Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անտառապետի և անտառապահի անփութության հետևանքով 2000-ից ավելի ծառի ապօրինի հատման դեպքի նախաքննությունն ավարտվել է

Հունիս 19,2023 15:12

Ավարտվել է պաշտոնեական անփութության հետևանքով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարածքում 2000-ից ավելի ծառերի ապօրինի հատումների առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Լոռու մարզի 42-ամյա բնակիչը, 2019 թվականի մարտի 5-ից մինչև 2020 թվականի մարտի 16-ը զբաղեցնելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության անտառապետի, իսկ 2020 թվականի մարտի 16-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում՝ նույն անտառպետության պահաբաժիններից մեկի անտառապահի պաշտոնը, ինչպես նաև՝ նույն մարզի 35-ամյա բնակիչը, 2020 թվականի մարտի 16-ից հունիսի 18-ը զբաղեցնելով նույն պահաբաժնի անտառապահի պաշտոնը, պատշաճ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

Մասնավորապես, հիշյալ անձինք իրենց լիազորությունների շրջանակում, պատշաճ չեն ապահովել նշված պահաբաժնում անտառի պահպանությունը, անտառապետը հիշյալ պահաբաժնի 35-ամյա անտառապահի գործունեության նկատմամբ պատշաճ ղեկավարում և հսկողություն չի սահմանել, ապօրինի անտառհատումները կանխելու ուղղությամբ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չեն կիրառվել, պահաբաժնի տարածքը պատշաճ չեն վերահսկել, այնտեղ տևական ժամանակ շրջայցեր չեն կատարել։

Արդյունքում ինքնությունը չպարզված անձը (անձինք), օգտվելով անտառում հսկողության բացակայությունից, 2019թ․ նոյեմբերի 15-ից մինչև 2020թ․ մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ պահաբաժնի տարբեր անտառամասերից ապօրինի հատել են ընդհանուր 2036 ծառ, որի հետևանքով պետության իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է ընդհանուր 55.914.000 ՀՀ դրամի վնաս:

Նշված անտառխախտումները հայտնաբերվել ու արձանագրվել են պահաբաժնում 2020թ․ մայիսի 15-ից սկսած տարբեր ժամանակահատվածներում կատարված ստուգումների արդյունքում:

Բացի այդ, իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու պատրանք ստեղծելու, պարտականությունները պատշաճ չկատարելը քողարկելու, ինչպես նաև ծառերի ապօրինի հատման արդյունքում պատճառված վնասը չհատուցելու շահագրգռվածությունից ելնելով՝ նշված անձինք կազմել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ «տեղեկատվություն շաբաթական շրջայցերի վերաբերյալ» տեղեկատվություն, որտեղ ներառել են ակնհայտ կեղծ տեղեկություններ 2020թ. մարտի 25-ին և ապրիլի 7-ին հիշյալ պահաբաժնի տարբեր տեղամասերում շրջայցեր իրականացնելու և դրանց ժամանակ ապօրինի ծառահատումներ կամ այլ խախտումներ չհայտնաբերելու մասին։ Բովանդակությամբ կեղծ նշված տեղեկանքը նրանք հանձնել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության անտառապետին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով /համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին/ (պաշտոնեական անփութությունը, որն առաջացրել է ծանր հետևանք) և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասին/ (պաշտոնեական կեղծիքը)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930