Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել են մարդկային սաղմի առաջին սինթետիկ մոդելները

Հունիս 20,2023 09:30

Գիտնականները ստեղծել են մարդկային սաղմի առաջին սինթետիկ մոդելները՝ մարդու զարգացման ամենավաղ փուլն ավելի լավ հասկանալու նպատակով։

Ինչպես հայտնում է CNN-ը, էմբրիոնանման այդ կառույցները ստեղծել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գիտնականները՝ օգտագործելով մարդկային սաղմի ցողունային բջիջները։ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի և Անգլիայի Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Մագդալենա Զերնիցկա-Հետցը պատմել է, որ առաջին անգամ ստացել են սաղմնային բջիջներ, որոնք հետագայում վերածվելու են ձվաբջջի կամ սերմնաբջջի, սակայն իրենց կողմից ստեղծված այդ մոդելները չունեն մարդկային սաղմի բոլոր առանձնահատկությունները։ Դրանք գտնվում են զարգացման ամենավաղ փուլում՝ դեռևս չունենալով աշխատող սիրտ ու գլխուղեղ։ 

«Ես միայն ցանկանում եմ ընդգծել, որ դրանք մարդկային սաղմեր չեն»,-ասել է պրոֆեսորը։ «Դրանք էմբրիոնների մոդելներ են, բայց շատ հետաքրքիր են, քանի որ շատ նման են մարդու սաղմին և կարող են լինել շատ կարևոր ձեռքբերում անհաջող հղիությունների պատճառները բացահայտելու ճանապարհին»։

Այս բացահայտումը, սակայն, խնդրահարույց է, քանի որ ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում չկան օրենքներ, որոնք կարգավորում են սինթետիկ սաղմերի ստեղծումն ու մշակումը, չնայած որ նման բացահայտումների ռիթմը գնալով արագանում է։ 

«Ի տարբերություն արտամարմնային բեղմնավորման արդյունքում առաջացող մարդկային սաղմերի, որտեղ կա հաստատված օրենսդրական դաշտ, ներկայումս չկան հստակ կանոնակարգեր, որոնք կարգավորում են ցողունային բջիջներից ստացված մարդկային սաղմի մոդելները: Օրենսդրական կանոնակարգման հրատապ անհրաժեշտություն կա, որը հիմքեր կապահովի ցողունային բջիջներից ստացված սաղմերի մոդելների ստեղծման և կիրառման համար»,- ասել է Լոնդոնի Ֆրենսիս Քրիքի ինստիտուտի հետազոտությունների տնօրենի տեղակալ Ջեյմս Բրիսկոն:

Պրոֆեսոր Մագդալենա Զերնիցկա-Հետցը հույս է հայտնել, որ սաղմնային այդ մոդելները թույլ կտան հասկանալ, թե ինչ է տեղի ունենում բեղմնավորման և առաջին 14 օրերի միջակայքում։ Դա լաբորատորիայում էմբրիոնների աճեցման և ուսումնասիրման համաձայնեցված սահմանաչափն է։ Սաղմնային մոդելները գտնվում են փորձանոթներում և դրանց ներմուծումն արգանդ արգելված է։

Կապիկների և մկների վրա անցկացված նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ սինթետիկ էմբրիոնները չեն ապրում տեղափոխվելուց հետո։ Սակայն մկների բջիջներից ստացված էմբրիոնանման կառույցների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կառույցի ստեղծումից մոտավորապես 8 օր հետո սկսվում է գլխուղեղի, սրտի և աղիների զարգացումը։ 

Հետազոտության նպատակն է ՝ պարզել, թե ինչու սաղմը երբեմն չի զարգանում ներմուծումից հետո։ 

«Մենք շատ քիչ բան գիտենք մարդկային զարգացման այդ փուլի մասին, բայց դա այն ժամանակահատվածն է, երբ շատ հղիություններ ընդհատվում են, հատկապես արտամարմնային բեղմնավորման պայմաններում», – ասել է Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի մոր և մանկան առողջության ոլորտի ավագ գիտաշխատող  Ռոջեր Սթուրմին։

Ներկայումս մենք կարող ենք ասել, որ սինթետիկ էմբրիոնները մի շարք ընդհանուր գծեր ունեն բլաստոցիստների* հետ, սակայն պետք է ընդունենք, որ  դեռ շատ աշխատանք է հարկավոր՝ սինթետիկ էմբրիոնների և բնական ճանապարհով առաջացած սաղմի տարբերություններն ու նմանությունները հասկանալու համար»։

*Բլաստոցիստը կառույց է, որը ձևավորվում է կաթնասունների վաղ զարգացման շրջանում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930