Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Քոչարյանը Ղարաբաղը դուրս թողեց բանակցային գործընթացից՝ միջազգային հանրությանը իշխանազավթումը նկատել չտալու համար. Փաշինյանի մեկնաբանությունը

Հունիս 20,2023 13:39

«Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1998-ի փետրվարի 4-ի հրաժարականի արդյունքում իշխանությունն անցնում է Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով տիրապետող Ռոբերտ Քոչարյանին, ով դրանից 1 տարի առաջ հրաժարական տալով ԼՂ նախագահի պաշտոնից՝ ՀՀ վարչապետ է նշանակվում: Քոչարյանի դերը այս գործընթացում երկակի է: Նա մի կողմից փորձագիտական մակարդակով տիրապետում է Ղարաբաղի հարցին, մյուս կողմից՝ Տեր-Պետրոսյանի հոդվածից մեկ ամիս առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսով հռչակած ուղեգիծը համարում է պարտվողական: Սա շատ հետաքրքիր հանգրվան է, որովհետեւ Քոչարյանի իշխանության շրջանում ՀՀ իշխանությունների կողմից վարվող ներհայաստանյան եւ միջազգային հաղորդակցության միջեւ ճեղքը ավելի է մեծանում: Կա միջազգային հանրության հետ խոսակցություն եւ ներքին հանրության հետ խոսակցություն: Տեր-Պետրոսյանի մոտ դա արտահայտվում էր գուցե ոչ այնքան ընդգծված»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը պարտվողական համարելով՝ Քոչարյանը բյուրեղացնում է այն փաստաթղթերը, որ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ ԼՂ ինքնորոշման իրավունքը նույնպես պետք է իրացվի այդ շրջանակներում:

«Ինչ է անում Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո․ ԼՂ-ին զրկում է բանակցություններին մասնակցելու կարգավիճակից: Որ Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախագահ դառնալու պահին ԼՂ-ն բանակցությունների լիարժեք կողմ էր, ցույց է տալիս այն, որ ԵԱՀԿ «Ընդհանուր պետություն» փաթեթը 98-ի նոյեմբերին ներկայացրել են ոչ միայն ՀՀ-ին ու Ադրբեջանին, այլ նաեւ ԼՂ-ին: Այդ ժամանակ Քոչարյանը ՀՀ նախագահ էր արդեն 5 ամիս եւ դա վերջին փաթեթն էր, որ ԼՂ-ին տվել են: Դրանից հետո Ղարաբաղում նույնիսկ նորմալ տեղեկացված չեն եղել, թե ինչի շուրջ են բանակցությունները»,- ասաց Փաշինյանը եւ որպես ապացույց ներկայացրեց Տեր-Պետրոսյանի՝ 2012-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ելույթը. «Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանի լուռ համաձայնությամբ կամ լիակատար համաձայնությամբ Ղարաբաղը դուրս թողեց բանակցությունների գործընթացից եւ սկսեց խոսել Ղարաբաղի անունից: Սրանից ավելի մեծ նվեր միջազգային հանրությանը եւ հատկապես Ադրբեջանին Ռոբերտ Քոչարյանը չէր կարող անել: Հայ դիվանագիտության ամենամեծ նվաճումը Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը ոչնչացրին»:

Հետո Փաշինյանը մեջբերեց Ռոբերտ Քոչարյանի՝ «Գոլոս Արմենիին» տված հարցազրույցից հատված՝ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած ձեւի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ՝ ԼՂ ղեկավարությունը: Հարց էր առաջանում՝ միթե ՀՀ-ն ի վիճակի չէ իրենից ակնհայտ կախվածության պայմաներում ճնշում գործադրել եւ ստիպել համաձայնել այս կամային դիրքորոշման հետ: Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը եւ փորձել ՀՀ ռեսուրսն օգտագործել՝ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշումները եւ մոտեցումը մշակելու համար: Այսինքն, մենք պատրաստ ենք ոչ թե կարգավորման ցանկացած ձեւի, որին կհամաձայնի Ղարաբաղը, այլ մենք ունենք սեփական դիրքորոշում եւ պատրաստ ենք այն պնդել: Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ արեցի»:

Փաշինյանի գնահատմամբ՝ Քոչարյանը սրանով Ղարաբաղին զրկեց ինքնուրույնությունից եւ միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից, որ նրան հնարավորություն էր տալիս միեւնույն սեղանի շուրջ նստել Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի հետ՝ որպես հակամարտության կողմ. «Սա ԼՂ միջազգային սուբյեկտայնության վերջն էր, միակ միջազգային ձեռքբերումը, որն ունեցել էինք Ղարաբաղի հարցում, մսխվեց: Արժե կանգ առնել Ռոբերտ Քոչարյանի նման գործելակերպի պատճառների վրա՝ ինչու, ինչ նպատակով ու մոտիվացիայով նա Ղարաբաղը դուրս թողեց բանակցային գործընթացից: Պատճառը իմ կարծիքով ակնհայտ է՝ Քոչարյանը 98-ի ընտրությունները հաղթեց համատարած կեղծիքների մասին ահազանգերի պայմաններում: ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք նա չուներ, քանի որ այդ պահին գործող իրավակարգավորումներով վերջին 10 տարիներին չէր բնակվել ՀՀ-ում մշտապես եւ վերջին 10 տարին ՀՀ քաղաքացիություն չէր ունեցել: Ասել է, թե Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրեց լեգիտիմության կատարյալ բացակայության պայմաններում: ԼՂ-ի միջազգայնորեն ձեւավորված կարգավիճակը նա զոհաբերեց միջազգային լեգիտիմություն ձեռք բերելու, այն բանի համար, որ միջազգային հանրությունը չնկատելու տա նրա կողմից իշխանությունը զավթելու հանգամանքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930