Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում խուլ ու համր 3 երիտասարդի են հարկադիր աշխատեցրել, վաստակած գումարը վերցրել

Հունիս 19,2023 23:07

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունիսի 1-ին Ոստիկանությունում «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախկին և ներկայիս անդամներ՝ Ա.Ս-ն, Է. Ղ,-ն և Ս. Վ.-ն հայտնել են աշխատանքային շահագործման մասին տեղեկություններ: Մասնավորապես՝ Ա.Ս.-ն Է.Ղ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել, որ «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախկին անդամներ՝ Ա.Մ.-ն , Հ, Ս.-ն 2021 թվականից Ա.Ս.-ին, իսկ 2022 թվականից Է.Ղ.-ին բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով, հարկադրանքի այլ ձևերով, վարկեր ձևակերպելով, պարտքային կախվածության մեջ գցելու միջոցով առաջացած վիճակի խոցելիությունն օգտագործելու եղանակով ստիպել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի փողոցներում, զբաղվել ավտոմեքենաների կայանումը հսկելու ապօրինի գործով և վերցրել այդ ճանապարհով վաստակած ողջ գումարը կամ դրա մի մասը՝ այդպիսով նրանց ենթարկելով աշխատանքային շահագործման:

Միաժամանակ Ս.Վ.-ն հաղորդում է տվել, որ Վ. Ա.-ն անվտանգությունը ապահովելու կեղծ խոստումներով, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու, ինչպես նաև վիճակի խոցելիությունը օգտագործելու եղանակով ստիպել է իրեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի փողոցներում զբաղվել ավտոմեքենաների կայանումը հսկելու ապօրինի գործով և յուրաքանչյուր օր վերցրել այդ ճանապարհով վաստակած գումարի մի մասը, իսկ Ա.Մ.-ն խաբեությամբ վարկեր ձևակերպելով պարտքային կախվածության մեջ է գցել Ս.Վ.-ին, ինչը ստիպված մարում է ինքը հիշյալ աշխատանքով ստացված իր մոտ մնացած գումարով:

«Հաղորդումը ոստիկանությունից ստացվել է քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն: Պլանավորվել են կոնկրետ գործողություններ, սակայն ելնելով քրեական վարույթի նախաքննության շահերից, չվնասելու համար այդ գործողությունների արդյունքներին, այս պահին ձեռնպահ ենք մնում դրա վերբերյալ որեւէ տեղեկատվություն տրամադրելուց»,- Aravot.am-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930