Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները պայքարի այլ միջոցների կդիմեն, ընդհուպ՝ գործադուլ կանեն․ ՆԳ նախարարին պահանջագիր ներկայացվեց

Հունիս 20,2023 13:56

Փաստաբաններն այսօր բողոքի ցույց արեցին Ներքին գործերի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով ոստիկանության մի շարք աշխատակիցների պաշտոնանկություններ։ Բողոքի գործողությունն ի պաշտպանություն փաստաբան Կարեն Ալավերդյանի է, որի նկատմամբ ոստիկանությունում ֆիզիկական ուժ էր կիրառվել։ Հիշեցնենք, որ Կարեն Ալավերդյանն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ մի խումբ ոստիկաններ ոստիկանության Կենտրոնի բաժնում ծեծել էին իր պաշտպանյալին, ապա փաստաբանին՝ Կարեն Ալավերդյանին էին ձերբակալել։ Նրա նկատմամբ իրականացրել էին անհարկի ֆիզիկական ուժի գործադրում, ձեռնաշղթա և հատուկ միջոցներ էին կիրառվել։

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «ՀՀ փաստաբանական ակադեմիա» հիմնադրամի ռեկտոր Արա Զոհրաբյանն այսօրվա ցույցի ժամանակ ընթերցեց իրեն պահանջները։

«Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, գիտակցելով մեր մասնագիտական առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում, հարգելով ոստիկանության ինստիտուտը, գնահատելով արժանապատիվ ոստիկանի դերը, ելնելով բռնությունը ոստիկանության համակարգից արմատախիլ անելու նպատակից,

1. Խստորեն դատապարտում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի և այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաև փաստաբանին ձերբակալելու և խուզարկության ենթարկելու դեպքերը.

2. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի և Սերյոժա Հովակիմյանի լիազորությունները.

3. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները»։

Ցույցի մասնակից փաստաբաններից ոմանք նաեւ հատուկ համազգեստ էին հագել, նրանցից մեկի ձեռքին «ոչ բռնությանը» գրությամբ պաշտպանիչ վահան էր, մյուսը՝ պաշտպանիչ սաղավարտով էր։ «Ստացվում է, որ փաստաբաններն այսուհետ ոստիկանական բաժանմունք պետք է գնան այս տիպի համազգեստով, եթե ուզում են իրենց վստահորդներին պաշտպանել։ Մյուս տարբերակը մեզ համար անընդունելի է, այսինքն՝ չտեսնելու տալ, ոստիկանների կողմից վստահորդին ուղղված բռնություններն անտեսել եւ խաղաղ ապրել։ Այդպես չի լինելու, փաստաբանները միանշանակ ընտրելու են վստահորդի կողքին կանգնելու, նրա իրավունքները պաշտպանելու ճանապարհը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ եթե ոստիկանության ուղղված այս պահանջները չկատարվեն, ապա վաղը երեկոյան Փաստաբանների պալատում փաստաբանները կքննարկեն իրենց հետագա անելիքները։ «Ասեմ ավելին, մենք նախապես քննարկել ենք, որոշակի գաղափարներ կան, այդ թվում՝ գործադուլ իրականացնել, երբ փաստաբանները բոլորը առնվազն մեկ օրում հրաժարվելու են դատարաններ, նախաքննության մարմիններ գնալուց։ Սա ցույց է տալու, որ փաստաբանական ինստիտուտը կարեւոր է, եւ չեն կարող առանց փաստաբանության արդարադատություն իրականացնել։ Իսկ որպեսզի փաստաբանը կարողանա վստահորդի իրավունքները պաշտպանել, ապա պետք է կարողանա անկաշկանդ գործել։ Միջազգային բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք երաշխավորում են փաստաբանի այդ իրավունքը եւ կառավարությանն էլ պարտադրում են պայմաններ ստեղծել փաստաբանի աշխատանքի համար»,- ասաց Զոհրաբյանը։

Նա հավելեց, որ դիմել են միջազգային կազմակերպություններին, պայքարելու են այնքան, մինչեւ բոլոր մեղավորները կպատժվեն։

«2023 թվականի փետրվարին տեղի ունեցած առաջին բռնարարքի ժամանակ, երբ երկու փաստաբանի էին ծեծի ենթարկել, երկու օպերլիազորների հեռացրեցին աշխատանքից, բայց քրեական գործը քննվում է մինչեւ այսօր։ Այսինքն՝ այս կարեւոր հարցով, երբ այդքան բարդ խնդիր էլ դրված չէ, նախաքննությունը կարող էր ավարտվել, եւ մենք այսօր կարող էինք եզրահանգում ունենալ։ Լավ գիտենք, որ որոշ զգայուն գործերով մեկ շաբաթում նախաքննություն են ավարտել, եւ գործը դատարանում արդեն ավարտվել է։ Քննչական կոմիտեի եւ դատախազության անգործությունը ես այսպես եմ գնահատում՝ սա ոստիկանության որոշ ծառայողների համար ուղերձ է, որ մեզ պահելու են, եկեք հանգիստ մեր սեւ գործն անենք։ Դրա համար Քննչական կոմիտեին եւ դատախազությանը մենք նույնպես համարում ենք պատասխանատու։ Եթե այս հարցին մենք տեր չկանգնենք, իրականում մեր գործունեություն իրականացնելը շատ դժվար է լինելու»,- ընդգծեց Արա Զոհրաբյանը։

«Եթե մեր պահանջները չկատարվեն, նշանակում է՝ ոստիկանության ղեկավարությունն իր վրա է վերցնում այս ամենի պատասխանատվությունը։ Եվ ոչինչ չի խանգարի մեզ, որ հրաժարականի պահանջը բարձրացնենք ավելի վերեւ, ընդհուպ՝ ոստիկանության պետ»,- ասաց Զոհրաբյանը։

Փաստաբան Սիմոն Բաբայանն ասաց, որ միջազգային գործընկերները՝ այդ թվում՝ Եվրոպական փաստաբանների միությունը շատ արագ արձագանքել են այս դեպքին։ «Եվ ես ակնկալում եմ, որ հանրապետության նախագահը նույնպես պետք է համապատասխան արձագանք ունենա։ Արդեն քանի օր է՝ մենք խոսում ենք այս իրավիճակի մասին, բայց, ցավոք, չենք տեսնում այն ակտիվ վարույթային գործողությունները, որոնք ցույց կտային փաստաբաններին, որ այս խնդիրը երկրում իսկապես մտահոգություն է առաջացնում, եւ մենք պաշտպանված ենք լինելու»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930