Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, կայացավ լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դատական նիստը, որի ընթացքում պետք է հարցաքննվեին վերջին վկաները:
Այսօրվա դատական նիստին ներկայացել էր վկաներից միայն Կարեն Պալոյանը, որին մեղադրող եւ պաշտպանության կողմերը ուղղեցին իրենց հարցերը: Հարցաքննությունից հետո կողմերը վկայի նախնական եւ այսօրվա ցուցմունքների միջեւ հակասություններ տեսան, ինչի մասին հանդես եկան հայտարարություններով: Այդքանով այսօրվա դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց 2023 թ. հունիսի 28-ին:
Նիստի ավարտին Արմեն Գրիգորյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին ասաց. «Մենք ունենք որոշակի վարկած: Ավելի ուշ կխոսենք, թե առհասարակ ինչ օպերացիա էր կազմակերպվել Արմեն Գրիգորյանի գլխին: Ուղղակի ուզում եմ թարմացնել մեր քաղաքացիների հիշողությունը, որ 2021 թվականի ապրիլին բազմաթիվ եթերներից մեկում արտահայտված խոսքը մեկ էլ միանգամից բոլորը լսեցին 2022 թվականի մայիսին: Ինչո՞ւ: Այսօր հարցաքննելիս մենք լսեցինք, որ մեկ էլ ինչ-որ մարդիկ որոշում են, որ պետք է գնան ինչ-որ մի վայր Գյումրիում, եւ վստահ են, որ Արմեն Գրիգորյանը այնտեղ պետք է լինի: Կրկին ինչո՞ւ: Ո՞վ էր ուղղորդել: Ո՞վ էր ուղղորդել տեսանյութի տարածումը եւ ինչպե՞ս են մեկնաբանել տեսանյութը: Այս ամենը մեր կողմից որոշակի վարկածի հիմք է հանդիսանում: Բայց դրա մասին խոսելը հիմա վաղաժամ է»:
Ռուբեն Մելիքյանը արդար դատավարության ակնկալիքի մասին ասաց. «Արդարության կարեւոր էլեմենտ է հրապարակայնությունը: Այստեղ մենք ունենք հրապարակային դատավարություն: Այս ամենը տեսագրվում է, ձայնագրվում է, լրագրողները ներկա են: Այն մարդիկ, որոնք այստեղ հարցերին պատասխանում են, ոչ միայն օրենքի առջեւ են պատասխանատու, այլեւ՝ հանրային կարծիքի, գուցե նաեւ իրենց խղճի, բայց հանրության առջեւ անպայման: Մենք փորձում ենք եւ փորձելու ենք հարցեր տալու միջոցով հերքել մեղադրող կողմի վարկածը եւ ամրացնել մեր համոզմունքը մեր վարկածի հետ: Բայց երբ դուք խոսում էք արդար դատաքննության մասին, շատ հարցերում մենք շատ լավատես չենք: Բայց կան բաներ, որոնք հիմք են տալու հետագայում, իսկ հետագան ինչ-որ մի օր գալու է եւ հասկանալի է՝ ինչ հետագայի մասին է խոսքը, այս ամենը նայվելու է նոր աչքերով: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի առաջին ատյանի դատարանում, հետո նաեւ վերադաս դատարաններում, որտեղ հնարավոր է, այս վարույթը հայտնվի»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե Արմեն Գրիգորյանի արած արտահայտությունից վիրավորված վկան ինչպե՞ս կարող էր դրանից հետո չվիրավորվել «թուրք» բառը վիրավորական չէ արտահայտություն արած անձից եւ նրա նկատմամբ էլ նմանատիպ որեւէ քայլի չդիմել, փաստաբան Արմեն Մաշինյանը պատասխանեց. «Դատական նիստին լսեցինք, որ վկայի սուբյեկտիվ ընկալումն է դրա վիրավորանք լինելը, որից հետո մեր ճշտող հարցերին նա չկարողացավ հիմնավորել, թե որպես հայ ինչի համար է վիրավորվել եւ թե որպես շիրակցի ինչի համար է վիրավորվել: Ես այն տպավորությունն ունեմ, որ ինքը, ըստ էության հայտարարություններ է արել, որպես վկա հարցաքննվել է, սակայն իր օբյեկտիվ ընկալումը չի ունեցել, ինչը նրան ուղղորդելու մասին եզրահանգման տեղիք է տալիս»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ