Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը։ Այն մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ որպես հարգանքի տուրք Ուկրաինայի զոհերի։
Այնուհետև Վեհաժողովը քննարկեց «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու հարցով՝ ԵԽԽՎ Բյուրոյի առաջարկությունը։
ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը հայտարարեց՝ արդյոք Վեհաժողովը կո՞ղմ է, որ Լաչինի հարցով քննարկում անցկացվի, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը հայտարարեց․ «Ես հակադարձում եմ։ Այս թեմայով կազմակերպող քննարկումն ավելի շատ գլխացավ կարող է առաջացնել։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ մենք այնքան ենք մոտեցել խաղաղությանը, որ այս միջամտությունը կարող է ունենալ բացասական ազդեցություն։ Մեր պատվիրակության կողմից ես հայտարարում եմ, որ ճիշտ ժամանակ չէ այս հարցը քննարկելու համար»։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն էլ Լաչինի հարցով քննարկում կազմակերպելուն կողմ արտահայտվեց ու հիմնավորեց․ «Անկախ նրանից, որ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության հարցով, ցանկացած տեսակի քննարկում, որը վերաբերում է հումանիտար հարցերին, Լեռնային Ղարաբաղում ճգնաժամին, կարևոր է և չի կարող այս բանակցություններին վնասել»։
Կարդացեք նաև
Բյուրոյի առաջարկությունը՝ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում անցկացնելու վերաբերյալ դրվեց քվեարկության։
Քվեարկությանը մասնակցած 94 պատվիրակներից 73-ը կողմ էին, 15-ը դեմ և 6-ը ձեռնպահ։ Լաչինի միջանցքի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու հարցը մտավ ԵԽԽՎ օրակարգ։ Այն կկազմակերպվի հինգշաբթի օրը՝ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ