Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանություններից պահանջում ենք ձեռնարկել անհետաձգելի գործողություններ՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը»

Հունիս 19,2023 23:55

Արդեն հինգ օր է, Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է անգամ ծանր հիվանդների տեղափոխման և հումանիտար բեռների ներկրման համար: «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ը դատապարտում է Արցախի լիակատար պաշարման փաստի անտեսումը միջազգային հանրության կողմից:

Արցախի Հանրապետության 120 հազար քաղաքացիների, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների և հարյուրավոր անհետաձգելի բուժման կարիք ունեցող հիվանդների՝ օրեցօր խորացող հումանիտար խնդիրներին դեկլարատիվ հայտարարություններով արձագանքելը եւ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումներն անհետեւանք թողնելը համարում ենք միջազգային կազմակերպությունների կողմից երկակի ստանդարտների կիրառում եւ իր հայրենիքում ապրող բնիկ ժողովրդի հանդեպ էթնիկ զտումների ու ցեղասպանական նկրտումների իրագործման խրախուսում: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված իրավունքը «Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների եւ անվտանգության» անհասկանալի ձևակերպմամբ փոխարինած Հայաստանի Հանրապետության իշխանությունները փաստացի Արցախը տանում են դեպի բռնակցում Ադրբեջանին:

Անընդունելի է նաեւ, որ Արցախի Հանրապետության իշխանությունները, դուրս մնալով սեփական ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ բանակցություններից, սահմանափակվում են միայն հումանիտար աղետը կանխելու նպատակով բնակչությանը «խիստ տնտեսման» կոչեր հղելով:Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող ճանապարհին տեղադրված ադրբեջանական անցակետը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ակնհայտ խախտում է, ուստի, պահանջում ենք Ռուս խաղաղապահ զորակազմից՝ ապահովել նշյալ հայտարարությամբ ամրագրված դրույթների կատարումը՝ անհապաղ ապաշրջափակելով միջանցքը:

Կոչ ենք անում հայկական բոլոր կազմակերպություններին եւ ազգային կառույցներին, աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին՝ բողոքի ձայն բարձրացնել Արցախի ժողովրդին պատուհասած աղետի կապակցությամբ և դիմել իրենց նստավայր երկրների կառավարություններին ու խորհրդարաններին՝ Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցներ կիրառելու պահանջով:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք ձեռնարկել հայ ժողովրդի առջև ստանձնած պատասխանատվությունից բխող անհետաձգելի գործողություններ՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը:

Մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք հայրենիքում ազատ ապրելու մեր իրավունքի համար եւ Արցախի Հանրապետության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն արժանանալու է համարժեք պատասխանի:

 

«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930