կենտրոններից մեկը. Լևոն Հովհաննիսյան

Հունիս 20,2023 14:26

Շանհայի համագործակցության կազմակերպության ազգային դիվանագիտության և քույր քաղաքների համաժողովներին մասնակցելու նպատակով հունիսի 14-16-ը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինդաո քաղաքում էր: Երևանյան պատվիրակության կազմում էին ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը: Համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ նաև ՌԴ-ից, Տաջիկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից:

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն առանձնակի կարևորել է այդպիսի համաժողովների անցկացումը և ընդգծել, որ այն լավ հարթակ է՝ քաղաքների առջև ծառացած հրատապ խնդիրների լուծման արդյունավետ եղանակներ առաջարկելու և մշակելու համար:

«Երևանը, ինչպես աշխարհի բազմաթիվ մեծ քաղաքներ, ունի տարատեսակ մարտահրավերներ, և մենք առանձնակի ենք կարևորում փորձի փոխանակումն ու փոխշահավետ ծրագրերի իրականացումը քույր և գործընկեր քաղաքների հետ: Մեր մայրաքաղաքն այսօր մտել է դինամիկ զարգացման փուլ և բիզնեսի ու զբոսաշրջության համար դիրքավորվում է որպես տարածաշրջանի գրավիչ կենտրոններից մեկը: Երևանում ապահովված է ներդրումային բարենպաստ միջավայր և այն կարող է հետաքրքրել ոչ միայն Չինաստանի, այլև համաժողովին մասնակից մյուս երկրների գործարար շրջանակներին: Մենք բաց և պատրաստակամ ենք գործակցության համար»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Աղքատության նվազեցում, գործակցության ծրագրերի իրագործում՝ գիտության, կրթության, տեխնոլոգիաների, նորարարության ու հասարակագիտական ոլորտներում. գլխավոր համաժողովին հաջորդել են երեք ենթաժողովները: Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարները թեմատիկ քննարկումների ժամանակ ներկայացրել են իրենց տեսակետները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930