Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ կարեւոր ու անսպասելի փաստեր են հրապարակվելու»․ Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին

Հունիս 20,2023 12:56

«Շատ կարեւոր մանրամասներ են լինելու, վստահեցնում եմ ձեզ՝ բավականին անսպասելի հետաքրքիր փաստեր եւ իրողություններ են լինելու»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։

Հարցին, թե սենսացիոն փաստե՞ր են ներկայացվելու, նա պատասխանեց․ «Ենթադրում եմ՝ այո, որքան հասկանում եմ՝ վարչապետն ամենայն մանրամասնությամբ ամեն ինչ ներկայացնելու է»։

Հարցին, թե անհավասար պայմաններ չեն ստեղծվո՞ւմ մյուսների համար, ովքեր նույնպես գուցե կուզեին ուղիղ եթերով խոսել քննիչ հանձնաժողովի նիստում, ինչպես վարչապետը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Այդ ո՞վ է ուզել, որ ուղիղ եթեր լինի, բայց չի եղել։ Ուղիղ եթերը հենց հակառակը, բաց ու հաշվետու լինելու վառ օրինակ է։ Անհավասարությունից եք խոսում, ընդդիմությունը հնարավորություն ունի ուղիղ եթերում վարչապետին հարց տալ, նույնիսկ այդ հնարավորությունից չեն օգտվում։ Հանձնաժողով եկողներից ինչ-որ մեկն ուզեցել է, որ ուղիղ եթեր լինի, եւ դա չի ապահովվե՞լ։ Մարդիկ, ընդհակառակը, ավելի շատ խուսափում են ուղիղ եթերից»։

Դիտարկմանը, որ ընդդիմությունը կարծում է՝ այսպիսով Փաշինյանն ավելի շատ փորձում է իր մեղքը բարդել ուրիշների վրա, նաեւ դա է պատճառը, որ նրանք բոյկոտում են քննիչ հանձնաժողովի աշխատանքը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Դա նախ ծիծաղելի է մի քանի պատճառով։ Առաջինը, Փաշինյանը երբեւիցե որեւէ մեկի վրա որեւիցե մեղք չի բարդել, այլ հակառակը, օրինակ, ես հաճախ իրեն ասում եմ՝ այդքան շատ մի շեշտիր եւ քո վրա մի վերցրու այն բաները, որոնք իրականությունում քեզ հետ չեն կարող կապ ունենալ։ Երկրորդ՝ կարծում եմ՝ 2020 թվականի պատերազմին հաջորդած ընտրությունների ժամանակ ՀՀ ժողովուրդը՝ որպես դատավոր, իր վճիռն արդեն կայացրել է։ Երրորդ, թող գան ու թույլ չտան դա անել։ Չեն գալիս, որովհետեւ ասելիք չունեն, գան ի՞նչ ասեն։ Թող գան ու խնդրեն, որ փակ մաս լինի։ Էլ չեմ ասում, որ վարչապետը իրենց բազմիցս հրավիրել է թե փակ, թե բաց հանդիպումների։ Վստահեցնում եմ ձեզ՝ այն, ինչ այսօր քննարկվելու եւ հնչելու է, ընդդիմության հետ ընդհանրապես կապ չունի»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930