Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղում լինեիր՝ բարդակ չլիներ». «Ցորի» զորամասի հրետանավորների գործով նիստում կրքերը բորբոքվեցին

Հունիս 19,2023 22:33

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր շարունակվեց «Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոնի գործով դատը: Այսօր դատարանում հարցաքննվեց առանցքային վկա, սպա Արիկ Գոքորյանը: Նիստի ժամանակ  կրքերը բորբոքվեցին:

Գեւորգ Գեւորգյանի պաշտպանի կարծիքով, զոհվածների իրավահաջորդների ներկայացուցիչը կիրառում է մարտավարություն, ըստ որի հարցերը ձեւակերպում է այնպես, որպեսզի իրեն ցանկալի պատասխաններ ստանա, մինչդեռ ինքը ցանկանում է իր հարցերի միջոցով իրական պատկերը բացահայտել. «Արդյոք, 250 հոգի, մինչեւ ատամները զինված թուրքի շանորդիների դեմ 32 մեր տղերքը՝ ԱԿՄ-ով զինված, կարո՞ղ էին… հա հասկացանք, պարոն Սիմոնյանին դիմադրություն բառն էր հետաքրքիր, ինքը ստացավ, ինձ այլ բան է հետաքրքիր՝ մի քանի հոգի տարբերությունը կտա՞ր հնարավորություն՝ մարտն այնպես վարել, որ հետեւանքը չառաջանար: Եթե իր կողքը լիներ 5 հոգի, դա ինչ-որ բա՞ն էր փոխելու՝ 250 հոգու առումով»:

Լիպարիտ Սիմոնյանն էլ հակադարձեց. «Պատերազմի ժամանակ մի կողմը կրակում է, մյուս կողմը՝ պաշտպանվում: Պատերազմում չի լինում այնպիսի իրավիճակ, որ սպասեն՝ տեսնեն այս կողմը քիչ է, չհարձակվեն, իսկ այն կողմն էլ մտածի, որ իրենք քիչ են՝ չպաշտպանվեն: Պատերազմը դիմացինին սպանելու նպատակ է հետապնդում եւ եթե ամեն մեկը մտածի, որ իրենից շատ են եւ թողնի ու փախնի՝ այսօր մենք հայրենիք չէին ունենա: Եթե խոսքը գնում է, որ հասարակությանը ցույց տանք՝ շան որդի թուրքերը… շան որդի թուրքերի դեմ պայքարել է պետք, ոչ թե հայկական դիրքը թողնել ու փախնել»:

Վկան պնդեց, որ անգամ 5 հագի ավել լինելու դեպքում, դիմադրությունը կարող էր երկարել՝ մինչեւ համապատասխան օգնությունը կհասներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Գեւորգ Գեւորգյանի՝ վկային ուղղված հարցերը սահուն վերածվեցին մեկնաբանությունների: Մեղադրող կողմը դատարանին հորդորեց՝ գործընթացը կազմակերպել այնպես, որ հարցերն ըստ էության հնչեն եւ Գեւորգ Գեւորգյանը զսպի էմոցիաները:

«Բայց սա էմոցիաներ է, հերոսի վիճակ է ստացած, չեմ ուզում այս պահին խոսեմ՝ հարցերից կհասկանաք, թե ինչ է կատարվում»,- բորբոքվեց մեղադրյալը:

Գործով այլ վկաներ, իրենց ցուցմունքում հայտարարել են՝ «բարդակ էր»: Գեւորգ Գեւորգյանը վկայից հետաքրքրվեց՝ ի՞նքն ինչ կարծիք ունի այդ մասով: «Տեղում լինեիր՝ բարդակ չլիներ»,- դահլիճից ռեպլիկ արեց ծնողներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում

Գեւորգ Գեւորգյանին դուր չեկան Արիկ Գոքորյանի ցուցմունքները. «Սաղդ իրար հետ պայմանավորվել եք՝ եկել եք մի բան եք ասում: Ես շատը խոսում եմ Ղազարյան Սամվելի ծնողի համար, ես միայն դրա համար եմ խոսում, ոչ թե պատմվածքներ հորինելու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ քրեական գործով Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով. ըստ նախաքննական մարմնի՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, մասնավորապես, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930