Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ չեն ասել հանրությանը եւ ինչու». Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի օրոք Ղարաբաղն Ադրբեջանի կազմ մտցնելու փաստաթղթերն է վկայակոչում

Հունիս 20,2023 12:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին: Ինչպես նախապես հայտարարվել էր, Փաշինյանը ցանկացել է, որ իր բացման խոսքը, ելույթը, ինչպես նաեւ հարցուպատասխանը լինի հրապարակային:

Նա ներկայացրեց պատերազմը դադարեցնելու ձախողված փորձերը, հետո անդրադարձավ բանակցային պատմությանը:

Խոսելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի մասին՝ ասաց, որ նա խոսում է փոխզիջումների մասին, որ ստատուս քվոն երկար պահպանել հնարավոր չէ, ինքնախաբեությամբ չզբաղվենք, Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք. «Տեր-Պետրոսյանը հստակ պատասխան չի տալիս մի հարցի՝ ի վերջո ի՞նչ կարգավիճակ է ունենալու ԼՂ-ն, լինելու է Ադրբեջանի՞, թե Հայաստանի կազմում: Տեր-Պետրոսյանի հոդվածը բուռն հակազդեցություն ստացավ հանրային քաղաքական կյանքում: Տեր-Պետրոսյանի հոդվածը Ղարաբաղի հարցում մեր խճճվածությունն ամրացնող հերթական հանգույցն էր մի քանի պատճառներով. հոդվածի հրապարակումից մեկ տարի առաջ նա նախագահական ընտրություններին մասնակցել էր «հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսով, բայց կասկածելի լեգիտիմություն ունեցող ընտրություններից մեկ տարի անց խոսում էր խաղաղության, ոչ հաղթանակի մասին: Հոդվածից 7 տարի 11 ամիս առաջ հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում էր կայացրել ՀՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին: 1990-ի օգոստոսի 23-ին ՀՀ ԳԽ-ն, հիմնվելով 1989թ դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին այդ որոշման վրա՝ անկախության գործընթաց էր հռչակել: Այդ հոդվածից 6 տարի 1 ամիս, 10 օր առաջ՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախացման գործընթացը դե յուրե ավարտին էր հասցվել: 1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂ-ն հռչակել էր իր անկախությունը, 91-ի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի էր ունեցել անկախության հանրաքվե, որով դե յուրե ավարտին էր հասցվել ԼՂ անկախության գործընթացը: Բայց կարեւոր էր այն, թե ինչ տեղի ունեցավ հետո:

«Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածում Տեր-Պետրոսյանը գրում է՝ «Անձնական փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 96-ի ընտրություններին՝ սերունդների աչքում մնալով անկախություն բերած, հայկական տարածքներն ընդարձակած նախագահ՝ անկախ այն բանից, թե որքանով արդարացի է այդ ամենի՝ ինձ վերագրումը, ինչ փույթ, թե դրանից հետո ինչ կպատահեր եւ ում վրա կընկներ վիճակի վատթարացման պատասխանատվությունը, միեւնույն է, իմ վարկանիշը դրանից չէր տուժի: Անձնական տեսակետից ինձ համար ամենալավ լուծումը դա կլիներ, բայց դա կլիներ ոչ այլ ինչ, եթե որ փոքրոգի դասալքություն, որին սովոր չեմ»: Դրանից հետո հրաժարական է տալիս, որից հետո գրում է, որ ԼՂ հարցին փորձագիտական մակարդակով տիրապետում է 6 հոգի»:

Թե ինչ փորձագիտական տեղեկատվության մասին էր խոսքը, Փաշինյանի դիտարկմամբ՝ մեծ հաշվով ոչ մի գաղտնիք չկար, ամեն ինչ բանակցային փաստաթղթերում կար, բայց ինտերնետ եւ սոցցանցեր այն ժամանակ չկային. «Թվարկեմ, թե որ փաստաթղթերի մասին եմ ասում, որոնք հրապարակված էին, իհարկե, կային փաստաթղթեր, որոնք գաղտնի էին: Փորձագետները չէին ասում, որ 1993-ին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը արձանագրում են Ադրբեջանի 7 շրջանների գրավումը հայկական զորքերի կողմից: Այդ բանաձեւերը ուղղակի թղթի կտորներ չեն եւ դրանք մոռացության մատնելը հեշտ չի լինի: 1996 թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում տեղի ունեցածը միջազգային հանրության իրավական դիրքորոշում է, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ վերջինիս սահմաններում ԼՂ համար բարձր ինքնավարություն նախատեսում: Միջազգային հանրության կողմից լիսաբոնյան այս արձանագրումն արվում է գագաթաժողովի գործող նախագահողի հայտարարության ձեւով, որը, որպես հավելված, 96թ դեկտեմբերի 3-ին հրապարակվել է: Խնդիրն այն է, որ լիսաբոնյան գագաթաժողովի փաստաթուղթը չի ընդունվել հայկական կողմի վետոյի պատճառով, Հայաստանը ԵԱՀԿ անդամ միակ երկիրն է, որ դեմ է արտահայտվել այդ փաստաթղթին»:

ԵԱՀԿ գործող նախագահի դեկտեմբերի 3-ի այդ հայտարարությունը արտահայտել է ողջ միջազգային հանրության տեսակետը եւ ասվում է, որ որոշման թեզերն ընդունելի են բոլորի համար, բացի ՀՀ-ից. «ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը պաշտպանում էր ոչ միայն ՀՀ-ի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլեւ ԼՂ ինքնորոշման իրավունքը: Հայտարարության մեջ ասվում էր, որ ԼՂ իրավական կարգավիճակը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը նրան կտա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում»,- մեկնաբանեց Փաշինյանը՝ ասելով, որ այս նրբությունը նորություն է Հայաստանի հանրության համար:

Վարչապետն անդրադարձավ Ալմաթիի հռչակագրին. «Պիտի տեսնենք, ինքնորոշումը ինչ մեկնաբանություններ է ստացել, պիտի տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ են եղել 1999-ի ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովում, ինչպես է կառուցվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային ճարտարապետությունը, պիտի տեսնենք, թե Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով տիրապետողների մեծ մասը առնվազն ինչ չեն ասել հանրությանը եւ ինչու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930