Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղողագործության ոլորտում մթերումների խնդիրն արդեն անհաղթահարելի է. խաղողագործ

Հունիս 19,2023 17:08

Խաղողագործության ոլորտում մթերումների խնդիրն արդեն անհաղթահարելի է, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի խաղողագործների միության նախագահ Արսեն Սիմոնյանը՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ու Իսպանիայի առևտրային պալատի այսօր կազմակերպած Ագրոարդյունաբերական ֆորումում։

«Մյուս խնդիրը կապված է արտահանման հետ, սեղանի խաղողի սորտը թարմ մրգի տեսքով պահպանման և արտահանման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառելիության փորձ չունենք: Ռուսական շուկայից մեզ դուրս են մղում, քանի որ հիմնականում չենք կարողանում համապատասխանել այն պահանջներին, որն առաջարկում են ցանցերը, նախ՝ լոգիստիկայի մեջ կիրառվող փաթեթավորման նորագույն տեխնոլոգիա կա, որը բավականին բարդ է: Ես 2018-ին այդ տեխնոլոգիաների ուղղությամբ որոշակի աշխատանք տարա, բայց երևի լավ չպայքարեցի, հիմա ուզում եմ լրջորեն պայքարել Հայաստանում այդ նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ, քանի որ տեսնում եմ, թե ինչպիսի փոսի մեջ ենք հայտնվել»,-նշեց խաղողագործը:

Ուլմա ագրիկոլայի խմբի կովկասյան տարածքի գլխավոր բիզնեսի շուկայի պատասխանատու Ռաֆայել Մարտինը տեղեկացրեց, որ իրենք ամենատարբեր ջերմոցային համակարգեր են արտադրում՝ բույսերի, բանջարեղենի, մրգեր, ինչպես նաև ձկնաբուծության համար: Նրա խոսքով, Հայաստանն իրենց համար ընտրյալ վայր է ջերմոցների արտադրության համար:


«Բավական երկար տարիներ տնտղել ենք Հայաստանի շուկան, Հայաստանում բազմիցս եմ եղել, բայց շուկա առաջին անգամ ենք մուտք գործում և հուսանք, որ համագործակցությունը երկար կլինի Հայաստանի հետ: Մեր նպատակն է Հայաստանի համար արտադրել հիմնականում ցիտրուսային մրգերի մշակմանն անհրաժեշտ ջերմոցային համակարգեր, առավել արդյունավետ համակարգեր ներդնել լոլիկի, վարունգի, բանջարեղենի մշակման համար, այսինքն` տալ այնպիսի մի պրոդուկտ, որը Հայաստանի կլիմային համարժեք կարողանա ավելի զարգացնել այդ բանջարեղենի մշակումը: Նախատեսում ենք արտադրել նաև քամուց, կարկուտից, արևից պաշտպանող ցանցային համակարգեր»,-ասաց Մարտինը և հավելեց,-«Այնպես չի, որ Հայաստանը զարգացած չէ, բոլորս լավ գիտենք, որ Հայաստանն ամենազարգացածն է ջերմոցների առումով, և դա վաղուց է այդպես, ոչ թե նոր են սկսել, իսկ մենք նպատակ ունենք պարզապես տարեցտարի զարգացող ջերմոցային համակարգերի նորամուծությունը բերել Հայաստան»:


Խաղաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջազգային կապերի բաժնի պետ Լիանա Աբելյանի խոսքով, գյուղատնտեսության զարգացման համար կարևոր են նորարար մոտեցումները, ժամանակակից տեխնիկական հագեցվածությունն ու նոր մեթոդների կիրառումը։ Ֆորումի նպատակն է հայ արտադրողներին ներկայացնել գյուղատնտեսության աշխարհում հայտնի ու փորձված մշակման, ոռոգման առաջատար մեխանիզմներ, ստեղծել նոր գործարար կապեր և վերոհիշյալով պայմանավորված նպաստել Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը։

Ֆորումի ընթացքում իսպանական 8 ընկերություններ ներկայացրեցին իրենց արտադրանքն ու ծառայությունները ջերմատների, պարարտանյութերի, ոռոգման համակարգերի, IoT սենսորների՝ բույսերի համար, հենասյուների՝ խաղողի և այլ այգիների համար, կազմակերպվեցին երկկողմ (B2B) հանդիպումներ։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930