Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռու չէ այն օրը, երբ փաստաբանների կարիքն են ունենալու նաեւ այս իշխանությունները»․ փաստաբանները բողոքի ցույց էին անում, հեռուստացույց նվիրեցին գլխավոր դատախազին

Հունիս 19,2023 19:01

Մի խումբ փաստաբաններ այսօր բողոքի ցույց էին անում գլխավոր դատախազության շենքի դիմաց:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց ոստիկանական բաժանմունքում վերջերս տեղի ունեցած բռնությունը փաստաբանի նկատմամբ։

Հիշեցնենք՝ փաստաբան Կարեն Ալավերդյանը հայտարարություն է տարածել, ըստ որի, մի խումբ ոստիկաններ ոստիկանության Կենտրոնի բաժնում ծեծել են իր պաշտպանյալին, ապա իր՝ Կարեն Ալավերդյանի նկատմամբ իրականացվել է անհարկի ֆիզիկական ուժի գործադրում, ձերբակալվել է, կիրառվել է ձեռնաշղթա և հատուկ միջոցներ։

Ցույցի մասնակից փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝  սա բռնության արդեն երկրորդ դեպքն է այս տարվա ընթացքում․ «Դեպքից հետո փաստաբանները նիստ են հրավիրվել, նրանք մտահոգություններ ներկայացնելով՝ նաեւ առաջարկություններ ներկայացրեցին, որ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բոլոր պատասխանատու եւ մեղավոր անձինք որոշակի պատասխանատվություն կրեն: Առայժմ մենք որեւէ արձագանք չունենք: Ուրբաթ օրը տեղի ունեցավ երթ դեպի ԵՄ գրասենյակ, որին պետք է իրազեկվեր այն մասին, որ ԵՄ կողմից ոստիկանության բարեփոխումների համար նախատեսված դրամական միջոցները ուղղվում են փաստաբանների նկատմամբ հատուկ միջոցներ գործադրելու եւ բռնություն գործադրելու միջոցների ձեռքբերմանը»։

Փաստաբանն ասաց, որ այսօրվա ցույցի իմաստը հեռուստացույցն է, որը բերել էին դատախազության շենքի դիմաց, որպեսզի փաստաբանների անունից նվիրեն գլխավոր դատախազին․ «Նախորդ բռնության դեպքի մասին Ազգային Ժողովում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց էին ուղղել։ Նա ասել էր, որ այդպիսի դեպքից տեղյակ չէ, չի հիշում։ Հիմա մենք հեռուստացույց ենք բերել, որպեսզի տիկին Վարդապետյանը այս հեռուստացույցի միջոցով հնարավորություն ունենա հետեւելու Հայաստանում տեղի ունեցող դեպքերին, եւ այս հեռուստացույցը բացի Հանրային հեռուստաընկերությունից, այլ ալիքներ էլ է բռնում: Այդ ալիքներով ինքը հնարավորություն կունենա տեղեկանալու, որ օրինակ, փաստաբանների նկատմամբ բռնության դեպքեր են լինում»։

Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի պետական մարմիններն ու իշխանությունները պետք է շատ լավ գիտակցեն՝ պետք չէ այրել կամուրջները փաստաբանական համայնքի հետ․«Որովհետեւ հեռու չէ այն օրը, երբ փաստաբանական համայնքի, փաստաբանների ծառայությունների կարիքն ունենալու են նաեւ իրենք։ Փաստաբանների նկատմամբ այսպիսի բռնությունները, որոնք մնում են անպատիժ, դրանք հղի են հետագայում փաստաբանական համայնքի, փաստաբանների եւ իրենց ապագա պոտենցիալ վստահորդների միջեւ անջրպետի ձեւավորմանը»։

Ցույցի մեկ այլ մասնակից՝ փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ նշեց․ «Մենք ոչ թե կոնկրետ համակարգի ենք թիրախավորում, այլ թիրախավորում ենք այն վատ ոստիկաններին, որոնք իրականացնում են նման բռնությունները»։

Նա ասաց, որ փաստաբանի նկատմամբ կիրառվել են բռնության այնպիսի դրսեւորումներ, քրեական դատավարության օրենսգրքով արգելված այնպիսի գործողություններ, որոնք պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմեր։

Ֆարմանյանի խոսքով․«Մեր ցույցի նպատակն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազը իրազեկվի, թե երկրում ինչ է կատարվում, որովհետեւ նա երկրի բարձրագույն ամբիոնից հայտարարեց, որ տեղեկացված չէ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքին: Ենթադրում ենք՝ քանի որ նա միայն Հ1-ի լրատվական բազային է հետեւում, կան նաեւ այլ լրատվամիջոցներ, կան ինֆորմացիայի այլ աղբյուրներ, որոնց միջոցով մեր հարգարժան դատախազը կտեղեկանա երկրում կատարվում իրավիճակին, մասնավորապես, փաստաբանների դեմ բռնությունների մասին»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930