Հունիսի 20-ին դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից: Ինչպես Аravot.am-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը` քննությունը տեւել է 3 ժամ:
«Սա քննություններից 4-րդն էր եւ 3-րդ ու ամենավերջին մեծ քննությունը՝ անգլերենից ու մաթեմատիկայից հետո: Քննական կենտրոններից գործել է 34-ը, որից 9 Երևանում եւ 25-ը՝ մարզերում: Երեւանի քննական կենտրոններում նախնական տվյալներով 1182 հոգի է քննություն հանձնել, մարզերում՝ 3167: Ասում եմ` նախնական, որովհետեւ հաստատ բացակայածներ կլինեն ու, ցավոք, նաեւ տեխնիկական միջոցներից օգտվելու պատճառով քննությունն ընդհատածներ»,-ասաց Խաչանուշ Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ այս քննության գնահատականները հայտնի կդառնան հունիսի 25-ին, իսկ բողոքարկումը կլինի հունիսի 26-ին: Գնահատականները կուղարկվեն դիմորդների անձնական էլեկտրոնային հասցեներին: «Բողոքարկման դիմումներն ընդունվում են բոլոր այն քննական կենտրոններում, որտեղ հանձնվել է քննությունը: Ամեն քննությունից հետո ժամը 15-ի շրջանում ԳԹԿ-ն հրապարակում է թեստերի ճիշտ պատասխանները, եւ քննասենյակից իրենց հետ պատասխանի ձեւաթուղթը դուրս հանած դիմորդները կարող են համեմատել, հաշվարկել իրենց միավորը՝ մինչեւ գնահատականների հայտնի դառնալը»,-ասաց Խաչանուշ Գրիգորյանը:
Ըստ ԳԹԿ մամուլի պատասխանատուի, թիվ 11 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում, նախնական տվյալներով, քննություն է հանձնել 140 դիմորդ, թիվ 14 հիմնական դպրոցում՝ 140, թիվ 57 հիմնական դպրոցում՝ 112, թիվ 135 հիմնական դպրոցում՝ 120, թիվ 155 հիմնական դպրոցում՝ 140, թիվ 168 հիմնական դպրոցում՝ 120, թիվ 189 ավագ դպրոցում՝ 140, թիվ 190 ավագ դպրոցում 140 եւ թիվ 200 հիմնական դպրոցում՝ 130 դիմորդ:
Կարդացեք նաև
Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առավոտյան այցելել է Երեւանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն եւ մասնակցել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նա կարծիք է հայտնել, որ դիմորդների՝ երկու անգամ քննություն հանձնելու այս տարի ներդրված հնարավորությունը դրական դինամիկա է ապահովել:
Խաչանուշ Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ եղե՞լ է, որ քննական թեստերում վրիպակներ կամ սխալներ գտնվեն, եւ նման դեպքերում ինչպե՞ս է լուծվում հարցը: «Միջազգային պրակտիկայում էլ է պատահում, վրիպակները կարծես անխուսափելի են: Չի բացառվում, որ լինեն, ամեն դեպքում, եթե վրիպակներ են պատահում, արագ այդ հարցը լուծվում է, թեստի հեղինակներն արագ պարզաբանում են:
Եթե նման բան հայտնաբերվում է քննական կենտրոնում, քննական կենտրոնի ղեկավարը կապվում է ԳԹԿ-ի հետ, եւ թեստի հեղինակը պարզաբանում է տալիս: Իսկ եթե քննությունը հանձնելուց հետո է պարզվում վրիպակը, սխալը եւ դա, ասենք ԳԹԿ-ի մեղքով է լինում, անկախ նրանից դիմորդը բողոքարկել է, թե ոչ, այդ տարբերակի բոլոր դիմորդների միավորները բարձրացվում են»,-պարզաբանեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ հունիսի 23-ին էլ կկայանա կենսաբանություն եւ աշխարհագրություն առարկաների քննությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Խաչանուշ Գրիգորյանը