Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին: Ինչպես նախապես հայտարարվել էր, Փաշինյանը ցանկացել է, որ իր բացման խոսքը, ելույթը, ինչպես նաեւ հարցուպատասխանը լինի հրապարակային:
Վարչապետը նախ պատմեց, թե ինչու չի կարողացել նոյեմբերի 9-ից շուտ դադարեցնել պատերազմը եւ հրադադարի պայմանագիր կնքել: Նա նշեց, որ Շուշիի անկումը մեծ դեր խաղաց, մեր՝ շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ:
Փաշինյանը ներկայացրեց պատերազմը դադարեցնելու 5 փորձերը՝ սկսած հոկտեմբերի 7-ից, երբ զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան կապակցությամբ շնորհավորելու: Խոսել են կրակի դադարեցման մասին, ինքը Պուտինին ասել է, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, որից հետո տեղի կունենան բանակցություններ, բայց Ալիեւը չի ուզել հրադադար. «Հաջորդ օրը ՌԴ նախագահը ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի՝ ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին եւ հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչեւ Խոդաֆերինի ջրամբար, իրենք կարողանան ջուր վերցնել ջրամբարից, նաեւ իրենց հանձնել մարդասպանության համար իրենց պատիժը կրող Գուլիեւին եւ Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել: Ընդ որում, այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար էր հայտարարվում, այլ՝ ընդամենը հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար: Դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման չպիտի լիներ: Ասացի, որ ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահն ասել է, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների»:
Այնուամենայնիվ, Փաշինյանն ասել է, որ Խոդաֆերինի ջրամբարից կարող է ադրբեջանական կողմն էլ օգտվել, Գուլիեւին, Ասկերովին հանձնելը ընդունելի չի եղել։ Ֆիզուլին առանց մարտի հանձնելու պայմանը եւս ընդունելի չի եղել: Քանի որ Ալիեւը չի գնացել հրադադարի, առաջարկվել է 5 շրջան հանձնել, Ղարաբաղի կարգավիճակը թողնել անորոշ ապագայի:
Կարդացեք նաև
Ավելի ուշ Պուտինն առաջարկել է ռուսական նախկին տարբերակով լուծման գնալ՝ 5+2 շրջան հանձնել, Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, Ղարաբաղի կարգավիճակը դարձյալ թողնել անորոշ ապագայի:
Փաշինյանը ներկայացրեց հրադադարի ձախողված փորձերը, բանակցությունների մանրամասները, երբ արդեն Ֆիզուլին եւ Ջաբրայիլը ադրբեջանական վերահսկողության տակ են եղել: Եղե՞լ է հնարավորություն Շուշին հայկական պահելու. «2020-ի հոկտեմբերի 19-ին ռուսական կողմն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմը եւս մի նախապայման ունի, որ ադրբեջանցի փախստականները, որոնք հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90%-ը, վերադառնան Շուշի: ՌԴ-ի համար սա ընկալելի ակնկալիք էր, քանի որ ասում էին, որ միշտ էլ բանակցային օրակարգում ներառվել է փախստականների վերադարձի հարցը ԼՂ: Ահա ինձ ինչի մեջ են մեղադրում, որ եթե ես համաձայնեի, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի, այն կմնար հայկական վերահսկողության ներքո եւ թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված, կլիներ հայկական: Երբ Շուշիի հարցը բարձրացավ, փորձեցի պարզել, թե ինչպիսի տեսք կարող են ունենալ այդ տարբերակի դեպքում ադրբեջանցիների ակնկալած երաշխիքները: ՌԴ նախագահն առաջարկեց, որ այդ հարցը փոխկապակցության մեջ մտնի ԼՂ կարգավիճակի հետ: Ես այդ ձեւակերպմանը համաձայնվեցի, բայց ադրբեջանական կողմը մերժել էր դա ասելով, որ ինքը կարգավիճակի հետ կապված որեւէ հարց պատրաստ չէր քննարկել: Ավելին՝ այդ պահին արվող առաջարկի համաձայն, ոչ միայն Շուշիում ապրող, այլեւ բոլոր ադրբեջանցիները պետք է անարգել հասանելիություն ունենային Շուշիին, այսինքն, 50 հազար ադրբեջանցի կարող էր հյուր գնալ Շուշիում ապրող հայտնի չէ թե ինչքան ադրբեջանցու եւ այստեղ որեւէ սահմանափակում չէր կարող լինել: Ընդհուպ կարող են գնալ եւ մնալ: Ամենակարեւոր հարցը՝ ինչպե՞ս է ապահովվելու նրանց տեղաշարժը, պարզվեց՝ նոր ճանապարհ պետք է կառուցվի, որը Շուշիին պետք է կապեր Ադրբեջանին, կարող էր այդ ճանապարհը լինել Կուբաթլիով: Նրանք պետք է առանձին ճանապարհ ունենային, որը պետք է դուրս լիներ Լաչինի միջանցքից եւ լիներ իրենց վերահսկողության ներքո, սա նշանակում էր, որ կարող էին այնտեղ լինել զինված ուժեր: Սա, առանց չափազանցության, Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր: Դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը չի գործելու, ադրբեջանցիները կարող էին ցանկացած պահի դա փակել»:
Սա ամբողջը չի եղել, առաջարկել են խաղաղապահներ տեղակայել ոչ միայն Ղարաբաղում, այլ նաեւ Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արեւմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջեւանի հետ. «Ես չհամաձայնեցի նաեւ դրան, որ ՀՀ տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտնվող շերտ, միջանցք լինի: Իմ դիրքորոշումը ինչպես հիմա, նախկինում էլ եղել է դա»:
Վարչապետի խոսքով՝ արտախորհրդարանական ուժերի հանդիպմանը ներկայացրել է այս ամենը՝ համարելով, որ նրանց դա պատմելով՝ հանրությանն է պատմում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարում՝ Վարչապետն Արցախում 09.05.2018