Վնասներ՝ անձրևի հետևանքով
Հունիսի 18-ին, ժամը 16։22-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի և սելավաջրերի հետևանքով փլուզվել է Առափի գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի պատը, վնասվել է խմելու ջրի խողովակը․ տունը ջրալցվում է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ սելավաջրերից փլուզվել են տան երկշերտ հենապատի առաջին շերտը՝ մասամբ (մոտ 4 քմ), վնասվել է խմելու ջրի խողովակը, ինչից տունը ջրալցվում է:
Կարդացեք նաև
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ռետինե խողովակի միջոցով փոխել ջրի ուղղությունը։
Հունիսի 18-ին, ժամը 17։16-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով փլուզվել է Գյումրի քաղաքի Վահան Չերազի փողոցի տներից մեկի հյուրասենյակի առաստաղը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ անձրևաջրերի հետևանքով վնասվել է տան առաստաղի գիպսե քիվը՝ մասամբ, որի մի մասը պոկվել և ընկել է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Վնասներ՝ քամու հետևանքով
Հունիսի 18-ին, ժամը 10։40-ից 17։20-ը Ճգնաժամային կառավարման ազգային, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Շենգավիթ, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գյումրի քաղաքում, Սանահին թաղամասում և Կապուտան գյուղում վնասվել են շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և կոտրվել են ծառեր։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, տարածքների սահմանազատման, թիթեղների ապամոնտաժման աշխատանքներ. զոհեր և տուժածներ չկան:
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն