Երեկ Շիրակի մարզի մի քանի համայնքներում ու Գյումրիում տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը բավական լուրջ վնասներ են պատճառել։
Անմիջապես ահազանգ էինք ստացել Շիրակ համայնքից, մեզ լուսանկարներ էին ուղարկել, որոնցով ակնհայտ էր՝ բերքն ամբողջապես վնասվել է (Տես լուսանկարներում)
Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ տուժել են Ախուրյան խոշորացված համայնքի 5 բնակավայրեր՝ Ախուրյան, Շիրակ, Կամո, Ոսկեհասկ, Առափի, նաև Հայկավանի մի հատվածը։
Նախնական տեղեկատվությամբ, վնասվածության աստիճանը 30-90 տոկոս է, վնասվել են հացահատիկային մշակաբույսերը, բանջարեղենը։
Համայնքային հանձնաժողովներ են կազմվել, որոնք վնասի հստակ չափը կորոշեն։
Գյումրիում էլ հորդառատ անձրևն անանցանելի էր դարձրել փողոցները․ օգտատերերից շատերը լուսանկարներն էին հրապարակել՝ կատակելով, որ զբոսաշրջային Գյումրին վերածվում է Վենետիկի։
Գյումրեցիներին առավել մտահոգել է այն, որ նման վիճակում են հայտնվել կենտրոնական փողոցները, որոնք նոր են վերանորոգված։
Հեռուստաօպերատոր Տիգրան Գասաբյանը, որը լուսանկարների հեղինակ է, եւ ներկայացնում է Գյումրիի գրեթե բոլոր շենքերի, փողոցների, թաղերի պատմությունները, տեսանյութեր էր հրապարակել Գյումրու կենտրոնական զբոսայգու՝ «Գորկու սադի» մոտից, որտեղ զբոսաշրջիկներն օգնում են փողոցն անցնել՝ հեգնելով․ «Գետանցում կկազմակերպեինք մարդկանց համար։
Զարգացող տուրիզմը ըսպես կէղնի, Գյումրու համայնքապետարան, չէ բը զահլա կա»։
Մեկ այլ տեսանյութում էլ նա կատակել է․ «Շնորհակալություն ՀԷՑ-ին, որ կարևոր պահերին ռոմանտիզմ կապահովե ու լույսը կանջատե վրեքս, շնորհակալություն Գյումրու համայնքապետարանին, որ ջրային զվարճալի ատրակցիոններով կապահովե մեզի։ Ապրիք բոլոր համապատասխան մարմիններով, որ տուրիզմը շռնդալից կերպով կզարգացնեք, այլեւս չենք դիմանա զարգացման էս տեմպին»։
Գյումրեցիները նրա տեսանյութերի տակ լուսանկարներ էին տեղադրել Գյումրու տարբեր անանցանելի դարձած փողոցներից՝ հումորներ գրելով։
Նրանցից մեկը գրել էր ․ «Գյումրու համայնքապետարանը զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին առաջարկում է «Ֆայտոն-գանդոլա» ՀՈԱԿ-ի ծառայությունները՝ Յունի լիճ, Վարդանենց լիճ, Հաղթանակ գետ, Աճեմյան նեղուց, 58-ի ծովեր, Օղակ օվկիանոս, Աբովյանի նեղուց և այլ համախառն վայրերից անփորձանք տեղափոխում առագաստանման ֆայտոններով, գանդոլաներով և պլաստմասե շշերով կապկպված տաշտերով»։ Նա թվարկել էր Գյումրու փողոցներն ու թաղամասերը։
Մյուսն արձագանքել էր․ «Տեսեք՝ ինչքան թազա գետեր ի հայտ եկան մե րոպեվա մեջ` լիքը տուրիստ գուկա տեսնելու, հատկապես ուժեղ անձրևների վախտ։ Ընտիր է, ըսորից հետո կռուգլի տարի»։
Մեկ ուրիշը հարցնում էր․ «Աճեմյան գետն էլ է վարարե՞լ»։ Օգտատերն ի նկատի ուներ Աճեմյան փողոցը, մյուսն ի պատասխան՝ գրել էր․ « Հրապարակը տեսնեիր, լրիվ Տղմուտ գետն էր»։
Մի օգտատեր էլ կատակել էր, թե․ «Ըսիկ Լեննականն է, ամենինչ էլ կռնա էղնի, սաղ տարին ծով կուզենք երտանք, չենք կռնա, Իտալիան շատերը գուզեն տեսնին, փող չկա…
Դե մեր քաղաքի ղեկավարներն էլ ժողովրդի մասին կմտածե, կսեն՝ ժողովուրդը մեղք է, թող գան նկարվին, գետ տեսնին, ջուր տեսնին, մեղք են։
Ինչ օր կենեն ժողովուրդի համար կենեն, թե չէ իրանք շուտվանից էդ հարցը լուծել էին»։
Առավել քննարկվել էր Գյումրու Աբովյան ճեմափողոցը, սոցիալական հարթակներում այս ճեմափողոցից լուսանկարներն էին։
Ինչո՞ւ է զբոսաշրջային Գյումրին այս խայտառակ վիճակում, եթե քաղաքը չունի ջրահեռացման համակարգ, ինչպե՞ս են փողոցները վերանորոգում։
Գյումրի կոմունալ ծառայություն ՀԲՀ տնօրենի ժ/պ Արտավազդ Ոսկանյանը, սակայն, նշում է, որ դա ամենևին կապ չունի ջրահեռացման համակարգի հետ, այդ վիճակը պայմանավորված է տեղումների մեծ քանակով։
«Աղետալի վիճակ էր, բոլոր փողոցներում ջրի հոսքը շատ մեծ էր, կապված չէ հեղեղատարերի հետ, որովհետև բոլոր հեղեղատարերը գործող են, տեսանյութերը կան, նկարահանված է։
Կոմունալ ծառայությունն իր ողջ ուժով մասնակցել է այդ բոլոր պրոցեսներին, որպեսզի հեղեղատարների վրա ջուրը քաշելիս՝ ոչ մի տեղ խոչընդոտ չառաջանա, ուղղակի ջրի ծավալի շատ լինելն է եղել պատճառն այս ամբողջի։ Տեսնում եք՝ ամբողջ աշխարհում անձրևի ծավալի հետ կապված ինչ ջրհեղեղներ են տեղի ունենում։ Փառք Աստծո, գոնե քաղաքում մեծ խնդիրներ չառաջացան, մենակ ծաղիկներ են վնասվել քաղաքում»,-ասում է պաշտոնյան։
Նա նշում է, որ ահազանգեր եղել են, սակայն դրանք այն թեմայով էին, որ չեն կարող անցնել փողոցը։ Նա հավաստիացնում է , որ կոմունալ ծառայությունը բոլոր տեղերում շրջայց է կատարել, հեղեղատարները ստուգվել են։
Ըստ նրա, 450 գործող հեղեղատար կա քաղաքում։ Պաշտոնյան նշում է, որ դա քիչ քանակություն է, բայց կարևորը կա։
Արտավազդ Ոսկանյանի ասելով, Գյումրու համայնքապետարանը փողոցաշինություն սկսելուց առաջ հեղեղատար ունենալը պարտադիր պայման են դարձնում։
Նշենք, սակայն, որ Գյումրու համայնքապետարանի էջում, որտեղ տեղադրված էին լուսանկարներ, թե ինչպես է կոմունալ ծառայությունը ջրահեռացում անում, հեգնախառն մեկնաբանությունն էին գրում։ Օգտատերերը պահանջում էին աշխատակիցներին տրամադրել ճտքավոր կոշիկ ձեռնոց, անձրևանոց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ