Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց փախնեմ, անձնակազմին թողնեմ՝ փախնե՞մ». «Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոնի գործով առանքային վկան հարցաքննվեց

Հունիս 19,2023 21:40

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր շարունակվեց «Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոնի գործով դատը: Այսօր դատարանում հարցաքննվեց առանցքային վկա, սպա Արիկ Գոքորյանը: Նա մանրամասն պատմեց պատերազմի առաջին իսկ օրվանից դիվիզիոնի երեք մարտկոցների տեղաշարժը՝ մինչեւ հոկտեմբերի 11-ը:

Մանրամասները՝ տեսանյութում

Վկան  հանգամանալից պատմեց նաեւ հոկտեմբերի 12-ի դեպքերի մասին, երբ դիվիզիոնի վրա եղել էր թշնամու լայնամասշտաբ հարձակումը, որից հետո մեծաքանակ զոհեր էր ունեցել հայկական կողմը: Վկան պատմեց, որ դիվիզիոնի հրամանատարի կողմից՝ առաջին՝ տարածքը լքել՝ ով ինչպես կարող է, հրամանից հետո, հրամանատար Գեւորգ Գեւորգյանը հեռացել է իր մեքենայի կողմ: Դրան հաջորդել է մեկ այլ հրաման՝ թողնել տարածքը լքելու մասին հրամանը եւ պատրաստվել մարտի. նաեւ կոորդինատներ են տրվել:

Զորքը դիրքավորվել է. անհավասար մարտում թշնամուն դիմակայել են 1,5 ժամ կամ մի փոքր ավելի: Այդ ընթացքում հրամանատար Գեւորգ Գեւորգյանին վկան չի տեսել: Նա ասաց, որ արդեն մարտի հաջորդ օրը, երբ հասկացել են, որ տարածքում բազում ադրբեջանցիներ կան, բայց որոշել են հետ գնալ՝ ինչքան որ հնարավոր է, որպեսզի եթե վիրավորներ կան, նրանց դուրս բերեն, տեսել են Արգիշտի Բիչախչյանին. հարցրել են՝ ինչո՞ւ է նա այդտեղ, քանի որ իրենց մեքենան գնացել է: Վերջինս պատասխանել է, որ վազել է եւ մեքենայի ետեւից չի կարողացել հասնել:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ քրեական գործով Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով. ըստ նախաքննական մարմնի՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, մասնավորապես, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ։


Մեղադրողը վկայից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Գեւորգ Գեւորգյանը չէր համակարգում մարտական գործողությունների ընթացքը: Արիկ Գոքորյանը պատասխանեց, որ ընդհանրապես դիվիզիոնի պետին էր փոխանցվում հրամանները, բայց տվյալ պահին մարտկոցների ղեկավարներին էր փոխանցվում. «Բոլորս՝ դիվիզիոն օղակը եղել ենք մի կապի տակ, ես էլ եմ հրամանները ստացել»: Նա հայտարարեց, որ կրակային դիրքերը թողնելու առաջին հրամանի ժամանակ Գեւորգ Գեւորգյանն ու ինքը միասին են եղել: Բայց այդ հրամանի չեղարկումից հետո, Գեւորգ Գեւորգյանին ինքը չի տեսել:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեղադրող դատախազը նաեւ հստակեցրեց՝ ճի՞շտ է հասկանում, որ ըստ ցուցմունքի, վկան, կրակը սկսվելուց հետո, բոլոր որոշումները կայացրել է միանձնյա, նրա գործողությունները վերադաս անձի կողմից չի համակարգվել: Վկան հաստատեց՝ հստակեցնելով, որ այդ ժամանակ արդեն Գեւորգ Գեւորգյանը դեպքի վայրում չի եղել:

Մանրամասները՝  տեսանյութում

Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էլ վկային դիմելով հիշեցրեց, որ զոհվածների ծնողների հետ մասնավոր զրույցում ինքն ասել է, որ հրամանատար Գեւորգ Գեւորգյանը փախուստի է դիմել. այժմ մնո՞ւմ է իր այդ կարծիքին: Վկան պատասխանեց՝ դա իր կարծիքն է եղել, հիմա, դատարանում, չի ցանկանում բառերից ու որակումներից կառչել, բայց պնդեց՝ փաստը մնում է փաստ, որ մարտական գործողությունների ժամանակ Գեւորգ Գեւորգյանը տարածքում չի եղել եւ չի համակարգել զինվորների գործողությունները, ինչը իրեն վերապահված է կանոնադրությամբ:

Պաշտպանի հարցերին պատասխանելով՝ վկան ասաց, որ եթե մյուս մարտկոցից օգնություն գար եւ իրենք ավելի շատ լինեին՝ «այսքան երեխան չէր զոհվի»: Իրենք մոտ 20-22 հոգով դիմադրել են 200-250 հոգու՝ 1-1,5 ժամ:

Պաշտպանը նաեւ հարցրեց՝ ինչո՞ւ ինքը՝ Արիկ Գոքորյանը չի փախել: Վկան պատասխանեց. «Ո՞նց փախնեմ, անձնակազմին թողնեմ՝ փախնե՞մ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930