Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոկրատիայի ուժը հասարակության բզկտվածության մեջ է

Հունիս 20,2023 10:00

Ի տարբերություն տոտալիտար ռեժիմների, ավտոկրատիաները սովորաբար, հնարավորությունների սահմաններում, ձգտում են ապահովել օրինականության իմիտացիան: Նույնիսկ Պուտինը բացահայտորեն չի հայտարարում՝ «ես ձեր հավերժ թագավորն եմ, եւ վերջ»: Նա, ինչպես հայտնի է, «զրոյացրել» է նախագահ լինելու սահմանադրական ժամկետները, ինչը դարձյալ անթաքույց կամայականություն է, որը, սակայն, ծածկված է «օրենքի» թեթեւ շղարշով:

Այդպես է նաեւ ավտորիտար ռեժիմների պայմաններում քաղաքական հետապնդումների պարագայում: Կրեմլի քարոզիչները Նավալնիին կամ Յաշինին ներկայացնում են որպես քրեական հանցագործներ: Անկախ Հայաստանում նույնպես՝ Աշոտ Բլեյանին եւ Վանո Սիրադեղյանին հետապնդելու ժամանակներից գործում է նշված օրինաչափությունը, եւ այսօրվա իշխանությունները շարունակում են ավտոկրատիայի այդ հայտնի ավանդույթները՝ ներկայացնել քաղաքական հետապնդումը որպես քրեական:

Սակայն, ինչպես եւ այլ դեպքերում, այստեղ էլ ես խնդիրը փնտրում եմ նաեւ մեր մեջ՝ մենք, տվյալ դեպքում՝ հասարակությունն իրենից կախված ամեն ինչ անո՞ւմ է, որպեսզի չլինեն քաղբանտարկյալներ: Ակնհայտորեն՝ ոչ: Ավտորիտարիզմի ուժի եւ «անպարտելիության» հիմքում ես տեսնում եմ հասարակության անմիաբանությունը: Բոլորը գիտեն, որ Աշոտյանը նստած է իր քաղաքական ակտիվության պատճառով: Նրանց, ովքեր այս կամ այն պատճառով պարտադրված են հակառակն ասել, ես մի կողմ եմ թողնում: Բա մնացածնե՞րը: Ինչո՞ւ, օրինակ, ՀԱԿ-ն այդ հարցը չի բարձրաձայնում: Ինձ թվում է, այն պատճառով, որ խնդիրներ ունի ՀՀԿ-ի հետ: Եթե վաղը Փաշինյանը որոշի բռնել ՀԱԿ-ի որեւէ ներկայացուցչի (ոչինչ իրականում բացառված չէ), ՀՀԿ-ն եւ Դաշնակցությունը նույնպես ձայն չեն հանի: Նույն պատճառով:

Նույն բզկտվածությունը կա նաեւ ավելի մեծ ազգային հարցերում: Եթե Արցախը պաշտոնապես ճանաչվի Ադրբեջանի կազմում, եւ, որպես դրա անխուսափելի հետեւանք, 120 հազար մեր հայրենակիցները սպանվեն կամ արտաքսվեն (ինչին եւ տանում է ներկայիս իշխանությունների քաղաքականությունը), դրանից որոշակի ժամանակ անց հայկական պետությունը կդադարի գոյություն ունենալուց: Կարծում եմ, բոլոր քաղաքական ուժերը դա հասկանում են: Հետեւաբար, պետք է լինի բոլորին միավորող շատ պարզ գաղափար՝ Արցախը չպիտի լինի Ադրբեջանի տիրապետության տակ: Մնացած բոլոր հարցերում մարդիկ կարող են իրար հակադրել, իրար հետ վիճել, նույնիսկ՝ իրար ատել: Հոգու խորքում համաձայն լինելով մի հարցում, քաղաքական դաշտի եւ, ավելի լայն իմաստով՝ հասարակության առողջ մասը չի համախմբվում: Ինչից եւ օգտվում է իշխանությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    …«Հետեւաբար, պետք է լինի բոլորին միավորող շատ պարզ գաղափար՝ Արցախը չպիտի լինի Ադրբեջանի տիրապետության տակ:»
    Քանի որ հիշեցիք Վանո Սիրադեղյանին, մի մեջբերում անեմ իր «Ազգային֊ազատագրական պայքարը մնաց 20֊րդ դարում» հոդվածից՝ գրված 2002 թվին:
    «Իսկ մինչ այդ ընդամենը պետք է պահպանել ու հզորացնել եղած Հայաստանը։ Իսկ երկիրը հզորացնելու առաջին քայլը, որքան էլ տարօրինակ թվա հայ բանականությանը, եղածը պահպանելն է։ Եւ ուրեմն գոնե հայ պետական քաղաքականությունից պետք է դուրս շպրտվի ամենայն բան, ինչը խոչընդոտում է այդ խնդրի իրագործմանը։ Իսկ թե ինչն է խոչընդոտում, պարզ է ցերեկվա լույսի նման ― այն ամենը, ինչի պատճառով հայաթափվում է Հայաստանը…. Եթե այդ անկախ պետության սահմանները համընկել են Նիկոլ Փաշինյանի ծննդավայրի սահմանների հետ, դա չի նշանակում, որ աշխարհը մեզ դեռ պարտք է մեկական Հայաստան էլ Ադրբեջանում՝ Ռոբի համար, Խոյում՝ պարսկաստանցի Հրանտի, Վասպուրականում՝ Վազգեն Մանուկյանի…»:
    Սա հենց այն ծրագիրն է, որ իրականացնում է Փաշինյանը և որի շուրջ խաբեությամբ համախմբեց «բոլորին»: Հենց այդպես գռեհկաբար ցույց տալով, թե ինչպես 30 տարվա պայքարը, կյանքերի գնով ունեցած ձեռքբերումներն ու 120000 հոգու ճակատագրերը կարող են ստորադասվել մարդկանց՝ «Ռոբ» կամ «Սերժ» անուններով գրգռվող ստորին բնազդներին:

  2. Ruben says:

    Վերականգնեք անցյալը, վերադարձրեք հիշողությունը, ստեղծեք ձեր սեփական աշխարհը և դարձեք նրա արժանի տերը։
    Սա վերաբերում է արմատներով Հայկական լեռնաշխարհից, ազնվածին, արդար, խիզախ ու ինքնասեր մարդկանց…

  3. Nimar says:

    Իմ կարծիքով, այն ենթադրությունը, որ պարոն Աշոտյանը հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով իրականությունից, մեղմ ասած, հեռու է։ Ես խորապես համոզված եմ, որ քաղաքական կարիերա կերտող մարդկանց
    ճնշող մեծամասնությունը հեռու է իդեալիստական ​​մղումներից։
    Հատկապես այն հետխորհրդային երկրներում, որտեղ գերիշխում են ասիական ավանդույթները։
    Հերոսությունն ու գողությունը, անձնական ստորությունն ու մարտում քաջությունը հեշտությամբ զուգակցվում են նույն
    անձի մեջ: Մեր նորագույն պատմությունը լի է նման օրինակներով։ Գեներալ Մանվելին քաղաքական
    դրդապատճառներով են հետապնդե՞լ:
    Ի դեպ, գեներալն ու պատերազմի հերոսը «սայթաքել եր» քաղաքականությունից շատ հեռու ու քրեականությանը
    մոտ գործերով։ Նման մարդիկ ճնշող մեծամասնություն են։ Եթե ​​նրանք հնարավորություն ունենան անպատիժ
    հանցագործություն կատարելու, անպայման կօգտվեն այս շանսից։ Իսկ եթե վստահ չեն իրենց անպատժելիության
    մեջ, կփորձեն դրա համար ստեղծել բոլոր պայմանները։ Այդ թվում՝ քաղաքական։ Բոլորս հիշում ենք, թե ով,
    ինչպես և ում էր կաշառք տալիս ԽՄԿԿ-ին անդամակցելու համար և գողության ու չարաշահումների մասշտաբները։
    Եվ ինչպես այդ նույն մարդիկ մի քանի օրում կոմունիստներից «վերաներկեցին» լիբերալների։ Բայց հոգեբանությունը,
    սովորություններն ու ավանդույթները շարունակվեցին՝ նոր պայմաններում, շատ ավելի այլասերված ձևերով։
    Ես երբեք չեմ վստահել կուսակցականներին և չեմ փոշմանել դրա համար, ամեն անգամ համոզվել եմ, որ
    լավագույն դատավորը ժամանակն է։ Վաղ թե ուշ ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930