«Եվրոպայի խորհուրդն առաջարկել է կարևոր քայլերից մեկը, որը կազմակերպության իրավասության ներքո է՝ վստահության կառուցման մեխանիզմների ներդրումը»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ԵԽ գլխավոր քարտուղարին հիշեցրեց՝ Ադրբեջանը չի կատարում ՄԱԿ-ի դատարանի որոշումը և հարցրեց՝ ԵԽ-ն ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկում: Մարիա Պեյչինովիչ Բուրիչն իր ելույթում շեշտը դրեց վստահության կառուցման մեխանիզմների զարգացման վրա՝ նշելով, որ ԵԽ-ի՝ ստեղծված իրավիճակում լուծում գտնելու ճանապարհը երկու կողմերի միջև վստահություն և երկխոսություն հաստատելն է․ «Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը։ Ինչպե՞ս խաղաղություն կառուցել տարբեր կողմերից՝ դա կլինի ճանապարհ դեպի Նախիջևան, կամ խաղաղություն Լեռնային Ղարաբաղում և մարդու իրավունքների ապահովում, մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի իրացում Լաչինի միջանցքով, այս առումով կարող եմ ասել՝ բարձր մակարդակի պատվիրակություններ են այցելում երկու երկրներ։
Երկու-երեք շաբաթ առաջ այդպիսի պատվիրակություն եղել է Ադրբեջանում, երկու շաբաթվա ընթացքում էլ կլինի Հայաստանում։ Եվ այդ առաքելությունների նպատակն է քննել բոլոր հարցերը, որոնք կապված են ԵԽ-ի երկխոսության և խաղաղության հաստատման հետ։ Պետք է կողմերն իրար ավելի շատ լսեն, ավելի շատ խոսեն միմյանց հետ, պետք է քննարկվեն անհետ կորածների, գերիների հետ կապված հարցեր։ Միասին աշխատելուն և բանակցություններին ոչինչ չի կարող փոխարինել։ Բայց շատ մեծ բան կախված է երկրների ղեկավարներից։ Տեսնում եմ, որ խնդիրներ կան։ Ուստի ուզում եմ երկու երկրներին էլ հիշեցնել, որ հանձնառություն են ստանձնել խաղաղ լուծում գտնել կարևոր հարցերի շուրջ և ես կրկին հղում եմ կատարում այդ հանձնառություններին»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ